Մատչելիության հղումներ

Առավելապաշտական լինելով խաղաղություն չենք ունենա. Մնացականյանը՝ ադրբեջանցի պատգամավորին


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Պրիստայկոյի հետ միասին մասնակցել է Շվեդիայի Միջազգային հարաբերությունների իսնտիտուտում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը՝ «Զրույց Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ» խորագրի ներքո:

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ իր խոսքում Մնացականյանը համապարփակ ներկայացրել է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը, Հայաստանում ծավալվող ժողովրդավարական բարեփոխումները, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները` հիշեցնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Թուրքիայի մասին: «Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը, Թուրքիայի դեպքում արդարության շարունակական ժխտումը, Ցյուրիխյան արձանագրությունների մերժումը, ի լրումն նաև մի շարք այլ գործոնների, լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար»,- ասել է նա:

Բացման խոսքին հետևել է հարցուպատասխան, որի ժամանակ ադրբեջանցի պատգամավորի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ միասին գնալ միջազգային տրիբունալի՝ ուսումնասիրելու հայերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, որոնց մասին առկա են ՄԱԿ ԱԽ բանաձևեր, Եվրոպական խորհրդարանի, ԵԽ բանաձևեր, Զոհրաբ Մնացականյանը հակադարձել է, թե արդյոք ինչպես պետք է վերաբերվել Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործություններին.

«Դուք լսե՞լ եք Բաքվի մասին: Լսե՞լ եք Սումգայիթի, Մարաղայի մասին, լսե՞լ եք Շահումյանի շրջանի օկուպացիայի մասին: Լսե՞լ եք Մարտակերտի շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Լսե՞լ եք Մարտունու շրջանի մի մասի օկուպացիայի մասին: Ուզո՞ւմ եք՝ շարունակեմ: Հենց սրա մասին է խոսքը: Դուք պատրա՞ստ եք նվազեցնելու հռետորաբանությունը: Դուք պատրաստ ե՞ք հասկանալու մեր մտահոգությունները: Դուք պատրա՞ստ եք ներգրավվելու նման երկխոսության մեջ: Թե պետք է լինի ձեր ճշմարտությունը, այլապես ճշմարտություն չկա: Պետք է լինի միայն ձեր ցանկացած ձևով լուծում, այլապես այլ լուծում չկա: Առավելապաշտական լինելով երբևէ խաղաղություն չենք ունենա: Հենց սա է ընկած իմ կողմից մատնանշված ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու դրույթի առանցքում: Դուք խոսում էիք մեզ վերաբերող խնդրների մասին: Ձեզ սրբի տեղ մի դրեք»,- ասել է նա:

Շարունակելով Մնացականյանը նկատել է, որ կա անվտանգության հարց, որ առկա է անվտանգային միակ կազմակերպում, որ թույլ չի տալիս, որպեսզի վերսկսվի ագրեսիան, օկուպացիան։

«Ագրեսիա, օկուպացիա և մեր 150 հազար հայրենակիցների ֆիզիկական, էքզիստենցիալ անվտանգությանը սպառանացող վտանգ։ Նրանք մարդիկ են, ովքեր ունեն անուն, ընտանիք, տներ, ֆիզիկական անվտանգության մտահոգություններ, և չկա անվտանգության որևէ այլ կազմակերպում, քան այն, ինչ ունենք այսօր։ Բանակցությունները հենց դրա շուրջ են, թե ինչպես հասնել մի կետի, որը չի հասցեագրի մի կողմի առավելապաշտական պահանջները՝ մյուսների հաշվին»,- հավելել է ԱԳ նախարարը:

Ադրբեջանի ներկայացուցիչների հարցերի առնչությամբ, թե արդյոք ինչպես կարելի է խոսել խաղաղության մասին, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչպես նաև թե ինչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ, նախարարն արձագանքել է.

«Նախևառաջ կցանկանայի հղում անել նրան, ինչի մասին նշեց Բելառուսի խորհրդարանի հարգարժան անդամը: Կարծում եմ, որ նրա ուղերձը շատ կարևոր է, որը վերաբերում էր շահառու կողմերի՝ խաղաղ գործընթացի սեփականության զգացումին: Դուք իրավացի եք. հենց Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը պետք է ստանձնեն պատասխանատվությունը և հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման: Սա վերաբերում է նաև այն հարցին, որը տալիս էր, կարծեմ, պարոն Բախտիարը»:

Մնացականյանն ընդգծել է, որ վարչապետի ուղերձը, որ խաղաղությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, արժանի է փոխադարձման, դա ուղերձ է, որը արտացոլում է լուծման համար անհրաժեշտ մի շատ կարևոր նախադրյալ. այն է՝ կողմերի կարողությունը դիտարկել մյուս կողմի մտահոգությունները և ստանձնեն պարտավորություններն այնպես, որ արտացոլվեն յուրաքանչյուր կողմի մտահոգությունները:

«Դա է խաղաղ կարգավորման տրամաբանությունը, որն պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»,- աել է նախարարը՝ հավելելով, որ քաղաքականացված երկխոսությունն ամենևին անհրաժեշտ չէ:

«Ես բերեցի լրագրողների օրինակը: Մենք կարող ենք տարածաշրջանում ձևավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մի նոր նարատիվ»,-եզրափակել է նա:

Ի դեպ, աշխատանքային այցի շրջանակներում Զոհրաբ Մնացականյանը նաև հանդիպել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) գլխավոր տնօրեն Կարին Ջամթինին, որի հետ ստորագրել է Sida-ի կողմից ներկայացված Շվեդիայի և ՀՀ միջև համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG