Մատչելիության հղումներ

Հայաստանում 16-րդ անգամ անցկացվում է «Կին» միջազգային կինոփառատոնը


Աշխարհի տարբեր երկրներում կին ռեժիսորների ֆիլմերին նվիրված ավելի քան մեկ տասնյակ կինոփառատոներ կան, և դրանցից մեկն էլ 16 տարի առաջ կինոռեժիսոր Մարիամ Օհանյանի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվածն է՝ «Կին» խորագրի ներքո:

Այս օրերին Հայ բարեգործական ընդհանուր միության դահլիճում ընթանում է «Կին» միջազգային ֆիլմերի 16-րդ փառատոնը, որն արդեն տարիներ շարունակ հայ հանդիսատեսին է ներկայացնում աշխարհի ամենատարբեր երկրներում, այդ թվում և Հայաստանում, կին ռեժիսորների նկարահանած ֆիլմեր: Սա մի հրաշալի հարթակ է նաև կին ռեժիսորների համար փորձի փոխանակման առումով , որովհետև փառատոնի շրջանակներում տեղի են ունենում ոչ միայն ֆիլմերի ցուցադրություններ, այլև քննարկումներ, թեմատիկ կլոր սեղաններ, վարպետության դասեր և այլն:

Այս տարի միջազգային այս կինոփառատոնի ծրագրում ընդգրկված է 65 ֆիլմ 13 երկրներից։ Նոյեմբերի 15-ին հայտնի կդառնան կինոփառատոնի տարբեր անվանակարգերում հաղթած ֆիլմերի և դրանք նկարահանած կինոռեժիսորների անունները, որոնք կընտրվեն կինոփառատոնի միջազգային ժյուրիի կողմից:

«Ազատության» հետ հարցազրույցում «Կին» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Մարիամ Օհանյանն ասաց․ - «Մեր փառատոնի առանձնահատկությունն այն է, որ կարելի է ասել ամեն տարի մենք ստանում ենք ավելի շատ ֆիլմեր, մրցութային ծրագիրը դառնում է շատ ավելի ուժեղ, ավելի հետաքրքիր: Իրականում մրցութային ծրագրում շատ հաճախ մասնակցում են ոչ թե հայտնի դարձած ռեժիսորներ, այլ այն ռեժիսորները, որոնք գտնվում են ճանապարհին: Միգուցե իրենց անունը ոչ մեկին ոչ մի բան չի ասում, բայց նրանց ֆիլմերը շատ լավն են: Դրանք շատ լավ ֆիլմեր են, որոնք հետագայում անպայման կհավաքեն մեծ դահլիճներ: Մրցույթը դա հենց պրոցեսն է, թե ոնց է մարդը դառնում նշանավոր, հայտնի դեմք»:

Անդրադառնալով փառատոնի անցած ճանապարհին՝ Օհանյանը նկատեց, որ փառատոնն էլ, երբ նոր էր իր առաջին քայլերն անում, բնակաբար ճանաչված չէր, բայց տարիների ընթացքում աստիճանաբար փառատոնի գործընկերության շրջանակներն ընդլայնվեցին, և հիմա բազմաթիվ կին կինոգործիչներ մեծ սիրով են մասնակցում և ներկայացնում իրենց ֆիլմերը փառատոնին:

«Շատ մեծ տարբերություն կա», - նշեց նա: - «Այն ժամանակ, երբ որ մենք առաջին փառատոնն էինք անում, մենք արեցինք փառատոն, որը հիմնված էր վերջին տասը տարվա ընթացքում կանանց կողմից նկարահանված ֆիլմերին: Եվ դրանք շատ քիչ էին: Իսկ հիմա արդեն շատ են, արդեն մենք հնարավորություն ունենք ընտրություն անելու»:

Հարցին, թե ինչ խնդիրների են բախվում կին ռեժիսորները Հայաստանում, Մարիամ Օհանյանն արձագանքեց․ - «Մենք այնքան հետ են ընկած ամեն ինչում, որ վիճակը շատ տխուր է: Որովհետև բարդ է ստանալ պետական ֆինանսավորում, այլընտրանքային ֆինանսավորում գոյություն չունի»:

Նա ևս մի կարևոր նկատառում է ներկայացնում՝ կապված առհասարակ կինոռեժիսորի մասնագիտության հետ: Նրա խոսքով, շատ բարդ է պահպանել այդ մասնագիտությունը հատկապես Հայաստանում, հավատարիմ մնալ սեփական կոչմանը․ - «Որովհետև չկա գումար, չկա մշտական աշխատանք: Այսօրվա օրով ամենաբարդ խնդիրներից մեկը նաև այն է, որ մարդիկ չեն կարողանում մնալ մասնագիտության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG