Մատչելիության հղումներ

Իշխանական պատգամավորներն անխնա քննադատում են Ռոբերտ Քոչարյանի հոդվածը


«Վատ սցենարները մենք տեսել ենք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին», - ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր «Սպուտնիկ Արմենիա» կայքում հրապարակված Ռոբերտ Քոչարյանի հոդվածին:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող և հունիսի 25 - ից կալանավայրում գտնվող Քոչարյանն իր հոդվածում իշխանություններին մեղադրել է արևմտամետ լինելու, ղարաբաղյան հարցում բանակցային դիրքերի թուլացման, հայկական կողմի սխալների համար՝ նկատելով, որ Ադրբեջանը զինվում է, իսկ պատերազմի դեպքում դրա մասշտաբները և կործանարար հետևանքները լինելու են մինչ այս եղածից շատ ավելի ծանր:

«Պատրա՞ստ է արդյոք սևերի և սպիտակների բաժանված Հայաստանը վատ սցենարների», - հարցադրում է անում Ռոբերտ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանի արձագանքը․ - «Բացարձակ ցանկություն չունեմ մեկնաբանեմ Ռոբերտ Քոչարյանի գրած նյութերը, բայց մի բան կարող եմ ասել՝ Ռոբերտ Քոչարյանը լավ կլինի իր կյանքի ինչ-որ հատվածում սկսի լավ սցենարների մասին խոսել: Վատ սցենարները մենք տեսել ենք իր կառավարման տարիներին, և մենք ուզում ենք, որ նոր Հայաստանը առաջնորդվի լավ սցենարներով և հասնի այնպիսի ուժի, որ միշտ պարտադրի լավ սցենարներ Հայաստանի Հանրապետության համար: Եվ եթե ինքը պատկերացնում է, որ Հայաստանը ընդամենը շարժվում է մեկ վեկտորի ուղղությամբ, չարաչար սխալվում է: Հայաստանը, իր անվտանգության համակարգը ըստ էության շարժվում է այն ուղղությամբ, որը միայն ավելացնում է նրա կարողությունները»:

Ռոբերտ Քոչարյանն իր հոդվածում Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Դուշանբեի հանդիպումով Վիեննայի և Սանտկ Պետերբուրգի պայմանավորվածությունների չեղարկման համար, հայտարարում է, որ բարդ հարաբերություններ են Հայաստանի և Արցախի քաղաքական վերնախավերի միջև, կարծիք է հայտնում, որ թուլացել են
մեր բանակցային դիրքերը՝ հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով:

«Վարչապետի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի` պետությունների տարածքային ամբողջականության հարթություն», - գրել է Ռոբերտ Քոչարյանը:

Այս առնչությամբ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ - «Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը թող նախ պատասխանի՝ Մեղրիի խնդիրը ե՞րբ առաջացավ, Մեղրիի հարցի քննարկումը: Այդ ժամանակ մենք, ըստ էության, շատ վտանգավոր եզրի վրա ենք քայլել և փառք Աստծու, որ մենք չեն հայտնվել այդ ծուղակի մեջ: Իսկ մնացածը թող չանհանգստանա․ Հայաստանը և Արցախը միասնական անվտանգության համակարգի մեջ են և միասնաբար կգտնեն լուծումներ իրենց և՛ տարածքային ամբողջականությունը պահելու, և՛ հասնելու այն վերջնական նպատակին, որին մեր ժողովուրդը իր պայքարի արդյունքում կառուցելով գնում է առաջ»:

Ռուբեն Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ եթե այս հոդվածի հեղինակը հայտնի չլիներ, դրա բովանդակությունից կարելի էր կարծիք կազմել, որ ադրբեջանցի քաղաքական գործիչ կամ վերլուծաբան է հեղինակը․ - «Կարելի է թերևս որպես բանսարկություն բնորոշել, որովհետև ես երբեք չէի սպասի, որ որևիցե հայ քաղաքական գործիչ, առավել ևս Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կարող է ինքը բերել ադրբեջանահաճո փաստարկներ»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, թե հասարակությունը սևերի ու սպիտակների է բաժանված և հակասություններով ծվատվող վիճակում է, Ռուբինյանն ասում է, որ բոլորը հիշում են, թե ինչպիսին էր վիճակն առաջ և ինչպիսին է հիմա:

Հայաստանը, նրա խոսքով, երբևէ չի ունեցել այնպիսի ազգային իշխանություն, ինչպիսին հիմա է․ - «Մենք տեսել ենք 2018 թվի թավշյա հեղափոխության ժամանակ ժողովրդի միասնականությունը, տեսել ենք 2018 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովրդի միասնականությունը: Այդ միասնականությունը մենք տեսել ենք նաև Հայաստանի և Արցախի միջև: Մենք տեսել ենք աննախադեպ հայտարարություն Հայաստանի ղեկավարի կողմից արված Ստեփանակերտում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», որը թվում էր, թե առնվազն Հայաստանի ներսում չպիտի քննադատությունների ենթարկվի, բայց, ինչպես արդեն նշեցինք, տարօրինակորեն որոշ անձինք կամ որոշ ամբաստանյալներ նույնիսկ այդ հայտարարությունը կարող են քննադատել: Ընդհանրապես Հայաստանը սևերի և սպիտակների միջև բաժանված չէ, և եթե պարոն Քոչարյանը իրեն սև է զգում համատարած սպիտակության մեջ, դա գուցե իր խնդիրն է և իր խղճի խնդիրն է»:

Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին նաև մեղադրում է արևմտամետ լինելու համար: Ըստ երկրորդ նախագահի՝ վարչապետին սատարում են ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու ջատագովները, կառավարությունում և Ազգային ժողովում շատ են արևմտամետ գործիչները:

Ռուբինյանն այս հայտարարությունները ծիծաղելի է համարում․ - «Մենք մերժում ենք ինչ-որ բանի մետությունը որպես գաղափար: Մենք միտված ենք միայն մի բանի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերի ամրապնդմանը»:

Գայանե Աբրահամյան
Գայանե Աբրահամյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եվրոպական ինտեգրման հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի այս հոդվածի նպատակը հայ-ռուսական հարաբերությունները խաթարելն է․ - «Սա ակնհայտորեն Ռուսաստանին տրվող մեսիջ է՝ որոշակիորեն նպատակներ ունեցող: Քոչարյանը երբեք չի կանգնելու որևէ քայլի առաջ: Այսինքն, եթե անգամ այս մեսիջով ինքը վնասելու է, խորապես վնասելու է հայ-ռուսական հարաբերությունները, ինքը չի խորշելու երբեք, հնարավոր ամեն ինչին գնալու է՝ անգամ պետության գնով, անգամ պետականության գնով, անգամ երկրի ինքնիշխանության գնով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG