Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը Դոհայում մասնակցել է Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Պաշտոնական այցով Կատարում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում մասնակցել է հեղինակավոր Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին (WISE2019)։

Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովը միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է կրթության վերափոխումը նորարարության միջոցով, կրթության նոր մոտեցումների խթանումը և համաշխարհային կրթական հրատապ խնդիրների դիմագրավման նոր եղանակների ուսումնասիրությունը: Այն ստեղծագործական մտածողության, քննարկումների և նպատակային գործողությունների միջազգային բազմոլորտ հարթակ է:

Գագաթնաժողովը Կատարի հիմնադրամի նախաձեռնություններից մեկն է, անցկացվում է հիմնադրամի նախագահ և համահիմնադիր շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հովանավորությամբ՝ սկսած 2009 թվականից։ Գագաթնաժողովի նախկին բանախոսների թվում են եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդը և այլ հեղինակավոր գործիչներ։

Այս տարի գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 երկրների պետական և մասնավոր հատվածի շուրջ 3000 ներկայացուցիչներ, գիտնականներ, փորձագետներ, հետազոտողներ։

Ելույթ ունենալով համաժողովում, Արմեն Սարգսյանը կարևորել է կրթությունը՝ տաղանդը գտնելու իր կարևոր առաքելությամբ:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ եթե նույնիսկ մարդը հաջողակ, տաղանդավոր և հզոր է, երբեք չպետք է մոռանա, որ իր շուրջը կան հազարավոր, միլիոնավոր մարդիկ, որոնք հասանելիություն չունեն նույն տեխնոլոգիաներին, տեղեկատվությանը: Ուստի, երբեք չպետք է մոռանալ մյուսների մասին: «Հանճարները չեն ծնվել հարուստ քաղաքներում, նրանք ծնվել են փոքր գյուղում՝ քիչ հայտնի վայրում: Պարտականություն ունեք միշտ հիշել այդ ամենի մասին», - ասել է նա:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ մեր կանքի նոր խթանիչ ուժը պետք է լինի այն, որ երիտասարդները հավատան իրենք իրենց: «Դուք պետք է հավատաք, որ կարող եք լինել ստարտափ և լինել հաջողակ, քանի որ սա ստարտափերի ժամանակաշրջան է», - ասել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Հավատացեք ինքներդ ձեզ: Արդյոք գիտելիքները, տեղեկատվությունը բավական են: Կարծում եմ՝ ոչ, քանի որ կա մեկ այլ՝ ավելի կարևոր բան՝ ձեր ինքնությունը, ձեր մարդկային արժեքները, հավատը, ձեր մշակույթը: Դուք պետք է ձեր մշակույթը շատ լավ իմանաք: Մենք շատ ժամանակ ենք ծախսում՝ տաղանդը բացահայտելու և դրան աջակցելու համար, բայց նաև պետք է համոզված լինենք, որ, այդ տաղանդը կարող է ավելի հարստանալ մշակույթի, ազգի, ընտանիքի շնորհիվ»:

«Մարդկային էներգիան, տաղանդն ու հանճարը կարող են լինել և՛ արդյունավետ, և՛ ոչ արդյունավետ: Այն, ինչը մեզ պաշտպանում է, մարդկային արժեքներն են, սեփական պատմության, մշակույթի, կրոնի մասին գիտելիքները, ինչը շատ կարևոր է: Ես հավատում եմ, որ կարող ես ապրել անապատում ու ունենալ հաջողակ կյանք, անապատում ստեղծել գիտելիք ու մշակույթ: Սակայն չես կարող կյանք, հաջողություն, գիտելիք ստեղծել բարոյականության և մշակութային անապատում», - շեշտել է Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG