Մատչելիության հղումներ

Խորհրդարանը հաստատեց նվազագույն աշխատավարձի 20-տոկոսանոց բարձրացում նախատեսող օրինագիծը


2015 թվականի հուլիսից ի վեր 55 հազար դրամ կազմող նվազագույն աշխատավարձը 2020 թվականին կդառնա 68 հազար դրամ:

Ազգային ժողովն այսօր միաձայն ընդունեց նվազագույն ամսական աշխատավարձը ավելի քան 20 տոկոսով բարձրացնող օրինագիծը:

2015 թվականի հուլիսից ի վեր 55 հազար դրամ կազմող նվազագույն աշխատավարձը 2020 թվականին կդառնա 68 հազար դրամ:

Թեև նախագծի քննարկման փուլում «Լուսավոր Հայաստանը» ուշադրություն էր հրավիրել փոքր ու միջին բիզնեսի հետ կապված խնդիրներին՝ նշելով, թե աշխատավարձի բարձրացումը կարող է բեռ հանդիսանալ նրանց համար և դրդել կրճատելու աշխատակիցների թիվը, սակայն, ըստ խմբակցության ներկայացուցիչ Արկադի Խաչատրյանի, որոշման դրական կողմերն ավելի շատ են, ուստի իրենք կողմ են քվեարկել:

Արկադի Խաչատրյանի կարծիքով, այս որոշումը կնպաստի, որ աղքատությունը որոշ չափով կրճատվի․ - «Դեռևս այս տարվա ապրիլ ամսին մենք բարձրացրել ենք նվազագույն աշխատավարձի բարձրացմանը հարցը: Այն լուծում է մի շարք խնդիրներ՝ և՛ սոցիալական, և՛ աղքատության կրճատման, նաև նվազագույնի է հասցնում այնպիսի մի արատավոր երևույթ, որը կոչվում է աշխատող մարդու աղքատություն: Չի կարող աշխատող մարդը գտնվել նվազագույն սպառողական շեմից ցածր»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, այս օրինագծի համահեղինակ Վարազդատ Կարապետյանն ի սկզբանե առաջարկել էր նվազագույն աշխատավարձը 63 հազար դարձնել: Նրա խոսքով, հիմնական մտահոգությունները, թե նվազագույն աշխատավարձի բարձրացումը հնարավոր է ազդի մրցունակության վրա, կամ հարկադրի փոքր բիզնեսին կրճատումներ անել, փարատվեցին: Կառավարությունը հետազոտություններ ու հաշվարկներ է արել ու պարզել, որ ոչ միայն 63 հազարը, այլեւ 68 հազարն էլ չի վնասի տնտեսությանը:

«Եվ մենք գնացինք 68 հազարի տարբերակով: Եվ մեր բազմաթիվ շփումները, մոտ 500 ձեռնարկությունների հետ ենք հանդիպել այս երկու-երեք ամիսների ընթացքում, ցույց տվեցին, որ ձեռնարկությունները պատրաստ են բարձրացնել աշխատավարձը՝ երկու դրվագով: Մեկը՝ մենք ունենք բազմաթիվ իրավիճակներ, երբ որ ուղղակի ցածր են ցույց տվել, հիմա իրենք պատրաստ են բարձրացնել, իրական աշխատավարձը ցույց տալ, որովհետև մարդիկ սկսել են վստահել, որ իրենց տված հարկերը նպատակային են օգտագործվում: Եվ մյուսը՝ մարդիկ հակված են իրականում բարձրացնել աշխատավարձը, որովհետև իրենց պատասխանատվությունն են զգում դեպի իրենց հոգատարությունը դեպի այլ մարդիկ», - ասաց Կարապետյանը:

Այս բարձրացումն աննախադեպ է․ նախկինում երբեք նվազագույն աշխատավարձը միանգամից 13 հազար դրամով չի բարձրացվել:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ներկայիս օրենքը ընդունվել է 2003 թվականին: Այն ժամանակ նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամ էր, ապա հետագա 11 տարիների ընթացքում՝ մինչև 2014 թվականը, այն փոփոխությունների է ենթարկվել 10 անգամ՝ գրեթե ամեն տարի բարձրացել է 2500 կամ 5000 դրամով: Միակ բացառությունը, երբ նվազագույն աշխատավարձը միանգամից 10 հազար դրամով բարձրացվեց՝ 2013 թվականին էր:

Նախագահական և Երևանի ավագանու ընտրությունների տարում Սերժ Սարգսյանի իշխանությունը որոշում է նվազագույն աշխատավարձը 35 հազարից դարձնել 45 հազար դրամ:

Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը վերանայվել է 2014 թվակականի դեկտեմբերին՝ սահմանելով, որ 2015 թվականի հուլիսից գումարը կազմելու է 55 հազար դրամ: Վերջին 4 տարիներին որևէ փոփոխություն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում չէր կատարվել:

Վարազդատ Կարապետյանի փոխանցմամբ, կառավարությունը գիտակցում է, որ 63 հազար դրամ նվազագույն աշխատավարձը բավարար չէ աղքատության հաղթահարման համար․ - «Եթե մենք նայում ենք մարդկանց աղքատության հաղթահարման տեսանկյունից, ապա նվազագույն աշխատավարձը պետք է մոտավորապես 120 հազար դրամ լինի: Սա այն նպատակն է, որը կառավարությունը և Ազգային ժողովը, մենք բոլորս ունենք: Բայց մենք հասկանում ենք, որ սա մեկ օրում հնարավոր չի անել: Եվ ամեն տարի մենք կհաշվենք, կհասկանանք գործարարների կարծիքը և պետական բյուջեի բեռը ինչպիսին կլինի, և դրանից ելնելով՝ առաջարկություններ կանենք նվազագույն աշխատավարձի հետ կապված: Քանի որ վերջին չորս տարվա ընթացքում մենք փոփոխություն չենք ունեցել, այս փոփոխությունը շատ տեղին է և հիմնավորված»:

Քաղաքացիները ևս միջինը 120 հազար դրամն են նշում որպես նվազագույն աշխատավարձի ընդունելի չափ, որը կարող է որոշ չափով մեղմել աղքատությունը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG