Առայժմ կարողանում են ապառիկով խանութներից սնունդ գնել, բայց, ասում է, մատակարարը ցանկացած պահի կարող է հրաժարվել, քանի որ արդեն մի քանի միլիոն դրամի պարտք են կուտակել:
«Փաստորեն մատակարարների խղճի վրա ենք գոյատևում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սիմոնյանը:
1915-ի ցեղասպանությունից հետո Գյումրիում Ամերիկայի կառավարության աջակցությամբ ստեղծված Ամերկոմի որբանոցի սան Վահան Թռչունյանն է ներկայիս խնամքի կենտրոնի հիմնադիրը: Նրան որդեգրել ու Միացյալ Նահանգներ էին տարել:
Մանկատան սանը իր կտակում ցանկություն էր հայտնել Գյումրիում վերանորոգել այն շենքը, որտեղ ինքն ապաստան էր գտել Եղեռնից հետո ու այն կրկին դարձնել երեխաների խնամքի կենտրոն:
17 տարի առաջ բացված կենտրոնում հիմնականում խնամվում են որբ, հաշմանդամություն ունեցող ու պարզապես փողոցում կամ աղքատության ճիրաններում հայտնված երեխաներ:
Կենտրոնը ֆինանսավորվում էր բացառապես ամերիկահայ բարերարների կողմից: Ու թեև երկու տարի առաջ կենտրոնն անցել է Մայր Աթոռի ենթակայության տակ, սակայն նույն ամերիկահայ բարերար Հերման Հինթիրյանն այլոց հետ շարունակել է կենտրոնի ֆինանսավորումը:
5 ամիս առաջ Հինթիրյանը դադարեցրել է գումար տրամադրել, ու այդ օրվանից սկսվել են խնդիրները:
Կենտրոնի տնօրենը չգիտի, թե ինչու է Հինթիրյանը նման որոշում կայացրել, պարզապես լսել է, որ ամերիկահայ բարերարը բարեգործական այլ ծրագրեր է իրականացնում Շիրակի մարզում՝ կրկին երեխաներին աջակցելով․ - «Ստեղ մի բայց կա՝ բայց էս երեխանե՞րն ումն են: Ո՞նց կարելի է տարանջատել, մեկին զրկել և տալ մյուս ընտանիքներին, որոնք, փառք Աստծո, գոնե ընտանիքներում են ապրում»:
«Թռչունյան» կենտրոնը աշխատակիցներին 5 ամսվա աշխատավարձի պարտք ունի, հաշվին՝ 0 դրամ: Հարկային պարտքն էլ գումարվել ու արդյունքում արդեն ընդհանուր 16 մլն դրամի պարտք է կուտակվել:
Հարցին, թե որքան է կազմել կենտրոնի տարեկան ֆինանսավորումը, տնօրենը պատասխանեց․ - «Բյուջեն միշտ փոքր էր, բայց ստաբիլ էր: 72 միլիոն էր վերջին հաշվարկներով: Բայց քանի որ ստաբիլ էր, մենք տեղավորվել էինք մի կերպ էդ բյուջեի մեջ»:
Այս պահին հրատապ է նաև ջեռուցման ապահովման հարցը: Ցուրտ դասասենյակներում երեխաները դասեր էին պարապում:
«Շատ եմ մրսում երեխաները: Ես ուղղակի չգիտեմ ինչ պիտի անեմ այդ ջեռուցման խնդրի հետ կապված: Ոորվհետև ինչքան էլ խնայում ենք գազը, ամսեկան մինինում 700 հազար դրամ գազի դիմաց վճարում ենք անում: Էլ չեմ ասում էլեկտրաէներգիան, ջուրը», - նշում է տնօրենը:
Նրա խոսքով՝ հիմա «Թռչունյան» խնամքի կենտրոնն ավելի վատ վիճակում է, քան 15-ի Եղեռնից հետո բացված Ամերկոմի որբանոցը․ - «էն ժամանակ ինչո՞ւ կարողացան: Հիմա էլ էս 84 երեխան էդ կարգավիճակում չի՞: Ո՞վ պիտի պահի: Չէ՞ որ երեխաներ են»:
Սոնա Սիմոնյանը տեղեկացրեց, որ Մայր Աթոռն այժմ բարերարների է փնտրում, որպեսզի կարողանան ապահովել կենտրոնի գործունեությունը․ - «Հույսեր ունենք, որովհետև շատ-շատ աշխատանքներ արդեն տարվել են»: