Բայց, ինչպես պատգամավոր Սուրեն Գրիգորյանը բացատրեց, եթե քրեական հեղինակության հետ կապը երկար տարիների պատմություն ունի, ապա չի կարելի արգելել շփումը:
Իշխանական պատգամավորը միևնույն ժամանակ անըդնունելի է համարում, երբ երկրի ղեկավարը քրեական հեղինակությունների հետ խնջույքների է մասնակցում, բերելով նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավարի Սերժ Սարգսյանի օրինակը․ - «Բոլորս գիտենք չէ, որ տարբեր պետական իշխանության գտնվող անձինք հաճախ հանդիպում էին ընդհանուր խնջույքների ժամանակ: Էդ վիդեոները բոլորս հիշում ենք չէ՞, որ կային քրեական աշխարհի հեղինակությունների հետ, որ բոլորը գիտեն, որ նրանք այդպիսի կարգավիճակ ունեն: Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ առնվազն մի տեսանյութը ես եմ հիշում»:
«Ազատության» հարցին, թե կարող է արդյոք բացառել, որ այսօրվա իշխանության որևէ ներկայացուցիչ որևէ կապ չունի քրեական հեղինակությունների հետ, Գրիգորյանը պատասխանեց․ - «Այո, ես բացառում եմ, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը կապեր ունենա քրեական հեղինակությունների հետ՝ որպես քրեական հեղինակություն և այդ հարաբերությունների շրջանակում: Այսինքն, եթե, օրինակ, այնպես է ստացվել, որ կա անձնական բնույթի հարաբերություններ երկար տարիներից եկող, չի կարելի մարդուն ասել՝ իրար փողոցում որ տեսնում եք, ճանապարհը փոխեք: Բայց երկրի նախագահը մի քիչ ավելին է, քան պետական պաշտոնյա: Եթե լինի երկրի նախագահ․․․ եթե ես մի օր լինեի երկրի բարձրագույն ղեկավարը, այո՛, կդադարեցնեի շփումներն առնվազը հրապարակային շփումները այդ մարդկանց հետ, որպեսզի մարդկանց մոտ սխալ տպավորություն չստեղծվի»:
Լրագրողները հիշեցրին սակայն, որ իշխող «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը, օրինակ, քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկին ազատ արձակելու համար համար երաշխավորագիր էր ներկայացրել:
Միքայելյանի գործընկեր Գրիգորյանը իբրև հակափաստարկ բերեց իր գործընկեր, կրկին «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի օրինակը, ով վերջերս երաշխավորություն էր ներկայացրել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ազատ արձակման համար:
Լրագրողները զարմացան․ ինչպե՞ս է պատգամավորը Նորատուսցի Ալիկին համեմատում Արսեն Բաբայանի հետ:
«Ոչ վաղ անցյալում մեր գործընկեր Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել երաշխավորության պարոն Բաբայանի կալանքի խափանման միջոցը փոխելու: Դա չի նշանակում, որ պարոն Գաբրիելյանը դրական է վերաբերվում պարոն Բաբայանի կողմից ենթադրաբար կատարված արարքներին: Թացը չորից պետք է տարբերել», - նշեց Գրիգորյանը:
Հիշեցնենք, երեկ իշխող մեծամասնությունն առաջին ընթերցմամբ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը և հարելը քրեականացնելու օրինագիծը, որին դեմ քվեարկեց ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը»: ԲՀԿ-ական պատգամավորներն իրենց ելույթներում նշում էին, որ օրինագիծը կամայակությունների տեղիք է տալիս, մինչդեռ մարդուն պետք է պատժել կատարած արարքի համար:
Այսօր, ի դեպ, ճեպազրույցներին մասնակցող ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ասաց, որ իրենց գործընկեր Վարդան Ղուկասյանի հնչեցրած միտքը, թե «ամենախելոքը օրենքով գողերն են», իրենց դիրքորոշման հետ կապ չունի: Ավելին՝ պարզվում է, որ Գյումրու նախկին քաղաքապետը կատակ է արել․ - «Պարոն Ղուկասյանը հայտարարությունից հետո ևս մեկ անգամ շեշտել է, որ դա Գյումրվա կատակ է»:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել օրինագծին, սակայն, ինչպես պարզաբանեց խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, իրենք դրան դեմ չեն, պարզապես օրինագծում տեղ գտած որոշ դրույթներ շատ ընդհանրական են, և պետք է մինչև 2-րդ ընթերցում հստակեցումներ արվեն․ - «Մենք բարձրաձայնել ենք մի քանի մասով, որ միայն այս օրինագծով խնդիրը չի լուծվում: Այստեղ մեծապես ունենք վստահության խնդիր: Երկրի, օրինապահ մարմինների, քաղաքացու իրավունքները և շահերը պաշտպանող նոր ոստիկանի կերպարի ձևավորումը, որպեսզի հանրության և երիտասարդության մեջ ոստիկանը ևս լինի օրինակելի»:
Հավելենք, որ Քրեական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների համաձայն, Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով: Եթե նույն արարքը կատարվել է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից, Զինված ուժերում, անչափահասի ներգրավմամբ և այլն, ապա ավելի խիստ պատիժ է սահամանվում՝ 8-12 տարվա ազատազրկում:
Ի դեպ, Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով քրեական պատիժ է սահմանվում նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Այս դեպքում էլ նախատեսվում է 4-8 տարվա ազատազրկում: Քրեական պատիժ է սահմանվում նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով օգուտ ստանալու համար: Այսինքն, քրեական հեղինակությանը դիմելը նույնպես կպատժվի՝ այս դեպքում 3 տարվա ազատազրկմամբ ։
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մասին իրավապահ մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից՝ եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: