Հոնկոնգում այսօր տեղական ընտրություններ են: Դրանք անցկացվում են շուրջ կես տարի տևող բողոքի զանգվածային ակցիաներից հետո:
Ընտրողների մասնակցությունը շատ բարձր է, օրվա ընթացքում քվեարկել է մոտ 3 միլիոն 900 հազար ընտրող:
Այս ընտրությունները համարվում են քաղաքական լուրջ քննություն Հոնկոնգի վարչակարգի գործադիր ղեկավար Քերի Լամի համար:
Երբեմնի բրիտանական տարածք Հոնկոնգը Չինաստանում ունի հատուկ քաղաքական կարգավիճակ:
Հոնկոնգում բողոքի զանգվածային միջոցառումներ են սկսվել այն բանից հետո, երբ տեղական օրենսդիր մարմինը փորձել է անցկացնել արտահանձնման մասին օրինագիծ, որը թույլ կտար մեղադրյալներին դատավարության նպատակով ուղարկել Չինաստան:
Հետզհետե այդ բողոքի ակցիաների ընթացքում Հոնկոնգի բնակիչներն առաջ են բերել դեմոկրատիայի պաշտպանությանն ուղղված այլ պահանջներ:
Վերլուծաբանների համոզմամբ, այդ ընդվզումը դարձել է լուրջ սպառնալիք Չինաստանի նախագահ Սի Ծինպինի համար:
Պաշտոնական Պեկինն այս ամիսների ընթացքում մշտապես պնդել է, որ չի ցանկանում միջամտել Հոնկոնգի ներքին խնդիրներին, սակայն որևէ պարագայում չի հանդուրժի գործողություններ, որոնք կհակասեն «երկու համակարգ մեկ պետություն» սկզբունքին: