Մատչելիության հղումներ

Աղամյանը Նկարիչների միությունում հայտնաբերված 50 մլն դրամի խախտումները ֆանտաստիկայի ժանրից է համարում


Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյան, 11-ը նոյեմբերի, Երևան
Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյան, 11-ը նոյեմբերի, Երևան

Միայն երկու տարում 50 միլիոն դրամի գույք ու փող է հափշտակվել Նկարիչների միությունից։ Ըստ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության, առերևույթ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերով հարուցվել է քրեական գործ։

Դատախազություն դիմել է Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, որ այս պաշտոնում է 11 ամիս։ Հրավիրել են անկախ աուդիտորական ընկերության՝միության 2017 և 2018 թվականների գործունեությունն ստուգելու համար։ Նկարիչների միությունը շուրջ քսան տարի՝ 1998-ից մինչև 2018 թվականը, ղեկավարել է արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանը։

«Քանի անգամ վարչության նիստ է կազմակերպվել, նույնիսկ պարոն Աղամյանն է հրավիրվել, որ պարզաբանումներ տա այդ խախտումների վերաբերյալ, սակայն թերի և չհամոզող պարզաբանումներ եղան», - «Ազատության»» ազատ Սուրեն Սաֆարյանը։

Վարչությունը Կարեն Աղամյանից նաև գրավոր պարզաբանումներ է ստացել հայտնաբերված խախտումների վերաբերյալ, բայց քանի որ դրանք, ըստ միության նախագահի, անբավարար են եղել, դիմել են դատախազություն։ Սուրեն Սաֆարյանն այլ մանրամասներ չհայտնեց, ասաց՝ մասնագետ չեն, աուդիտորական կազմակերպության հայտնաբերած խախտումներով թող իրավապահները զբաղվեն:

«Քննությունը կպարզի, թե այդ գումարները որտեղից են ի հայտ եկել, ինչպես է եղել», - նկատեց նա։

Ըստ դատախազության հաղորդագրության, միության պատասխանատուները 2017- 18 թվականներին առանց հիմնավորումների և փաստաթղթերի, մեքենաների վառելիքի ծախսի, գործուղումների համար գումարներ են դուրս գրել, միությանը պատկանող տարածքների, վարձակալության դիմաց հաշվեգրվել են պայմանագրով նախատեսված վարձավճարների համեմատ էականորեն պակաս եկամուտներ՝ ընդհանուր առմամբ 50 միլիոնի խախտում։

Կարեն Աղամյանն այս գումարի չափը ֆանտաստիկայի ժանրից է որակում։ «Մենք պետբյուջեից որևէ գումար երբեք չենք ստացել, չենք էլ ստանում, 50 մլն դոլար չէր կարող որևէ կերպ գոյանալ», - հայտարարեց նա։

Վերջինիս խոսքով, ինքը հարուցված քրեական գործի մասին «Ազատությունից» է տեղեկացել, ապահավելեց՝վարչությունը հիմնավորումներ ներկայացրել էր, և այս վիճակն իր համար շոկային է։ «Ես չէի սպասում կոլեգաներից նման հարված, որովհետև ես իմ կյանքում միշտ ապրել եմ ազնիվ»,- ասաց նա։

Աղամյանն ընդունում է՝ միայն մեկ՝ բենզինի կտրոնների օգտագործման հարց կարող էր ծագել, քանի որ չի իմացել, որ միությունից ստացած բենզինի համար պետք է ամեն օր հաշվետվություն ներկայացնի։ Ամեն դեպքում նույնիսկ սա, ըստ Աղամյանի, եղել է հօգուտ միության, քանի որ ինքը հրաժարվել էր միության «Վոլգայից» ու վարորդից, օգտագործել է սեփական մեքենան, միության բենզինը։ Գործուղումների էլ, ինչպես պնդեց, երբեք չի մեկնել միության հաշվին, միայն մեկ անգամ պետք է նախարարության հաշվին մեկներ, ձախողվել է։

«Ինձ ասացին՝ գնա, փողը կտանք, առա տոմսը, փողը չտվին, չգնացի, ես Հայաստանը ոչ մի անգամ չեմ լքել Նկարիչների միության հաշվին»,- շեշտեց Աղամյանը։

Նկարիչների միությունը հիմնականում գոյատևում է տարածքների վարձակալությունից ստացած գումարներով, խորհրդային տարիներին բազմաթիվ հեկտարներ ու գեղարվեստի կոմբինատներ ունեցող նկարիչները միության նախկին նախագահներից մեկի գործարքների պատճառով շատ բան կորցրին, բայց ոչ ամեն ինչ։ Այսօր նրանք դեռ ունեն շենք Աբովյան փողոցի վրա, Քանդակի կոմբինատ ծայրամասում և Ծաղկաձորի ու Շորժայի հանգստյան տները։

Սուրեն Սաֆարյանի ներկայացմամբ, տարածքներ կան, որ վարձակալության են տրվել կոպեկներով, իսկ միության ղեկավարները միշտ տրտնջացել են, թե փող չկա՝ օրինակ՝ Ծաղկաձորի հանգստյան տունը կարգի բերելու համար։

«Միշտ լսել ենք, որ շատ վատ վիճակում է գտնվում, չի գործում, ինչպես նաև լսել ենք, որ Շորժան է գտնվում վատ վիճակում, ջրի տակ է մնում, այս տարի մենք կարողացել ենք հենց միության ուժերով կատարել մասնակի վերանորոգում և հյուրընկալել մեր արվեստագետներին այնտեղ» ,- նշեց Սաֆարյանը։

Ըստ նրա, Քանդակի կոմբինատի հսկայական տարածքը վարձով է տրված՝ ամիսն ընդամենը 200 հազար դրամով, որից գույքահարկը հանած 70 հազար դրամ պիտի մտներ նկարիչների բյուջե, դա էլ չի եղել։

Նկարիչների միության նախկին նախագահը վստահեցնում է՝ միությանը ոչ թե վնաս, այլ օգուտ է տվել՝ 450 քառակուսի մետրով ավելացրել է միության տարածքը, հույս ունի՝ այս քրեական գործը թյուրիմացություն է։

Քրեական գործը քննչական կոմիտեում է, մեղադրյալներ դեռ չկան, գործը նախաքննության փուլում է:

XS
SM
MD
LG