Դեսպանատան պաշտոնյաները բնականոն դիվանագիտական գործունեության շրջանակում հանդիպումներ են ունենում տարբեր տեսակետների ու գաղափարների հարող բազմաթիվ քաղաքական կուսակցությունների հետ՝ այսպիսին է ԱՄՆ դեսպանատների աշխատաոճը ամբողջ աշխարհում։ Այդպես պատասխանեցին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատանը «Ազատության» հարցին՝ արդյոք շարունակակա՞ն են լինելու դեսպան Լին Թրեյսիի հանդիպումները Հայաստանի հանրապետական կուսակցության հետ, և ի՞նչ այլ կուսակցությունների հետ է նա ծրագրում հանդիպել:
Հարցին էլ, թե ո՞րն է այդ հանդիպումների նպատակը, և արդյո՞ք դրանք սահմանափակվելու են միայն քաղաքական շրջանակներով, ամերիկյան դիվանագիտական առաքելությունից արձագանքեցին․ - «Դեսպանն ակտիվորեն հարաբերություններ է զարգացնում հասարակության տարբեր օղակների հետ և պարբերաբար հանդիպումներ է ունենում անհատների ու խմբերի, այդ թվում՝ Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, բիզնեսի և լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ։ Բոլոր այս հանդիպումներն օգնում են ավելի լավ ճանաչել Հայաստանը և մեծացնել բոլոր ուղղություններում մեր երկկողմ կապերն առավել խորացնելու ու ընդլայնելու կարողությունը»։
Հիշեցնենք, անցած շաբաթ Հանրապետականի գրասենյակը հաղորդեց, որ կայացել է կուսակցության նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Լին Թրեյսիի հետ՝ ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ:
Դրանից հետո եղան հաղորդագրություններ նաև այլ քաղաքական ուժերի հետ Միացյալ Նահանգների դեսպանի հանդիպումների մասին: