Մատչելիության հղումներ

Քննարկում էինք ԵԱՏՄ շրջանակներում մեր համագործակցության զարգացմանն ուղղված հարցերը․ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ


Հայաստանի Ազգային և Ռուսաստանի Դաշնային ժողովների միջև Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստն անցկացվեց Գյումրիում:

Քննարկված հարցերը հիմնականում վերաբերում էին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը:

Անցած շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հայաստանյան այցի ընթացքում հայտնի դարձավ, որ Կրեմլը կրկնապատկում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը՝ արդիականացնելով սպառազինությունը: 4 տարի առաջ ռուս զինծառայողի կողմից Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդից հետո ռուսական կողմը հայտարարեց, որ ռազմաբազան ժամկետայինների փոխարեն հիմնականում կհամալրվի պայմանագրային զինծառայողներով: ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը տեղյակ չէր այդ մասին:

«Ես այցելելու եմ ռուսական ռազմաբազա, որտեղ հնարավոր է՝ քննարկենք այդ հարցերը: Ես պարզապես տեղյակ չեմ այդ հարցից», - նշեց Վորոբյովը:

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողների թվի ավելացմանը զուգահեռ նաև հարց է ծագում, թե ո՞րն է երաշխիքը, որ չեն գրանցվի միջադեպեր, որոնց ականատեսը հաճախ դառնում են գյումրեցիները:

Ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինելու տարբերակում ևս երաշխիք չկա: Մոտ մեկ տարի առաջ գյումրեցի կնոջը դաժան ծեծի հետևանքով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը պայմանագրային զինծառայող է:

ԱԺ-ի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փաստում է՝ որտեղ կա զորք, միջադեպերը անխուսափելի են:

«Եկեք օբյեկտիվ նայենք էլի՝ որտեղ կա զորք, միջադեպեր լինում են: Հիմա եկեք նայենք Միացյալ Նահանգները որտեղ զորք ունի, տեսնենք միջադեպեր եղել են, թե չէ: Վստահաբար եղել են և հետևաբար կենտրոնանալ կոնկրետ հենց դրա վրա ու ասել՝ այ դրա համար բնակչության համար վտանգ է իրենից ներկայացնում, այնքան էլ արդար չէ», - ասաց Մարուքյանը:

Պատգամավորը կարծում է, որ հայկական կողմն էլ անելիք ունի համապատասխան վերահսկողություն իրականացնելու հարցում: «Հայկական կողմն էլ պետք է հետևողական լինի, հետևի, որ այն կոնտինգենտը, որը այստեղ զորակոչվում է, լինի այնպիսի կոնտինգենտ, որ նման խնդիրներ չառաջանա, դա մեկ, երկրորդը՝ համապատասխան վերահսկողական մեխանիզմներ պետք է ներդրվեն, որ այդ վերահսկողությունը իրականացվի, հետևաբար մենք պետք է այս ամեն ինչին նայենք նաև ողջամտության սահմաններում և այդ համագործակցության շրջանակներում այնպես անենք, որ ապագայում բացառենք էն դեպքերը, որը որ ունեցել ենք», - նշեց Մարուքյանը:

Վերադառնալով այսօրվա Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին՝ Յուրի Վորոբյովն ընդգծեց, որ իրենք հանձնաժողովում քննարկում են ԵԱՏՄ տնտեսական միասնական շուկայի ձևավորման հարցը:

«Այսօր քննարկում էինք ԵԱՏՄ շրջանակներում մեր համագործակցության զարգացմանն ուղղված հարցերը: Միությունը ձևավորում է իր տնտեսական հարաբերությունները, նորմատիվ իրավական բազան, ինչն էլ հնարավորություն կտա ձևավորել միասնական շուկա անդամ երկրների համար: Մեզ համար դա շատ կարևոր է, որպեսզի ամբողջությամբ կարողանանք իրականացնել Եվրասիական միության հնարավորությունները պետք է ընդունվեն մեծ թվով օրենքներ, հանվեն շատ արգելքներ: Կա ճանապարհային քարտեզ՝ մինչև 2025 թվականը, դրանով նախատեսվում է լուծել ԵԱՏՄ-ի հետ կապված բոլոր հարցերը», - ընդգծեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալը:

Քննարկվող հարցերից է եղել նաև ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման հարցը: Ռուսաստանի դաշնային խորհրդի նախագահի տեղակալը նշեց, որ համաձայն ճանապարհային քարտեզի՝ այն պետք է ձևավորված լինի մինչև 2025 թվականը:

XS
SM
MD
LG