Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Այս մասին հայտարարել է Արտգործնախարարության մամուլի խոսնակը՝ մեկնաբանելով Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարությունը:
«Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված», - ասված է Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում, որը հրապարակված է Արտգործնախարարության պաշտոնական կայքէջում:
Ուկրաինայի դեսպանատունը երեկ հայտարարությամբ էր հանդես եկել՝ հորդորելով Հայաստանի քաղաքացիներին պահպանել «ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը» և հիշեցնելով, թե այդ կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն: