Հոբելյանը նախ նշանավորվեց մեկ շաբաթ առաջ Մոսկվայի կոնսերվատորիայում կայացած համերգով, իսկ նոյեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Հախնազարյան» տրիոյի մասնակցությամբ: Համերգը կղեկավարեն Էդվարդ Թոփչյանն ու Տիգրան Հախնազարյանը:
«Նոյեմբերի 11-ին Մոսկվայում եղավ համերգ, որտեղ մի քիչ ուրիշ էր ծրագիր էր: Տրիոյի ծրագիրը նույն մասն էր, նույն գործերն էին, ինչ որ Երևանում ենք կատարելու: Իսկ առաջին բաժնում ես ու Գայանեն նվագեցինք Բաբաջանյանի ջութակի սոնատը, և Գայանեն Նարեկի հետ նվագեց պիեսներ, որոնք գրված են օրիգինալում ջութակի համար, բայց Նարեկը, որպես ինձ նվեր, այդ ջութակի պիեսները թավջութակի վրա կատարեց: Տիրոյի ծրագրում են լինելու են Դվորժակի գործերը, Մենդելսոնի գործ է լինելու, լինելու է Ռախմանինովի էլեգիական տրիոն, Կոմիտասի պեսներն են լինելու», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ներկայացրեց Սուրեն Հախնազարյանը:
Ինչպես Մոսկվայում կայացած համերգին, այնպես էլ Երևանում կայանալիք համերգին փաստորեն մասնակցում է Հախնազարյան ողջ ընտանիքը՝ ջութակահար Սուրեն Հախնազարյանը, նրա տիկինը՝ դաշնակահար Գայանե Հախնազարյանը և նրանց որդիները՝ արդեն իսկ աշխարհի լավագույն բեմերը նվաճած թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ՝ եղբոր՝ դիրիժոր Տիգրան Հախնազարյանի հետ:
Նոյեմբերի 22-ին կայանալիք համերգի առաջին բաժնում կհնչի կամերային ծրագիր՝ Հախնազարյանների կատարմամբ, իսկ երկրորդ բաժնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Նարեկ Հախնազարյանն ու ջութակահար Խաչատուր Ալմազյանը: Կհնչեն Սեն-Սանսի «Մուսան և պոետը» և իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Ջովանի Սոլլիմայի «Tarantulae Cadenzas» ստեղծագործությունները:
Ի դեպ, Սոլլիմայի այս ստեղծագործությունը առաջին անգամ է հնչելու Հայաստանում, ավելին՝ այն գրվել է հենց Նարեկ Հախնազարյանի պատվերով:
«Տոնական ծրագիր է, շատ համապատասխանում է այն առիթին, որի կապակցությամբ ելույթ ենք ունենալու», - ասաց ջութակահար Խաչատուր Ալմազյանը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը հավելեց․ - «Մենք հավաքվել ենք հիմա Սուրեն Հախնազարյանի հոբելյանի շուրջը: Դրա համար մենք մտածեցինք, որ ճիշտ կլինի, որ գոնե այդ սեղմ երկու բաժնում ներկայացնենք այն, ինչ հնարավոր է: Գիտեք, որ տարիներ շարունակ կա իրենց տրիոն: Իրոք կարողանանք այդ երկու բաժիններում 70 տարվա փորձառությունից մի-մի պուճուր հատված մեջբերենք»:
Նարեկ Հախնազարյանի հավաստիացմամբ՝ առաջիկա համերգն իր բոլոր մասնակիցներով կարելի է մի մեծ ընտանիքի համերգ կոչել․ - «Այս համերգը ամբողջովին կազմակերպված է, և բոլոր ուժերը այս համերգի մի մեծ ընտանիք է՝ մեր ընտանիքը, որովհետև մաեստրո Թոփչյանն էլ մեր ընտանիքի անդամ է»:
Ի դեպ, հոր 70-ամյա հոբելյանը, որը լրացել է նոյեմբերի 13-ին, Նարեկ Հախնազարյանը յուրովի է շնորհավորել:
«Ֆեյսբուքում տեղադրել էր իր կատարումը Happy Birthday-ի և նենց հոգով էր նվագում: Եվ հետո բառերով ասեց շատ ջերմ», - պատմեց Սուրեն Հախնազարյանը: