Մատչելիության հղումներ

Ամենավստահելի ինտերնետ ռեսուրսը «Ազատությունն» է, ամենավստահելի ՀԸ-ն՝ «Շանթը»


Ազգային ժողովի նկատմամբ հանրության վստահության մակարդակը բավական ցածր է և զիջում է վարչապետի, նախագահի և կառավարության ինստիտուտի հանդեպ վստահության ցուցանիշներին։ Սա չնայած նրան, որ Սահմանադրությունը փոխվեց, ու Հայաստանի կառավարման համակարգը կիսանախագահականից խորհրդարանական դարձավ։

Նման եզրահանգման է եկել «Իրազեկ քաղաքացիների միավորման» դրամաշնորհային ծրագրով հանրության շրջանում մեդիագրագիտության թեմայով հարցումներ անցկացրած Հասարակական հետազոտությունների առաջատար խումբը (APR Group)։ Վստահության մակարդակով զիջում է դատական համակարգը, դրան հաջորդում է կուսակցությունների ինստիտուտը։

Ամենահամակրելի քաղաքական գործիչն, ըստ հարցումների, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, նրան հաջորդում են նախագահ Արմեն Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Հարցումն անցկացվել է ամռան ամիսներին, և եռյակին հաջորդում է այն ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Հնգյակը եզրափակում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Հարցերից մեկն էլ վերաբերել է ամենահակակրելի գործիչներին։ Ըստ այդմ, հարցվածների մեծամասնությունը հակակրելի գործչի անուն չի նշել, 26 տոկոսը չի սիրում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, նրան հաջորդում են հանրապետականներ Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը։ Չորրորդ հակակրելի գործիչը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որին հաջորդում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որին չի սիրում հարցվածների տասը տոկոսը։

Ինչ վերաբերում է արտագաղթի ցանկությանն, ապա հարցման արդյունքները ներկայացնողները վստահեցրին՝ նախորդ տարիներին անցկացված նման հարցումների համեմատ, դրական միտում կա, այժմ ավելի քիչ թվով քաղաքացիներ են ցանկանում հեռանալ. հարցվածների գրեթե 60 տոկոսը միանշանակ չի արտագաղթի Հայաստանից։

Հարցեր են եղել նաև մեդիայի մասին, դրանք ցույց են տվել, որ բոլոր մարզերի և՛ քաղաքային, և՛ գյուղական բնակավայրերում հարցման 1200 մասնակիցների 36,5 տոկոսի համար տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրը համացանցն է, գրեթե նույնքան են հեռուստատեսությունը նախընտրողները, ռադիո լսողների ցուցանիշը մոտ տասը անգամ փոքր է, փոխարենը ռադիոկայանների փոխանցած տեղեկատվությանը վստահում է հարցվածների գրեթե 19 տոկոսը, վստահության ցուցանիշով երկրորդը տպագիր մամուլն է, որին հաջորդում են հեռուստաընկերությունները։ Հանրության ամենավստահելի աղբյուրն, ըստ հարցումների, պաշտոնյաների, քաղաքական գործիչների ուղիղ եթերներն են։

Ամենաշատ դիտվող հեռուստաալիքները «Շանթ»-ն ու «Արմենիա»-ն են, որոնք նույն ցուցանիշն ունեն, հաջորդում է Հանրայինը, որը երկու անգամ ավելի քիչ են դիտում։ Հարցման համաձայն, «Շանթ»-ն ամենավստահելի հեռուստաընկերությունն է, երկրորդն «Արմենիա»-ն է, երրորդը՝ Հանրայինը։

Ռադիոկայաններից ամենամեծ լսարանն ունեն Հանրային ռադիոն ու «Ազատություն»-ը, երրորդն «Ավրորա»-ն է։ Ինտերնետային ամենանախընտրելի ռեսուրսն «Ազատություն»-ն է՝ 18,1 տոկոս ցուցանիշով, հաջորդում են News.am-ն ու 1in.am-ը։

«Ազատություն»-ը նաև ամենավստահելի ինտերնետային կայքն է, երկրորդն ու երրորդը համապատասխանաբար News.am-ն ու 1in.am-ն են։

Ըստ հարցման արդյունքների, հանրության ամենանախընտրելի մեդիա կոնտենտը հենց լրատվությունն է, հեռուստադիտողների մեծամասնությունը հեռուստացույցը միացնում է լրատվական ծրագրեր դիտելու համար, համացանցից օգտվողների 30 տոկոսն էլ առաջին հերթին նորություններին է ծանոթանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG