Մատչելիության հղումներ

Սոս Սարգսյանի 90-ամյակը նշվում է նաև Ազգային գրադարանում


Այս տարի հոկտեմբերի 24-ին լրացավ հայ թատրոնի նահապետ, «Համազգային» թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը, որը նախևառաջ նշանավորվեց իր իսկ հիմնադրած Համազգային թատրոնում տեղի ունեցած հոբելյանական բեմադրությամբ:

Բացի այդ, ինչպես «Ազատության» հետ զրույցում շեշտում է թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը․ - «Որպես Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոն, մեր բոլոր ձեռնարկները նվիրում ենք Սոս Սարգսյանի 90-ամյակին: Մեր բոլոր հյուրախաղերը թե՛ արտասահմանում փառատոների մասնակցությունը և թե՛ մարզերում կայացող հյուրախաղերը, ամեն ինչը իր 90-ամյակի շրջանակներում է: Եվ սա մեր եռանդը կրկնապատկում է»:

Այսօր էլ Համազգայինի թատերախմբի անդամները Հայաստանի ազգային գրադարանում ներկայացրեցին Վարպետի հեղինակած «Ոտնամաններս» պատմվածքը՝ Սոս Սարգսյանի հոբելյանին նվիրված հանդիսությունների շրջանակներում:

Ազգային գրադարանի տեղեկատվության և հանրային կապերի պատասխանատու Սուսաննա Չիչակյանը նշեց․ - «Մենք որոշել են Սոս Սարգսյանին ներկայացնել որպես գրող: Որպես դերասան, կինոյի վարպետ, բեմի վարպետ մենք նրան անընդհատ տեսնում ենք: Բայց որպես գրող մի փոքր անտեսված է մնացել, և փորձում ենք ներկայացնել նրան որպես գրող: Փոքր ցուցասրահում ներկայացված են նրա գրքերը, նրա մասին գրքերը, ամսագրերում տեղ գտած նրա ստեղծագործությունները և հոդվածները, և մեր ֆոտոարխիվից ներկայացնում ենք նաև լուսանկարներ»:

Քչերն իհարկե գիտեն, որ բեմի և կինոյի մեծ վարպետը նաև մեկ տասնյակից ավելի հրաշալի գրքերի հեղինակ է, նույքան գիրք էլ իր արվեստի մասին է գրվել: Դրանք բոլորը ներկայացված են Ազգային գրադարանի փոքր ցուցասրահում:

«Նա մեր ուսուցիչն է», - «Ազատւթյան» հետ զրույցում ասաց Համազգայինի դերասաններից Վարշամ Գևորգյանը: - «Միշտ հորդորել եմ ոչ միայն ֆիլմերը նայել և այլն, այլ անպայման կարդալ նրա գրվածքները: Որովհետև դա առանձին մի արժեքավոր բան է, որի ապացույցը այսօր կտեսնեք «Ոտնամաններս» պատմվածքը ընթերցելիս: Ես շատ կուզենայի, որ շատերը կարդային նրա «Կանչ» գիրքը, որտեղ բազմաթիվ հետաքրքիր մտքեր են, որոնք մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեն»:

Համազգային դերասանուհի Տաթև Ղազարյանն ասաց․ - «Ուրախ ենք, որ Ազգային գրադարանը նույնպես անդրադարձել է Սոս Սարգսյանի 90-ամյակին, ու մեծ հաճույքով և հպարտությամբ եկել ենք, մեր մասնակցությունը բերել ենք»:

«Ազատության» հարցին, թե որն է Վարպետից իրենց մնացած ամենակարևոր սկզբունքը, դերասանուհին պատասխանեց․ - «Լինել ազնիվ մեր կատարած աշխատանքում, լինել ճաշակով, արարել արվեստ և չհեռանալ մեր ակունքներից»:

Համազգային տնօրեն Արման Նավասարդյանը հավելեց․ - «Մեր բոլորի մեջ, այո, ապրում է Սոս Սարգսյանը: Բացահայտ չի ապրում, թաքուն է ապրում: Մենք շատ հաճախ զրուցում ենք իր հետ: Իրենից մնացած ամենակարևոր բանը բարոյականությունն է, ժպիտը, համբերատարությունը, զսպվածությունը: Նրա համար ամենակարևորը մարդկային արժեքներ էին: Չէր կարող հանդուրժել սուտը, խաբեությունը: Շիտակ մարդ էր, պարզ, անմիջական: Բարի մարդ էր, սրտացավ մարդ էր, հոգատար մարդ էր: Ծնողի պես»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG