Մատչելիության հղումներ

Սեդա Սաֆարյանը պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից հեռանալու փորձ է կատարել


Ամիսներ շարունակ դատարանը քննում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը և չի անցնում բուն դատավարությանը:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահի փաստաբանները հավաստիացնում են՝ հատուկ մարտավարություն չեն ընտրել:

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից հեռանալու փորձ է կատարել: Նա համոզված է, որ նախկին նախագահի խափանման միջոց կալանքի փոփոխությունը կարող է բացասաբար ազդել Մարտի 1-ի գործի վրա:

Սեդա Սաֆարյանը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն էր:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

Սեդա Սաֆարյան․ - Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանից ազատվելու՝ նախկինում ազատվելու և մոտ մեկ ամիս դրսում մնալու հանգամանքին, ապա ասեմ, որ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ինքը իր անձնագիրը ուզում էր վարույթն իրականացնող մարմնից, և ես դատախազների ելույթներից էլ հասկացել եմ, որ, այո, Հայաստանից հեռանալու փորձ նա կատարել է, և տեղեկացվել է վարույթն իրականացնող մարմնին այդ մասին, որի պարագայում ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:

Սա խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք անձի հետ, ով կարող է Հայաստանից հեռանալ և ունի հնարավորությունների մեծ պաշար, ռեսուրսներ և օգնող ուժեր, և խափանման միջոցի փոփոխությունը կարող է այս գործի վրա բացասաբար անդրադարձ ունենալ:

Եվ ասեմ, որ բացի Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանությունից, դատարանը պարտավոր է մտածել նաև տուժողների՛ շահերի մասով, իսկ տուժողների շահերը ենթադրում են, որ արդարացի հավասարակշռություն ստեղծել այս գործով, ինչը ենթադրում է, որ պետք է խափանման միջոցը համաչափ լինի անձին, անձի բնորոշող մի շարք հատկանիշներին: Եվ այս առումով, ես կարծում եմ, որ դատարանները առայժմ ճիշտ են գտնում, որ դեռևս չի հասել էն փուլը, որ կարողանան մտածել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու և քննությանը չխոչընդոտելու պատճառահետևանքային կապին, և այս առումով ճիշտ է դատարանի մոտեցումը, երբ որ չփոխվեց նրա խափանման միջոցը:

«Ազատություն»․ - Մարտի 1-ի գործով մեղադրվող մյուս անձինք, այդ թվում՝ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարծում են, որ Քոչարյանի նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում: Այնտեղ իրենք էլ խոսք խնդրեցին և ասացին՝ ինչո՞ւ են իրենց թույլ տալիս ազատության մեջ մնալ, իսկ Քոչարյանին կալանքի տակ են պահում:

Սաֆարյան․ - Երբ որ Սեյրան Օհանյանը և Խաչատուրովը կկանգնեն և էդպիսի ցուցմունքներ կտան, որ առանց Ռոբերտ Քոչարյանի իրենք ինքնուրույն են կազմակերպել այս ամենը, այդ ժամանակ խտրական վերաբերմունքի հետ կապված ես իմ դիրքորոշումը կասեմ Սեյրան Օհանյանին: Բայց առայժմ Սեյրան Օհանյանը նման ցուցմունքներ չի տվել, հետևապես, եթե գտնում է, որ իր գործողությունները հավասարեցված պետք է գնահատել Ռոբերտ Քոչարյանի գործողություններին, ի՞նչ ասեմ, ուրեմն՝ ոչ թե պիտի մտածեն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին, այլ երևի Սեյրան Օհանյանի խափանման միջոցին անդրադառնալ:

Ես, իհարկե, ուզում եմ, որ մեր հերոսները հերոս մնան: Անկախ նրանից, թե էսօր Սեյրան Օհանյանն ինչ կարգավիճակում է, մենք միշտ մտածել ենք, որ հայրենիքի համար իր մատուցած ծառայության համար նա հարգանքի արժան է եղել, և իմ համար ցավալի է, որ ոչ միայն 2008 թվականին է Սեյրան Օհանյանը ենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարի ապօրինի հրամանին, ինչը կարող էր ինքը չաներ՝ պատճառաբանելով, որ Սահմանադրությունը դա չի նախատեսում, այլ հիմա էլ փորձում է, այս ամենով հանդերձ, Ռոբերտ Քոչարյանի օգտին այսպիսի հայտարարություններ անել:

Ի՞նչ ասեմ, ես գտնում եմ, որ և՛ Սեյրան Օհանյանը, և՛ Խաչատուրովը երկուսն էլ զոհ են, ըստ էության, 2008 թվականին տեղի ունեցած իրավիճակին, և նրանք ենթարկվել են իսկապես Ռոբերտ Քոչարյանին:

«Կիրակնօրյա վերլուծականի» նոյեմբերի 10-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG