Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
ԱԱԾ քննչական դեպարտամենտում հոկտեմբերի 26-ին հարուցված վերոհիշյալ գործը, քրեադատավարական նորմերի խստիվ պահպանմամբ, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով նոյեմբերի 12-ին փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության նախաքննությունը շարունակելու համար։
Նշենք, որ ըստ ԱԱԾ ձեռք բերված փաստական տվյալների՝ Հայաստանի երկու քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեք տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի քաղաքացիների կողմից: