Մատչելիության հղումներ

Էրդողանը սպառնում է փախստականների համար բացել դռները դեպի Եվրոպա


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնում է փախստականների համար բացել դռները դեպի Եվրոպա, եթե Եվրամիությունը բավարար չափով չաջակցի իրենց:

Պաշտոնական այցով Բուդապեշտում գտնվող Էրդողանը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսելով միգրացիոն ճգնաժամի մասին, հայտարարել է, թե Թուրքիան այլևս ի վիճակի չէ միայնակ կրել փախստականների բեռը:

«Հարց է ծագում` Եվրամիությունից ի՞նչ եք ստանում: Պատասխանում եմ՝ Եվրամությունը 2015 թվականի համար խոստացել էր 3+3 միլիարդ եվրո տրամադրել, սակայն մենք այդ գումարից միայն 3 միլիարդն ենք ստացել: Քննարկումների ժամանակ հավաստիացնում են, թե ամեն ինչ ծրագրված է և օժանդակությունը կհատկացվի, սակայն դեռ ոչինչ չենք ստացել», - ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ Թուրքիան նպատակ ունի «անվտանգության գոտի» ստեղծել Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ մինչև 2 միլիոն սիրիացի փախստականներ կարող են բնակություն հաստատել, երբ այդ տարածաշրջանը կմաքրվի քուրդ գրոհայիններից:

Էրդողանն ընդգծել է՝ Անկարան բազմիցս կոչ է արել ԵՄ-ին օժանդակել Թուրքիային ավելի քան 3,5 միլիոն փախստականների հյուրընկալելու հարցում: «Անկախ նրանից՝ մենք կստանանք աջակցություն, թե ոչ, շարունակելու ենք օգնել ռումբերից փախչելով մեր երկրում ապաստան գտած մարդկանց», - վստահեցրել է Թուրքիայի նախագահը:

Անդրադառնալով հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված հանդիպման օրակարգին՝ Ռեջեփ Էրդողանը նշել է, որ ամերիկացի գործընկերոջ հետ քննարկելու են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև երկկող հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում խոսելու են С-400 (S-400) և Patriot հրթիռային համակարգերի, F-35 կործանիչների շուրջ:

XS
SM
MD
LG