Մատչելիության հղումներ

3-րդ «Արմմոնո Plus»-ը նվիրված է մարզային ներկայացումներին և կրթական ծրագրին


Մայրաքաղաքում թատերական փառատոները հաջորդում են մեկը մյուսին:

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի ավարտից հետո այս օրերին մեր համաքաղաքացիների համար ևս մի հնարավորություն կա մասնակիցը դառնալ այլ թատերական փառատոնի՝ այս անգամ արդեն նոյեմբերի 7- 20-ն անցկացվող «Արմմոնո- Plus» հանրապետական թատերական փառատոնի, որի շրջանակներում ներկայացվում են ուշագրավ մոնոներկայացումներ ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզային թատրոնների կողմից:

«Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնը «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է և նախատեսված է միայն ներհանրապետական թատերական կյանքի աշխուժացման և հատկապես երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչների աշխատանքները ներկայացնելու համար:

Փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Այս 3-րդ «Արմմոնո Plus»-ը նվիրված է մեր մարզային ներկայացումներին և կրթական ծրագրին»:

«Արմմոնո Plus» 3-րդ փառատոնը մեկնարկը տրվել է Տավուշի մարզում․ - «Մենք գնացինք Իջևան, Բերդ, Նոյեմբերյան, Դիլիջան: Երբ անցնում ես Իջևանից դեպի Բերդ, անցնում ես սահմանի կողքով, իրականությունը փոխվում է և ինչ-որ բան փոխվում է քո մեջ: Եվ հասկանում ես, որ մեզ համար դա շատ կարևոր է, մենք պարտավոր ենք, ինչու չէ՝ դա նաև մեր առաքելությունն է այդ սահմանի վրա այդ մարդկանց տրամադրությունը բարձրացնելը և՛ ներկայացումներով, և՛ ցուցահանդեսներով, և ինչքան շատ լինի, այդքան ավելի լավ: Հիմա էլ փաստորեն երևանյան փուլի համար Գորիսից ներկայացում եկավ, շատ հետաքրքիր անցավ: Էջմիածնից ներկայացում կգա, մեր պրեմիերան՝ «Կամելիազարդ տիկինը» գնալու է Վանաձոր, այնտեղ են խաղալու ներկայացումը: Մարզերն ակտիվացնելը շատ կարևոր է, և այս տարի փառատոնը շատ լուրջ ուշադրություն է դարձնում դրան»:

Բացի բեմադրություններից և կրթական ծրագրերից, այս տարի փառատոնը նաև նորույթ ունի՝ ընթերցումների տեսքով․ - «Պիեսի ընթերցումներ: Վիզուալը դա շատ լավ է, բայց թատրոնը դա նաև միտքն է, ձայնն է և խոսքը: Մեկ-մեկ ներկայացումների ժամանակ այդ խոսքի ուժը և իմաստը կորչում է: Բեմական խոսքի մեր փայլուն մասնագետ Տաթև Ղազարյանը կանցկացնի ընթերցումները: Դրանք կունենանք և՛ «Դալան» ցուցասրահում, և՛ Թատերական ինստիտուտի հետ համատեղ կունենանք ընթերցումներ: Պլաստիկ ներկայացում կունենանք, վավերագրական ներկայացումներ: Ամբողջ տարին մեր հանդիսատեսի հետ կլինենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG