Գրեթե երկու տարի է մեր քաղաքի կենտրոնում՝ Աբովյանի անունը կրող պուրակին հարող տարածքում մի հրաշալի շինություն կա, որը կառուցվել է ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագծով՝ Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն թանգարանն է, որն այդպես էլ մինչև օրս դռները չի բացել մեծ գրողի արվեստի երկրպագուների, գիտնականների ու ուսանողների առաջ՝ տարբեր պատճառներով, բայց տպավորություն կա, որ խնդիրն առաջիկայում կհանգուցալուծվի՝ պետությունն ի վերջո գումարներ կհայթայթի մեր քաղաքում առայժմ միակ նմանօրինակ կառույցի գործարկման համար:
Իսկ գումարներն անհրաժեշտ են թե՛ կառույցի ամբողջացման, թե՛ ցուցադրության կազմակերպման, թե՛ կահավորանքի, թե՛ հարակից այգին ամբողջովին և յուրատեսակ ձևով բարեկարգելու, թե՛ շատուշատ այլ աշխատանքների համար:
Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան ձեռագրատան՝ Մատենադարանի դահլիճում տեղի ունեցավ Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանի Էսքիզ հայեցակարգի շնորհանդեսը, որը վարում է գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը:
Մինչ շնորհանդեսի մեկնարկը «Ազատության» հետ զրույցում նա ներկայացրեց․ «Շնորհանդեսը անում ենք շատ պարզ գործնական նպատակով, սեպտեմբերի 18-ին վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը վարչապետը հանձնարարեց մշակույթի, գիտության, կրթության նախարարին խորհրդակցելով մեզ հետ, քաղաքապետի հետ և պատկան շահագրգիռ այլ կողմերի հետ, քննարկել և ներկայացնել առաջարկություններ: Դրան հաջորդել էր իմ խոսքը, որով ես հանձն էի առել էսքիզ-նախագիծ ներկայացնել, հիմա նամակ գրեցինք ամսի 30-ին, նամակն ուղղված է մշակույթի կրթության նախարարին՝ ասելով, որ պատրաստ է, պատրաստ ենք ցանկացած օր գալ և Ձեզ շնորհանդեսել սա, իսկ եթե ոչ, համեցեք նոյեմբերի 16-ին Մատենադարանում կայանալիք հայեցակարգին: Հրավերներ եմ ուղարկել վարչապետին, նախարարին, փոխնախարարներից մեկին, տարբեր պատգամավորների, որևէ մեկից հաստատական առաջարկ չեմ ստացել»:
«Ազատության» հարցին, թե սա էսքիզ-նախագի՞ծն է, պատասխանեց․ «Այո, հենց էդ էսքիզ-նախագիծն է, որ մենք հանձն էինք առել ներկայացնել, հիմա մենք ներկայացնում ենք, ցանկացած պահի պատրաստ ենք ներկայացնել վարչապետին և նախարարին: Իրենք բիզնես-նախագիծ էին ուզում, այստեղ կա նաև բիզնես-նախագծի տարր, այսինքն մենք ապացուցում ենք, որ սա սոցիալական բիզնես է և սա ունի բոլոր հիմքերը լավ աշխատող, որակյալ թանգարան, կենտրոն լինելու համար: Սպասում ենք արձագանքների, որոնք չկան այժմ»:
Ցուցադրության դիզայներ, մասնագիտությամբ ճարտարապետ Վահագն Այվազյան էլ համոզված է․ «Շատ լավ բան է մտածված: Ցանկություն կա, որպեսզի երրորդ հարկը կառուցվի, ոնց որ նախագծում եղել է ի սկզբանե և չի կառուցվել: Դա հնարավորություն կտա երկրորդ հարկը, որը այսօր տարածքի կեսը զբաղված է ադմինիստրատիվ սենյակներով և դրա պատճառով կտուժի ամբողջ ցուցադրությունը, ադմինիստրացիան բարձրացնել վերև, իսկ երկրորդ հարկը տալ հիմնական ցուցադրությանը»:
Ցուցադրության համակարգող՝ Գրականության և արվեստի թանգարանի գիտքարտուղար Մարինե Հարոյանի խոսքով էլ այս թանգարանն իրոք մի բացառիկ մշակութային կենտրոն կարող է դառնալ:
«Էն պատկերացումները, որոնք մենք ունենք ավանդական թանգարանի մասին, էդպիսի ցուցադրություն ավանդական չի լինելու, այն մասում՝ երկրորդ հարկում, որտեղ մենք պատկերացնում ենք, որ պիտի լինի ցուցադրությունը, երկրորդ հարկը ամբողջովին մենք երկու զոնայի ենք բաժանում, որից մի կիսագնդում, էսպես ասենք, քանի որ կլոր է շենքը, լինելու է Մաթևոսյանի կյանքին և նրա ստեղծագործությանը նվիրված ցուցադրություն, մի մասը լինելու է բաց ընթերցասրահ, գրադարան-ընթերցասրահ: Ցուցադրությունը, նորից ասեմ, որ չի լինելու դասական ցուցադրություն, ես էնտեղ պատկերացնում եմ երկու լաբիրինտ․ մեկը լինելու է Մաթևոսյանի կյանքի լաբիրինտը, մյուսը լինելու է նրա գրական ստեղծագործության լաբիրինտ», - նշեց Հարոյանը: