Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղար․ Արտախորհրդարանական ուժերը պառակտում են մտցնում հասարակությունում


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

«Արտախորհրդարանական ուժերը չարաշահում են ժողովրդավարության ընձեռած հնարավորությունները, պառակտում են մտցնում հասարակությունում և խնդիրներ են ստեղծում», - այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Գրիգորյանը օրերս հանդես եկավ հրապարակմամբ՝ Civilnet պարբերականում գրելով․ - «Աշխարհի մի շարք երկրներում ժողովրդավարությունն անկում է ապրել, քանի որ ժողովրդավարական ուժերը բավարար ջանք չեն գործադրել ժողովրդավարությունը պաշտպանելու համար: Հակաժողովրդավարական ուժերը ժողովրդավարության տված հնարավորություններն օգտագործել են հակաժողովրդավարական արժեքներ տարածելու, հանրային համերաշխությունը խաթարելու, իսկ այնուհետև ավտորիտար կամ տոտալիտար համակարգ ստեղծելու համար։ Պատմությանը հայտնի են ժողովրդավարության մի շարք անկումներ։ Դրա ցայտուն օրինակ է Վայմարյան հանրապետության անկումը և Հիտլերի իշխանության գալը»։

«Սա նոր իրավիճակ է, և մենք պետք է ընդհանրապես ավելի շատ խոսենք մեր ժողովրդավարության և՛ զարգացման, և՛ կայացման, և՛ պահպանության մասին: Ես ոչ թե խնդիր եմ տեսնում, որ այդ ուժերը իշխանության կգան: Ես խնդիր եմ տեսնում, որ իրենք չարաշահում են և չարաշահելով ժողովրդավարության ընձեռած հնարավորությունը ազատ մամուլի և այլ մասով՝ հասարակությունում պառակտում են մտցնում և խնդիրներ են ստեղծում: Եվ այս առումով մենք քննարկում ենք ծավալում՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք այդ խնդիրներին լուծում տանք: Հոդվածում խոսել եմ նաև, որ այս խնդիրի լուծումը նման է, այսպես ասած, ածելիի սայրով քայլելուն, և շատ նուրբ է այդ սահմանը: Պետք է կարողանանք շատ նուրբ այդ սահմանը պահենք, այդ սահմանով գնալով և՛ ժողովրդավարական սկզբունքները պաշտպանենք, և՛ անվտանգությունը երկրում», - նշեց Գրիգորյանը:

«Ազատության» հարցին, թե կոնկրետ որ ուժերի մասին է խոսքը, նա արձագանքեց․ - «Ես այս պահին չեմ կարող դրանց մասին խոսել: Բնականաբար, դրանք հիմնականում արտախորհրդարանական են: Եվ այսպես ասեմ․ այդ ուժերը հիմնականում ֆեյք հաշիվների և ոչ-հրապարակային հանդես գալու միջոցով են գործում: Այսինքն, կեղծ լուրերը, որոնք տարածում են, դրանց մեծ մասը տարածվում են կեղծ հաշիվներից, և կեղծ հաշիվներում ավելի մեծ ազատություն ունենալով, ավելի բացասական երևույթների տեղիք են տալիս: Դժվար է հաճախ իմանալ, թե այդ ֆեյք հաշիվների հետևում ովքեր են կանգնած, որովհետև տվյալների մասով սահմանափակումներ կան, հաճախ Ֆեյսբուքը տվյալներ չի տրամադրում: Բայց այդ մասով [որ այդ կեղծ հաշիվների հետևում կանգնած են նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչները] որոշակի հիմնավոր կասկածներ են առաջանում»:

«Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի, ու իշխանությունն ունի և՛ լիազորություններ, և՛ պարտավորություններ ժողովրդավարական արժեքները և ինստիտուտները պաշտպանելու համար», - ասաց Արմեն Գրիգորյանը։

«Ազատության» հաջորդ հարցին, թե ինչ են ձեռնարկելու իշխանությունները, նա պատասխանեց․ - «Քայլերը բազմաշերտ են: Չկա մեկ կոնկրետ քայլ, որով կարելի ասել, որ այ, էս քայլը կատարելով մենք բոլոր հարցերը լուծելու ենք»:

Արթուր Սաքունց
Արթուր Սաքունց

«Ազատության» հարցին, թե արդյոք վտանգ չի տեսնում, որ ժողովրդավարությունը պաշտպանելու անվան ներքո իշխանությունները կարող են սահմանափակել մարդու, խոսքի ազատությունները, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատասխանեց․ - «Բազմակարծությունը ժողովրդավարական պետության կարևոր ինստիտուտ է: Բազմակուսակցականությունը ժողովրդավարական պետության կարևոր ինստիտուտ է: Բայց միաժամանակ բազմակարծության պարագայում երբ որևէ կարծիք արտահայտվում է, որը արժեզրկում է հենց ինքնին բազմակարծությունը, նկատի ունեմ, օրինակ, ատելություն, թշնամանք, սպառնալիք անձի կամ անձանց խմբի նկատմամբ, դա պետք է կասեցվի: Այսինքն, խնդիրը վերաբերում է նրան, որ ոչ թե լրատվական միջոցը պետք է կասեցնել, չկա այդպիսի բան, այլ լրատվական միջոցի առանձին հաղորդումը: Եվ դրա համար տարբեր մեխանիզմներ մտածել՝ վարչական, քրեական, քաղաքացիական: Եթե կուսակցությունը գործունեություն է իրականացնում, որի արդյունքում թիրախավորում է որևիցե արժեք, ինքը հենց հակաժողովրդավարական է: Եթե դու քո խոսքը, անհամաձայնությունը կառուցում ես, կամ գործողություններդ կառուցում ես թշնամանքի, սպառնալիքի, ատելության տեսքով, ապա դա անհամատեղելի է ժողովրդավարական պետության համար: Եվ օրենքի ուժով ցանկացած ատելության խոսք պետք է լինի հետապնդելի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG