Մատչելիության հղումներ

Կադիրովն առաջարկում է Չեչնիայից Վրաստան ավտոճանապարհ բացել


Ռուսաստան - Շինարարական աշխատանքներ Չեչնիայի Իտում-Կալե շրջանում, արխիվ
Ռուսաստան - Շինարարական աշխատանքներ Չեչնիայի Իտում-Կալե շրջանում, արխիվ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն առաջարկել է Չեչնիայից Վրաստան ավտոճանապարհ բացել: Այս տեղեկությունը երեկ տարածել են ռուսական բոլոր դաշնային գործակալությունները:

«Չեչենական Իտում-Կալե գյուղից մինչև Վրաստան ընդամենը 40-50 րոպե է: Մենք նախկինում ունեցել ենք այդ ճանապարհը», - լրագրողներին երեկ ասել է Կադիրովը՝ հավելելով, թե դեպի Վրաստան այդ ճանապարհը Հյուսիսային Կովկասը կկապի Թուրքիայի և Եվրոպայի հետ:

Նա խոսել է ոչ միայն ավտոճանապարհի, այլ նաև երկաթգիծ կառուցելու անհրաժեշտության մասին:

Չեչնիայի Իտում-Կալե և Վրաստանի Ախմետա շրջանները կապող մայրուղու շինարարությունն սկսվել էր 1996 թվականին՝ առաջին չեչենական պատերազմից հետո, սակայն 98-ին վրացական կողմը աշխատանքները կանգնեցրել էր:

Կադիրովի խոսքով՝ նոր ճանապարհ կառուցելու առաջարկը պետք է ներկայացնել դաշնային կենտրոն: «Սա չի նշանակում, թե հենց վաղը կսկսենք շինարարական աշխատանքները: Մենք կներկայացնենք նախագիծը Ռուսաստանի տրանսպորտի նախարարություն, կառավարություն և նախագահին», - ասել է Չեչնիայի ղեկավարը:

Ռուսաստանը Վրաստանի և ըստ այդմ Հայաստանի հետ կապող միակ՝ Կազբեկի Վերին Լարսի ճանապարհն այսօր անցնում է Հյուսիսային Օսիայով:

Հիշեցնենք, Ռուսաստանի և Վրաստանի միջև այսօր չկան դիվանագիտական հարաբերություններ՝ 2008 թվականի ռուս - վրացական հնգօրյա պատերազմից հետո, սակայն վերջին տարիներին երկու երկրների միջնորդավորված շփումների օրակարգում է Աբխազիայի տարածքով Ռուսաստանը Վրաստանի հետ կապող երկաթուղային ճանապարհը վերաբացելու հարցը:

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Կադիրովը խոսում է Չեչնիայից դեպի Վրաստան ճանապարհ բացելու անհրաժեշտության մասին: Անցած տարի նա բարձրաձայնել էր երկաթգծի կառուցման անհրաժեշտության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG