Մատչելիության հղումներ

Միասին 60 հազար դրամ թոշակ ստացող զառամյալ քույրերը զրկվել են 18 հազար դրամ նպաստից


88-ամյա Բավական Ոսկանյանը Վանաձորի իր բնակարանում ընկել, ծունկն ու կոնքոսկրը կոտրել է ու մնացել 93-ամյա քրոջ՝ Վերգինեի հույսին։

Անդամալույծ դարձած տարեց կինը Վանաձորի տնակային ավանում կողպել է իր ցուրտ ու անբարեկարգ տնակն ու 93-ամյա քրոջ տուն տեղափոխել իրերը՝ առաջին հերթին տասնյակ սրբապատկերներն ու Աստվածաշունչը։

Գրեթե մեկ դար ապրած քույրերը ժառանգներ չունեն։ Երկուսով միասին մոտ 60 հազար դրամ կենսաթոշակ են ստանում։ 2014 թվականից տնակային ավանի բնակիչ համարվող Բավական Ոսկանյանը զրկվել էր աղքատության նպաստից, քանի որ, ինչպես իրենք են ասում, սոցիալական ծառայության աշխատակիցները նկատել էին, որ հաճախ փակում է տնակի դուռն ու գիշերում ավագ քրոջ՝ Վերգինեի բնակարանում։

«Ջուր չկար, գազ չկար, ջուր չկար, հնարավոր չէր էնտեղ ապրել», - բողոքում է տարեց կինը:

Տարիներ առաջ զառամյալ քույրերը հաշտվել են ամսական 18 հազար դրամի կորստի հետ, շարունակել են ապրել կենսաթոշակով ու Վերգինե Ոսկանյանի ամսական 18 հազար դրամ նպաստով։

Իսկ անցած ամիս, երբ լրացել է սոցիալական ծառայություն նոր փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը, 93-ամյա կնոջ ներկայացրած տվյալները համարել են կեղծ ու նրան զրկել նպաստից․ - «Ասում ա՝ քույրդ քեզ հետ ա ապրում, եթե քիրդ առանձին ըլի, դու կստանաս: Բայց հիվանդ կնիկ ա էն մարդը, ո՞նց ես նրան բրախեմ»:

Սոցիալական ծառայությունում պարտադրում են տվյալների մեջ շեշտել, որ անկողնային վիճակում գտնվող 88-ամյա Բավական Ոսկանյանը ոչ թե իր հաշվառման վայրում՝ տնակում է ապրում, այլ քրոջ, Վերգինեի բնակարանում։

Մինչդեռ Ոսկանյան քույրերը մտավախություն ունեն, որ դուրս կմնան տնակային ավանի բնակիչների և բնակարանի կարիք ունեցողների ցուցակներից։ Անօգնական քույրերին նամակագրության հարցում օգնում է վանաձորցի իրավապաշտպան Գևորգ Մանուկյանը։ Նա կասկածներ ունի, որ քաղաքային իշխանությունները պարտադրում են ծեր կնոջը դուրս գալ իր հաշվառման վայրից, որպեսզի հանեն բնակարանի կարիք ունեցողների ցուցակներից․ - «Պետական մարմինները էդպես չպիտի աշխատեն: Ամեն մի քաղաքացի պետք է նրանց համար լինի հոգածության, սիրո [առարկա]: Մանավանդ ծեր տարիքի մարդկանց նկատմամբ պիտի առանձնահատուկ ջերմ վերաբերմունք լինի: Սա՞ է ջերմ վերաբերմունքը: Ի վերջո, օրենքի պիտի մարդուն ծառայի, ոչ թե մարդը օրենքի զոհ դառնա»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանել են՝ պնդելով, որ մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում համապատասխան մարմիններին տեղեկացնել այդ մասին։

Ձմռան շեմին 18 հազար դրամ եկամտից զրկված վանաձորցի տարեցները, մինչդեռ իրենց մտավախությունները փարատում են միայն աղոթքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG