Մատչելիության հղումներ

Բացվեց Հայաստանում առաջին միջուկային բժշկության կենտրոնը


Այն բացվեց այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Միջուկային բժշկության կենտրոնում առաջին անգամ իզոտոպերի միջոցով իրականացվելու է քաղցկեղային հիվանդությունների ախտորոշում միջուկային բժշկության մեջ կիրառվող նորագույն SPECT ախտորոշիչ սարքավորման միջոցով, և վահանաձև գեղձի չարորակ ուռուցքների բուժում՝ ռադիոակտիվ յոդի միջոցով:

«Միջուկային բժշկությունը շատ մեծ քայլերով աշխարհում զարգանում է, և դա տրենդային ոլորտ է: Դրա համար էլ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարությունը՝ պրոֆեսոր Քուշկյանը որոշում կայացրեց, որպեսզի մենք ունենանք Հայաստանում գերզարգացած կենտրոն», - ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը:

Նրա խոսքով, վահանաձև գեղձի չարորակ հիվանդությունների ռադիոակտիվ յոդով բուժման համար այլ երկրներ մեկնող հիվանդները տեղում կարող են ստանալ բուժում: Սա, բացի հարմարավետությունից, նաև կթեթևացնի նրանց ֆինանսական հոգսը․ - «Առաջնային հետազոտությունը, ես կարծում եմ, 40 հազար դրամի կարգի է լինելու»:

Որոշ խավերի համար պետպատվերով բուժման հարցը Առողջապահության նախարարության հետ դեռ կքննարկեն: Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությունները տարածվածներից են, սա տարածաշրջանային յուրահատկություն է: Հայերը ավելի հաճախ հարևան Վրաստան են մեկնում ռադիոակտիվ յոդի հետևից: Այժմ այդ երկրի միջուկային երկու բուժկենտրոնները գլխավորող բժիշկ Նատալյա Շենգելիա Դե Լանգեն ինքն է մոտեցել իր կարիքն ունեցող հայ հիվանդներին․ նա գլխավորելու է նորաբաց միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը։

Բժիշկ-ռադիոլոգը մինչև Վրաստանը 15 տարի Վիեննայի համալսարանական կլինիկայում է աշխատել․ - «Շատ կարևոր է, որ հիվանդները տեղում ստանան եվրոպական չափորոշիչներով ախտորոշում և բուժում»:

Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի հնարավորություններին այսօր ծանոթացավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միջուկային բժշկության նորարարությունները՝ վահանաձև գեղձի քաղցկեղից բացի, չարորակ հիվանդության մյուս տեսակների իզոտոպային բուժման մեթոդները կենտրոնում մտադիր են ներդնել աստիճանաբար:

«Կան իզոտոպներ, որոնք էս պահին մենք քննարկում ենք, որոնք օգտագործվում են շագանակագեղձի քաղցկեղների, արգանդի քաղցկեղների ժամանակ: Եվ մենք քննարկում ենք հիմա մեր մասնագետների և մեր գործընկերների հետ, որոնք նոր են Եվրոպայում», - փոխանցեց Միքայել Մանուկյանը:

Նատալիա Շենգելիան առանձնացնում է յուրահատուկ հաստատությունում ռադիացիոն անվտանգության հարցը․ - «Կենտրոնը հագեցած է ամենաբարձր մակարդակով, հաշվի են առնվել ռադիացիոն անվտանգության բոլոր միջոցները ոչ միայն հիվանդների, նաև շրջակա միջավայրի համար»:

«Էրեբունի» ԲԿ-ի ներդրումային ծրագրերի շրջանակում միջուկային բժշկության նոր կենտրոնի կառուցմանն ուղղվել է ավելի քան 600 միլիոն դրամ: Այստեղ շինարարությունն էլ առանձնահատուկ է․ բոլոր պատերը, դռները կապարով են պատված: Ռադիոակտիվ բուժում ստացող հիվանդի սենյակն ունի մեկուսացման բոլոր պայմանները: Ռադիոակտիվ յոդի բարձր դոզաներից հետո հիվանդը հաճախ մի քանի օր պետք առանձնացված մնա. սենյակում նրա ինքնասպասարկման ու նաև զբաղմունքի տարբեր հնարավորություններ կան և դարպաս՝ եթե հարազատները փորձեն շրջանցել անվտանգության կանոններն ու ասենք պատուհանով ինչ-որ բան փոխանցեն:

Ֆիզիկոս Գուրգեն Էլբակյանի տեղեկացմամբ, իզոտոպերը ներկրվում են դրսից հստակ քանակով ՝ ըստ հիվանդների պահանջարկի․ - «Երկու տեսակի իզոտոպ մենք ունենք այստեղ՝ տեխնեցիում և 731: Տեխնեցիումը ախտորոշման համար է, իսկ 731-ը՝ բուժման նպատակով, վահանաձև գեղձի բուժման համար է նախատեսված:

Ամիսներ առաջ Ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները հայտարարեցին, որ վերջապես գործարկել են ցիկլոտրոնն ու ստացել «ֆտոր 18» իզոտոպ։ Էլբակյանը շեշտում է, որ այստեղ այլ իզոտոպ են օգտագործում:

«Էրեբունի» ԲԿ-ի տնօրենը չի բացառում, որ հետագայում կօգտվեն տեղական արտադրության իզոտոպերից․ - «Եթե Հայաստանում ստաբիլ արտադրվի, լավ որակի, իհարկե մենք պետք է Հայաստանից գնենք: Դա ուղղակի քննարկման ենթակա չէ: Ուղղակի էս պահին մենք կնքել ենք պայմանագիր եվրոպական գործարանի հետ»:

Կենտրոնում ամենուր ռադիացիոն ֆոնը չափող սարքեր են, դրանք չեն աղմկում, ուրեմն ֆոնային ակտիվություն չկա:

Հիվանդների կընդունեն վաղվանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG