Մատչելիության հղումներ

Վարչապետը հանդիպել է Իտալիայի արտաքին առևտրի գործակալության ղեկավարության հետ


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանի կառավարության նպատակը երկրում բիզնես գործունեության համար եվրոպական չափանիշներին համահունչ տնտեսական և օրենսդրական միջավայրի ձևավորումն է և դեպի եվրասիական շուկա ազատ, անսահմանափակ մուտքի ապահովումը: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Հռոմում հանդիպելով Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին առևտրի գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ICE-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Լուոնգոն։

Վարչապետը կարևորել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության ղեկավարության հետ հանդիպումը՝ երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու համատեքստում, ինչի համար ձևավորվել են լավ հիմքեր։ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և ընթացիկ տարում տնտեսական կապերի զարգացման լավ դինամիկան, ինչի մասին են վկայում իտալական կապիտալի ներգրավվածության ընդլայնումը Հայաստանում, երկկողմ առևտրաշրջանառության աճը, նաև 2020 թվականի հունվարից Երևան-Միլան-Հռոմ չվերթների գործարկումը, որը կնպաստի զբոսաշրջային և բիզնես կապերի զարգացմանը։

Կարլո Ֆերոն նշել է, որ իտալական կողմը բավական հետաքրքրված է Հայաստանի հետ գործարար համագործակցության զարգացմամբ, տպավորված է բիզնեսի ոլորտում արձանագրվող աճով և պատրաստ է քննարկել համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները։ Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունը՝ նշելով, որ այն մասնագիտացած է իտալական ընկերությունների միջազգային գործունեությունը խթանելու գործում։ Նա արդյունավետ է համարել այս տարվա հունիսին Երևանում և երեկ Միլանում հայ-իտալական գործարար համաժողովների անցկացումը և առաջարկել քննարկել ֆորումների արդյունքների կապիտալիզացման հնարավորությունը։

Փոխգործակցության զարգացման համատեքստում զրուցակիցները հետաքրքրական են համարել զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, գյուղատնտեսության, ագրոտուրիզմի ոլորտներում համատեղ ծրագրերը և մտքեր փոխանակել դրանց իրականացման հեռանկարների շուրջ։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կարլո Ֆերոյին համագործակցելու պատրաստակամության համար, առաջարկել նրան Հայաստանում առկա հնարավորությունները ներկայացնել իտալական ներդրողներին, ինչպես նաև հրավիրել Հայաստան՝ տեղում ծանոթանալու երկրին և առկա հնարավորություններին։

Երկուստեք կարևորվել է զբոսաշրջային բիզնեսում ներգրավված ՓՄՁ-ների միջև փորձի փոխանակումը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հետագա անելիքների և կոնկրետ ծրագրերի շուրջ քննարկումները շարունակել Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների և Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության մակարդակով։

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին, հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG