Մատչելիության հղումներ

ՀՀ-ում ՌԴ դեսպանը նեղսրտում է ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատություններից


«ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման մեջ» թեմայով կլոր սեղան, Երևան, 4-ը նոյեմբերի, 2019թ.
«ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման մեջ» թեմայով կլոր սեղան, Երևան, 4-ը նոյեմբերի, 2019թ.

ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զինամթերք վաճառելը լուրջ խնդիր է։ Նման կարծիք ունի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որն այսօր մասնակցում էր «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման մեջ» թեմայով կլոր սեղանին։

«Երբ մենք խոսում ենք ՀԱՊԿ, կոլեկտիվ անվտանգություն, մենք պետք է հասկանանք, որ դրա հիմքում դրված է մի օրենք, որ մեր պետության համար սպառնալիքը սպառնալիք է բոլոր պետությունների համար, և պետությունները չպիտի գործեն ու անեն քայլեր, որ ուղղված կլինի որևէ պետության ռազմական անվտանգության դեմ։ Զենք վաճառելը գործում է այդ տրամաբանության մեջ», - ասաց Հարությունյանը։

Պաշտպանության նախկին նախարարի կարծիքով, ՀԱՊԿ-ին առնչվող խնդրի մասին պետք է բարձրաձայնվի, որ լուծում ստանա։ Ըստ Հարությունյանի, պաշտոնական Երևանը պետք է հասնի նրան, որ ՀԱՊԿ անդամ պետությունները, զենք մատակարարելով, չխախտեն այն բալանսը, որն առկա է ղարաբաղյան հակամարտության գոտում։

Նախկին պաշտոնյան, ի դեպ, բացառեց, որ Ադրբեջանը կարող է ՀԱՊԿ-ում որևէ կարգավիճակ ունենալ, հիշեցրեց՝ 90-ականների սկզբին Ադրբեջանը հինգ տարով անդամակցել է այդ կառույցին. «Չի մտնելու, չի դիմելու այդ քայլին, այստեղ կա Թուրքիայի գործոնը. Թուրքիան ինչո՞ւ պիտի համաձայնի, որ Ադրբեջանը մտնի ՀԱՊԿ, որովհետև ինքն այնտեղ ուղղորդում է և հասել է մեծ հաջողությունների, դե ֆակտո Ադրբեջանի բանակը վերցրել է իր հսկողության տակ»,- ընդգծեց Հարությունյանը։

Չնայած պաշտոնական Երևանի բացասական դիրքորոշմանը՝ Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունենա։ Այս մասին սեպտեմբերին Երևանում հայտարարել էր ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։

Այն, որ Հայաստանում նման ու այլ հարցերի վերաբերյալ քննարկումներ են ծավալվում, ու քննադատություն է հնչում ՀԱՊԿ-ի հասցեին, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի սրտով չէ. «Բոլորս հիշում ենք, թե ինչպիսի ակտիվությամբ էր քննարկվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված հարցը. կազմակերպության շրջանակում խնդիրներ են առաջանում համերաշխության հետ կապված, այդ թվում նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում։ Այդ հարցերը, անխոս, շատ կարևոր են և պահանջում են ուշադրություն, քննարկում։ Այդ քննարկումնների, բանավեճերի ու մեկնաբանությունների ետևում երբեմն չի երևում ՀԱՊԿ-ի առանցքային գործունեությունը, որն իրականացվում է ամեն օր», - շեշտեց դեսպանը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, ՀԱՊԿ-ի դեպքում գործ ունենք ձևով կամ թղթերով ռազմաքաղաքական բլոկի հետ, բայց իրականում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կառույցը չունի ռազմաքաղաքական բլոկի համար կարևորագույն բաղադրիչը, հիմքը, որը արժեքային գաղափարական ընդհանրություն է այդ կառույցի անդամ պետությունների համար։

Բադալյանը կարծում է, որ հայաստանյան հանրության ու փորձագիտական շրջանակների կողմից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատությունը բնական է, տարօրինակ կլիներ, որ ոչ մի արձագանք չլիներ կազմակերպության ու անդամ երկրների քայլերի վերաբերյալ։ Ըստ նրա, խնդիրն այն է, որ ՀԱՊԿ-ն համարժեք չի արձագանքում Հայաստանի անվտանգային հարցերին, հակառակը՝ դեռ մի բան էլ անվտանգությունը խոցելի է դարձնում։

«Մենք տեսնում ենք, որ այդ կառույցի անդամները սնուցում են Հայաստանին մարտահրավեր նետող պետությանը՝ Ադրբեջանին։ Սա վերաբերում է թե ռազմատեխնիկական առևտրին Ադրբեջանի հետ, տեսել ենք Ռուսաստանի բազմամիլիարդ գործարքները, տեսել ենք Բելառուսի մատակարարումները, նաև ընդհանրապես քաղաքական դիրքորոշումների առումով կար մի ժամանակաշրջան, երբ չիմացող մարդը կարող էր մտածել՝ Հայաստա՞նն էր այդ կառույցի անդամը, թե՞ Ադրբեջանը»,- եզրափակեց Բադալյանը։

XS
SM
MD
LG