1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով Հայաստանի կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշում:
Ըստ հիմնավորման՝ բազմաթիվ փախստականների բնակարանային հարցերը դեռևս մնում են չլուծված: Կառավարության 2004 թվականի որոշմամբ հաստատված Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովության առաջնահերթ ծրագրի իրականացման նպատակով 2005-ից պետբյուջեում նախատեսվել են համապատասխան միջոցներ: 2009 թվականից հետո ծրագրի իրականացման համար պետբյուջեում գումարներ չեն նախատեսվել:
2013-ի տվյալներով՝ ծրագրի շրջանակում հաշվառվել է 895 ընտանիք, որից 641-ը Երևանում և 254-ը մարզերում համարվել են առաջնահերթ կարիքավորներ:
Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը՝ նպատակահարմար է համարվել նրանց բնակարանային ապահովության խնդիրը լուծել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության և փուլերի` մշակելով առանձին համապատասխան ենթածրագրեր:
Այսպիսով, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախատեսվում է լուծել 112 ընտանիքների 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրը. հաստատվել են բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը և պայմանները: Այդ նպատակի համար կհատկացվի շուրջ 1,5 մլրդ դրամ: Վկայագրերի տրամադրումը նախատեսվում է իրականացնել այդ ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով: Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը կսահմանվի 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Այդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար նախատեսվում է առաջին փուլում առաջնորդվել ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների, ինչպես նաև ընդգրկել մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է. - «Այս պարտավորությունը պետությունը ստանձնել է շատ վաղուց, և փաստացի 10-11 տարի որևէ քայլ այս ուղղությամբ չի իրականացվել: Սա առաջին քայլն է: Ես նույնպես հանդիպել եմ այդ ընտանիքների ներկայացուցիչների հետ. նրանք բավական ծանր պայմաններում են ապրում: Կարծում եմ՝ փուլ-փուլ այս բոլոր խնդիրները պետք է լուծենք, այսպես ասած, հին պարտքերը մենք պետք է անպայման մարենք»: