Բոլիվիայի նախագահը համաձայնել է նոր ընտրություններ անցկացնել` երկրում շարունակվող համազգային ցույցերից ու միջազգային դիտորդների գնահատականներից հետո:
Ամերիկյան պետությունների կազմակերպության փորձագետներն այսօր հրապարակել են իրենց զեկույցը` կասկածի տակ դնելով հոկտեմբերի քսանին կայացած ընտրությունների արդյունքները, ըստ որոնց Էվո Մորալեսը հաղթել էր` ստանալով ձայների 40 տոկոսից ավելին:
Զեկույցի հրապարակումից հետո դիմելով ժողովրդին՝ Մորալեսը խոստացել է փոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:
Ավելի վաղ երկրի զինված ուժերն ու ոստիկանությունը հրաժարվել էին ապահովել նախագահական նստավայրի անվտանգությունը և պնդել, թե չեն ուզում գործիք դառնալ ներքաղաքական ճգնաժամում: 60-ամյա Մորալեսը չորրորդ անգամ էր առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում: Ի սկզբանե սահմանադրությունը արգելում էր նախագահներին երկու անգամից ավելի պաշտոնավարել, երկու տարի առաջ, սակայն, Սահմանադրական դատարանը վերացրել էր այդ արգելքը` իշխող կուսակցության առաջարկությամբ: