Հունվարի 1-ից մեկ դրույքով աշխատող, այսինքն՝ շաբաթական 22 դասաժամ ունեցող ուսուցիչների նվազագույն, չհարկված աշխատավարձը կկազմի 108 հազար դրամ։ Այս մասին կառավարության նիստում այսօր հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ այս թիվը կարող է նաև ավելանալ:
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձևը ներկայացնող նախարարը վարչապետին ներկայացրեց, թե ինչպես է հաշվարկվում օրինակ՝ մեկ դրույքից պակաս դասաժամ ունեցող ուսուցչի աշխատավարձը. - «Եթե ինքը շաբաթական ունենում է 9 ժամ, հաշվարկվում է ըստ դրա՝ բաժանվում է 22-ի, բազմապատկվում 9-ով, և այդ աշխատավարձն է սահմանվում»։
Վարչապետը նշեց, որ նախարարի խոսքից եզրակացնում է, որ տարբեր տեղերում տարբեր չափ են դրույքները։ «Հիմա մենք ապահովում ենք, որ նվազագույնը նույնը լինի, այսինքն՝ ինչ-որ մի սահմանից ցածր չլինի», - պատասխանեց Հարությունյանը։ Վարչապետը փորձեց ճշտել, թե ինչի հաշվին է ավելի բարձր լինում, իսկ նախարարը մանրամասնեց՝ աշակերտների թվի։
Նիկոլ Փաշինյանը հարցրեց նախարարին՝ այսինքն՝ հեռավոր մարզի ու մայրաքաղաքի ուսուցիչը նույն՝ նվազագույն 108 հազար դրա՞մը կստանան։ Հարությունյանն ասաց՝ այո, բայց միայն մեկ դրույքի դեպքում: Նախարարը նաև ընդգծեց, որ այսօր կան դպրոցներ, որոնք հաճախ օգտվելով հենց իրենց տեղակայման առավելությունից, 150-160 հազար դրույք են սահմանում:
Փաշինյանը սա խնդրահարույց համարեց։ «Երևան քաղաքի կենտրոնի դպրոցներն, այսինքն, ավելի «պրեստիժնի՞» են, քան մյուսները։ Պետք է շարունակել աշխատել այս խնդրի վրա, որովհետև դպրոցն էլ հո բնակարան չի, որ Երևանի կենտրոնում ավելի թանկարժեք լինի, քան թե, ենթադրենք, ուրիշ որևէ տեղ», - նկատեց նա։
Ըստ նախարար Հարությունյանի, էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրումից հետո Երևանում օրինակ՝ գերծանրաբեռնված դպրոցների թիվը կրճատվել է 50 տոկոսով, իսկ թերծանրաբեռնվածներինը՝ 60 տոկոսով. - «Այս դեպքում թերբեռնվածները լրացուցիչ գումարներ են աշակերտների թվով կարողանում ներգրավել, հետևաբար կարողանում են իրենց աշխատավարձը բարձրացնել, հետևաբար կարողանում են ավելի լավ, որակյալ ուսուցիչներ ներգրավել, ինչն անում էին այն դպրոցները, որոնք լիցենզիայից ավել աշակերտներ էին ներգրավում, հետևաբար մեծ գումարներ էին ունենում», - հավելեց ԿԳՄՍ նախարարը։
Վարչապետն ընդգծեց՝ եթե ֆինանսական միջոցները շատանան, շենքային պայմաններն էլ կբարելավվեն, համահարթեցումը տեղի կունենա, ինչն էլ տրամաբանական որոշում որակեց։
Կառավարության նիստում նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ 2001-ից ներդրված հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը ենթադրում էր, որ դպրոցները պետք է ֆինանսավորվեն աշակերտի թվով, հետո Երևանի քաղաքապետարանն ու մարզպետարանները ստանձնել են բյուջեն վերաբաշխելու լիազորությունը ու մեծ դպրոցներում կուտակված գումարները փոխանցել են փոքր դպրոցներին:
2001-ին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը չձայնագրվելու պայմանով «Ազատությանն» ասաց, որ մարզպետներին ու քաղաքապետներին տրված այդ լիազորություններն ընձեռվել են իր պաշտոնավարումից հետո, իսկ իր նախարար եղած տարիներին փոքր դպրոցները աշակերտի թվով ֆինանսավորվելուց բացի, նաև պետությունից ֆիքսված գումար են ստացել: Լևոն Մկրտչյանը նաև հավելեց՝ ֆինանսավորման այս նոր բանաձևը շատ ճիշտ է, դրա մշակումը սկսել է դեռ 2016-2017 թվականներին:
Մեկ դրույքով աշխատող ուսուցչի համար նվազագույն 108 հազար դրամ աշխատավարձի լուրը նորություն չէր թիվ 33 հիմնական դպրոցի համար: Տնօրեն Ինգա Վարդանյանն ասաց՝ 10 տոկոսով ավելացված աշխատավարձից հետո մեկ դրույքի դիմաց իրենց ուսուցիչները ստանում էին 119 200 դրամ, և հուս հայտնեց, որ այս գումարը չի իջնի։
Նրա խոսքով, սա լավ ու անհրաժեշտ փոփոխություն էր թերծանրաբեռնված դպրոցների համար մասնավորապես։ Տնօրեն Վարդանյանն ասաց, որ իրենց դպրոցում ուսուցիչների 20 տոկոսն է աշխատում մեկ դրույքով, իսկ մյուսները կշարունակեն 108 հազարից ցածր ստանալ:
«Մեր դպրոցում ունենք «Ինֆորմատիկայի» 4 դասաժամ ընդամենը, և մեր ուսուցչի անվանական աշխատավարձը կկազմի 19 636 դրամ։ Դեռ պահումներ պետք է արվեն», - հայտնեց նա։
Տնօրենը չի պատկերացնում, թե այս խնդիրն ինչ կերպ պետք է լուծվի։