Մատչելիության հղումներ

Հայ և ադրբեջանցի լրագրողների առաջիկա փոխայցելությունները «պետք է արդյունքներով գնահատել»


«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի կարծիքով՝ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերը Հայաստան և Ադրբեջան, պետք է արդյունքներով գնահատել։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նախատեսվում է մի խումբ հայաստանցի լրագրողների այցը Ադրբեջան՝ «փոխադարձ վստահության քայլերի շրջանակներում»։

«Թուրան» գործակալության տվյալներով՝ հայաստանցի լրագրողները կայցելեն ադրբեջանական մի շարք պետական կառույցներ, հանդիպումներ կունենան փորձագետների հետ: Աղբյուրը նշում է, որ լրագրողների փոխադարձ այցերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ղեկավարների մակարդակով՝ «փոխադարձ վստահություն ստեղծելու հարցով մարդասիրական քայլերի շրջանակներում»:

«Բացի այդ, այդ շրջանակներում պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման շուրջ: Ակնկալվում է, որ դրանից հետո տեղի կունենա ադրբեջանցի լրագրողների այցը Հայաստան», - հայտնել է «Թուրան»-ը:

Հայկական կողմը այս տեղեկատվությունը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է։

Մարդասիրական միջոցառումներ իրականացնելու մասին պայմանավորվել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գարնանը Վիեննայում կայացած հանդիպմանը։

Հայ-ադրբեջանցի լրագրողների փոխայցերի մասին խոսելով, Թևան Պողոսյանն ընդգծում է. «Մի կողմից մեր հայ լրագրողները այցելելով Բաքու կտեսնեն և իրենց աչքերով կպատմեն, ինչը մեր համար դրական կլինի, որ առնվազն կունենանք վստահություն ինչ է կատարվում այնտեղ, ոնց, բայց ամեն ինչ կախված է, լինելու, թե ինչ հանդիպումներ կունենան, ում հետ կհանդիպեն, ինչ կխոսեն: Ինչ էլ լինի, միևնույն է իրենց աչքերով տեսածը մեզ կպատմեն: Դրա հետ միասին ուրախ կլինեմ Ադրբեջանի լրագրողները գան Հայաստան, դրա հետ միասին գնան Ստեփանակերտ, անպայման Արցախը տեսնեն, հասկանան և ամեն ինչը ազնիվ նկարագրեն: Այստեղ գալիս է այդ եթե-ների շարքի մեջ՝ այցելություն եթե լինի և եթե ազնիվ նկարագրեն: Հիմա եթե կնկարագրեն դա էլ ի նպաստ կգնա, որ կլինի հաջորդը, երրորդը, չգիտեմ այդպես շարունակական ինչ-որ այցելություններ, ես մեծ վստահություն ունեմ հայկական մեր լրագրողները, որ ազնիվ ամեն ինչ կանեն, բայց եթե իրենք եկան ու գնացին դրանից հետո հարցեր է լինելու՝ արդյո՞ք խմբագիրները կթողնեն, որ այդ տեղեկությունները լինի, արդյոք ազնիվ կլինեն: Կստանանք լրագրությունը կիմանանք»:

«Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը հիշում է տարիներ առաջ համագործակցությունը ադրբեջանցի լրագրողի հետ, որը տեղի է ունեցել «Հայ-ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության անաչառ լուսաբանում էլեկտրոնային լրատվամիջոցներում» նախագծի շրջանակներում։ Հայ լրագրողը պատմել է Հայաստանում ապրող ադրբեջանցիների մասին, իսկ ադրբեջանցի լրագրողը՝ Ադրբեջանում ապրող հայերի մասին։

Գրիգորյանն ասում է՝ ականատես է եղել, թե ինչպես է ադրբեջանցի լրագրողը տեղեկատվությունը խեղաթյուրում:

«Մեր մասով մենք պահեցինք բոլոր պայմանավորվածությունները և պատմեցինք իրական պատմություններ իրական մարդկանց մասին, որոնք ներառում էին և՛ ֆոտոպատմություններ, մի խոսքով այդ մարդկանց ճակատագրերի մասին էր, թե ինչ եղավ հետո, սակայն ադրբեջանական կողմը խախտեց պայմանավորվածությունը և տուրք տվեց պրոպագանդային: Այսինքն իրենք ոչ միայն չպատմեցին հայերի մասին, այլ մտացածին առանց որևէ լուսանկար, առանց հստակ որևէ ինչ-որ պատմության ամբողջովին մտան իրենց պետական քարոզչության տակ էլի», - ասաց «Մեդիալաբ» կայքի խմբագիրը:

1992-ին այն ժամանակ գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Բլեյանն, ով իր նախաձեռնությամբ, ունենալով 55 պատգամավորի ստորագրությամբ ուղերձ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, կառավարություններին, ժողովուրդներին, ուղիղ երկխոսություն սկսելու, կամուրջներ հաստատելու առաջարկով մեկնել էր Ադրբեջանի մայրաքաղաք, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերին, ասաց՝ կարևորում է նման այցելությունները և որ դրանք շարունակական լինեն:

«Ես չէի ուզենա միջոցառում լիներ, շատ լավ կլինի, որ պետության ղեկավարները պայմանավորված լինեն, դա կխոսի և՛ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, եթե իր մակարդակով է, և՛ Ադրբեջանի նախագահի հասունության, լրջության մասին, որ գիտակցում են, որովհետև կա մի ճանապարհ՝ քաղաքական կարգավորումը, սա ենթադրում է շատ կոնկրետ և հուսալի ամբողջական կամուրջներ, հաղորդակցություն: Հասարակությունը պետք է խրախուսի, այստեղ որևիցե կասկած, եթե պետության ղեկը տվել ենք Փաշինյանի ձեռքը, նշանակում է մենք տվել ենք նաև լիազորություն, այո, կարծում եմ ինքը գտնվում է այնպիսի հսկողության ներքո Հայաստանյան, որ մի քիչ դժվար է պատկերացնել, հակառակը՝ իրենից պետք է պահանջենք, որ ինքը ամբողջ իր իրավասությունները օգտագործի, որովհետև ինքը մանդատ ունի մեր խաղաղ կյանքը հաստատելու», - նշեց Բլեյանը:

XS
SM
MD
LG