Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հայտարարում է՝ բացահայտել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի ապօրինությունները


Ոստիկանությունը հայտարարում է, թե բացահայտել է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի ապօրինությունները, խոսքը 9 միլիոն դրամից ավելի գումարի մասին է:

Ըստ իրավապահների, 2012-2018 թվականներին Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը միաժամանակ հանդիսացել է նաև Դավթաշեն բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն ու տնօրինել հիմնադրամի ֆինանսական միջոցները:

Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգով համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր: Այսպիսով՝ 2012-2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9 միլիոն դրամից ավելի գումար:

Ոստիկանության նշած ժամանակահատվածում վարչական շրջանը ղեկավարած Ռուսլան Բաղդասարյանի փաստաբան Հրանտ Անանյանն «Ազատությանն» ասաց՝ Բաղդասարյանին մեղադրանք առաջադրված չէ, նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում և այս ամենն արվում է նրան վարկաբեկելու համար:

«Պիտի ասել Չերչիլի խոսքերը, որ «մինչև սուտը պտտվում է ամբողջ աշխարհը, ճշմարտությունը չի հասցնում հագնել իր տաբատը», էս նույն սկզբունքով այս լրատվական արշավն է տարվել: Պարոն Բաղդասարյանը չի ընդունում, որ հափշտակություն է կատարել, դա ես միանշանակ եմ ասում, իսկ մեղադրանք առաջադրված չի, որ մեղավոր ճանաչի կամ դրանք խիստ վերապահումով, շատ ամպագոռգոռ ձևակերպումների ներքո ձևակերպմամբ նախադասություններ են: Ոնց կարելի է 10 օրով ինչ-որ տարիներ առաջ տեղի ունեցած հանգամանքների վերաբերյալ միասնական դիտավորությամբ գնահատական, առանց այդ մարդու խոսքը լսելու: Գնահատանքը ավելի շատ ինչ-որ քայլ էր վարկաբեկելու համար, բայց կարծում եմ՝ սա անմեղության կանխավարկածի և նախնական քննության գաղտնիության սկզբունքի կոպիտ խախտման դրսևորում է», - ասաց Անանյանը:

Այս գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե:

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանը չի կարծում, որ ոստիկանության այս հայտարարությունը վարկաբեկում է նախկին թաղապետին: Ասաց՝ գուցե նա դրական գործեր արել է, բայց եթե կան ապօրինություններ իրավական գնահատականը չպետք է ուշանա:

Ասատրյանը ցույց տվեց թաղապետարանի շենքում գտնվող Դավթաշեն հիմնադրամի նախկին գրասենյակը․ «Դավթաշեն բարեգործական հիմնադրամը նախկինում գործել է հենց էս սենյակում, աշխատակիցը, երբ որ եկել է վարչական շենք, աշխատել է հենց այս սենյակում, իսկ այժմ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի առևտրի սպասարկման և գովազդի բաժինն է այստեղ տեղակայված»:

Սահակ Ասատրյանն, ի դեպ, հիշեցրեց, որ վարչական շրջանի ներկայիս ղեկավար Դավիթ Թումասյանը դեռ յոթ ամիս առաջ էր նաև Ռուսլան Բաղդասարյանի վերաբերյալ իրենց հայտնի կասկածելի այլ փաստերը տրամադրել քննիչներին, բայց առայսօր ոչ մի նորություն չունեն, հետևաբար նոր գրություն են ուղարկել Գլխավոր դատախազություն ու Պետական վերահսկողական ծառայություն: Խոսքը Դավթաշենի թաղապետարանի շենքի մի քանի հատվածների վաճառքի մասին է: Դրան նաև քաղաքապետ Հայկ Մարությանն էր անդրադարձել՝ տարակուսելով, թե ինչպե՞ս է եղել, որ Դավթաշենի թաղապետարանի կեսը վաճառվել է մեկ քառակուսի մետրը 33 հազար դրամով:

Այս հայտարարության հետքերով նաև «Ազատությունն» էր գնացել: Վաճառված սենյակներից մեկում դեռ գործում է բռնցքամարտի ֆեդերացին, որի նախագահն է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը: Ֆեդերացիայի փոխնախագահը վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն է: Երկուսն էլ «Ազատության» հետ զրույցում նշել էին, որ ոչ մի ապօրինություն չեն արել: Վարչական շրջանի նորանշանակ ղեկավարի աշխատակազմի քարտուղարի խոսքով՝ իրենք կասկածներ ունեն, որ յոթ ամիս շարունակ անհիմն ու դիտավորյալ ձգձգվում, արհեստականորն խոչընդոտվում է այս քրեական գործը, իսկ այդ ընթացքում, իրենց հասած տեղեկություններով, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը պատրաստվում է լքել երկիրը:

«Սեպտեմբերի կեսերն էր կամ 20-ի կողմերը, մենք ունեինք էլի գրություն ուղարկած էս անգամ Քննչական բաժնի պետին, որ, ըստ մեղ հասած լուրերի, վարչական շրջանի նախկին ղեկավարը հապշտապ վաճառում է իրեն պատկանող և իր մերձավորներին պատկանող գույքը, սեփականությունը՝ շինություններ, հողատարածքներ և այլն և ունի երկիրը լքելու մտադրություն», - ասաց Ասատրյանը:

Ռուսլան Բաղդասարյանի փաստաբանն ասաց՝ թեև այդ շրջանում իր վստահորդը եղել է Ֆրանսիայում, բայց դա չի ենթադրում, որ նա պատրաստվում էր լքել երկիրը:

«Որևէ գույք չի վաճառվել, որևէ նման տրամադրություն չկա, որպեսզի նա մեկնի Հայաստանի Հանրապետությունից, ընդամենը հերյուրանք է, հին մեթոդ է, երբ որ ուզում են իրավապահ մարմիններին կաշկանդեն, սկսում են տեղեկատվություն տարածել, որ կարծես իրավապահները հովանավորում են և դա, պատկերացրեք, շատ հաճախ կաշկանդում է նույն իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց», - նշեց Անանյանը:

Դավթաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարի աշխատակազմի քարտուղար Ասատրյանն ասում է՝ եթե լուրջ մտահոգություններ չունենային, չէին դիմի Գլխավոր դատախազություն ու Պետական վերահսկողական ծառայություն: Փաստաբանն ասաց, որ այս գործով Ռուսլան Բաղդասարյանը հարցաքննվել է, բայց ոչ վկայի, ոչ էլ կասկածյալի կարգավիճակ չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG