ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակներում նախ նշեց, թե ինչին են վերաբերում այն 5 քրեական գործերը, որոնցով անցնում է ինքը։
Մինասյանը նշեց, որ դրանք հիմնականում առնչվում են իր՝ նախարար եղած տարիներին, հատկապես բնապահպանության նախարար եղած ժամանակ մի շարք թույլտվությունների, որոնք որպես քաղաքականություն իրականացնող պատասխանատու մարմնի ղեկավար ձեռնարկել է, մեկ այլ դրվագով անձի է աշխատանքից ազատել, ով քրեական գործով է անցնում։ Հարցին, թե բացառում է, որ իրեն էլ կարող է մեղադրանք առաջադրվել, նա պատասխանեց. «Թեև ներկայումս մեր երկրում ոչինչ բացառել հնարավոր չէ, այդ թվում՝ օրենքը ոնց ուզենան՝ կմեկնաբանեն, բայց ես համոզված եմ, որ չկա այդպիսի մի գործողություն, արարք, նաև չկա այսօր մեր պետական իշխանության մեջ գտնվող անձ, ով կարող է ինձ մեղադրանք ներկայացնել ոչ թե այն պատճառով, որ ես ամենան եմ, այլ որովհետև իմ գործողություններն ամբողջությամբ ունեցել են հանրային, պետական շահ»։
Ըստ նրա, ինքը միշտ օրենքի տիրույթում է եղել, իր գործողություններն ու որոշումներն էլ երկրին միայն օգուտ են բերել, ինքը այն պաշտոնյաներից է եղել, որ կարողանում է հանգիստ քնել։
Դիտարկմանը, որ Վերահսկիչ պալատը 2009-ին զեկույց էր հրապարակել, ըստ որի մանկատների երեխաներին հատկացվել են այնպիսի բնակարաններ, որտեղ հնարավոր չէ ապրել, իսկ 2003-2008 թթ. այդ ժամանակ դաշնակցական Աղվան Վարդանյանն է եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Մինասյանն էլ փոխնախարար է եղել 2005-2007թթ., նա արձագանքեց, որ Դաշնակցություն կուսակցությունը որևէ գործի մեջ չի կարող ներքաշվել.
«Մարդիկ չեն պատկերացնում Դաշնակցության՝ իբրև համահայկական կուսակցության նշանակությունն ու դերը, անգամ չպատկերացնելով՝ իրենց թվում է, որ Դաշնակցությունը մեկ անձ է այնտեղ նստած, չպատկերացնելով գաղափարախոսությունը, մեծ, հզոր կառույց լինելը, անտրամաբանական, անհիմն կասկածներ ու մեղադրանքներ դրսևորվում են»։
Նա վստահաբար պնդեց, որ ՎՊ այդ զեկույցը, ինչպես նաև այլ զեկույցների մեծ մասը, որոնք վերաբերում են թե այն ժամանակվա, թե հետագա կառավարման տարիներին տարբեր մարմիններին ներկայացվող մեղադրանքներին, պարզապես հայտարարություններ են։
«Այս մասով իրականացվել են ուսումնասիրություններ, տրվել են պարզաբանումներ, որևէ խոչընդոտ չկա, եթե որևէ մարմին ուզում է վերաբացել այդ գործը։ Ես վստահ եմ՝ թե այն ժամանակ, թե ինձնից հետո էլ, առաջ էլ, որքան Դաշնակցության ներկայացուցիչն է նախագահել, այս ոլորտը միայն զարգացում է ունեցել», - ասաց նա։
Ամփոփելով Մինասյանը շեշտեց՝ բացառում է, որ իրեն կամ ՀՅԴ որևէ անդամի կարող է հիմնավոր մեղադրանք առաջադրվել. - «Իհարկե ես բացառում եմ, բայց եթե մարդիկ ուզում են օրենքը շարադրել կամ վերաձևել այնպես, ինչպես իրենք են ցանկանում, ցանկացածին կարող են մեղադրանք ներկայացնել, ինչպես որ այսօր մի շարք դեպքերում ունենք. օրենքը խախտելով, սահմանադրական նորմերը խախտելով՝ մարդկանց ձերբակալում են, կալանավորում են, մեղադրանքներ են անհիմն հնչեցնում», - հայտարարեց նա։
ՀՅԴ ներկայացուցչի խոսքով, հակադարձ բողոքարկումներ էլ լինում են, բայց սա խարան է բերելու մեր երկրի իրավական համակարգին։