«Որ երբեք Հայաստանի Հանրապետությունում կամ որևիցե մի տեղ Մարտի 1 չկրկնվի», - հավելեց նա:
Քաղաքապետարանն արդեն հայտարարել է Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի մրցույթ: Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով: Այն կտեղադրվի Գրիգոր Լուսավորիչ - Զաքյան փողոցների խաչմերուկի մոտակայքում, Մանկական այգու մոտ:
Մրցույթի վերջնաժամկետը հունվարի 15-ն է: Մրցույթի ամփոփումն ու նախագծի հաստատումը ամիսներ կձգվեն: Դեռ հայտնի չէ, թե երբ կտեղադրվի: Մինչ այդ, իր տան բակում հուշաքար է տեղադրել զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը: Այսօր՝ որդու ծննդյան օրը բացման արարողություն էր, մասնակցում էին զոհերի ծնողները, հարազատները:, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ:
Վաչագան Ֆարմանյանն ասաց․ - Միայն իմ որդու համար չէ, նրա հետ ովքեր զոհվել են, տասը հոգին: Գոռ Քլոյանը, Տիգրան Խաչատրյանը, Սամվել Հարությունյանը, Դավիթ Պետրոսյանը և մնացած բոլորը»:
«Դա ամենամեծ ուղերձը և դասը կարող է լինել, որ ամեն անգամ հուշարձանի կողքով անցնելիս մարդիկ մտածեն՝ ինչի՞ համար զոհվեցին մեր երեխաները: Ի՞նչն էր պատճառը, որ պետության ղեկավարության թողտվության պատճառով անմեղ զոհ դարձան մեր էրեխեքը», - ասաց զոհերից Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը:
Հուշաքարի բացման առիթով հավաքված ծնողներն ու հարազատները դժգոհեցին Մարտի 1-ի գործի քննության, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ընթացքից:
Մարտի 1-ին զոհված Հովհաննես Հովհաննիսյանի կինը՝ Լիլիա Մինասյանն ասում է, որ հետընտրական արյունալի իրադարձություններից 11 տարի անց սկսված գործընթացը պետք է ավարտին հասցնել և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել․ - «Ու շատ կխնդրեինք, որ արագացնեին մեր դատերը: Որովհետև 11 տարի լռելուց հետո հիմա էս ձև խամաճիկների հետ գործ ունենալը ոնց որ ձեռ առնելիք լինի: 11 տարի տանջվել ենք, գոնե հիմա իմանանք ովքեր են մարդասպանները, ու պետք ա անպայման պատժվեն: Տասից ոչ մեկին աթոռ պետք չէր: Ումը պետք էր, նա էլ արյուն ա թափել․․․ որ հասնի Սերժին, Քոչարյանին, Աղվան Հովսեփյանին, Կոստանյանին, բոլորին պետք ա բերեն»:
Դատավարության ընթացքից դժգոհ է նաև Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նախկին պատգամավորի խոսքով, Մարտի 1-ի բացահայտման համար փաստերի պակաս չկա, բայց հապաղում են իրավապահները․ - «Երեկ մի տես կարդացի․ Նյուրնբերգյան դատավարությունը, որ տասնյակ մարդկանց դատեցին, և մարդկության դեմ կատարված լուրջ հանցագործություն էր էդ ամենը, այդ ամբողջ գործընթացը տևել է 9 ամիս: Հայաստանում Մարտի 1-ի դատավարությունը շատ ավելի հեշտ է՝ փաստերի առումով, վկաների առումով, նյութերի առումով, կեղծիքների առումով: Շատ դանդաղ է գնում»:
Արամ Մանուկյանի տպավորությամբ՝ Քոչարյանի թիմն է ձևավորում դատավարության օրակարգը և միտումնավոր ձգձգում: