Մատչելիության հղումներ

Հայաստանը ռուսական ռազմաբազայի գործունեությունը վերահսկելու մեխանիզմ չունի․ Սաքունց


Հայաստան - Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում, արխիվ
Հայաստան - Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում, արխիվ

«Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» զեկույցի համահեղինակ Արթուր Սաքունցի խոսքով՝ իրենց ուսումնասիրությունները թույլ են տալիս պնդել՝ Հայաստանը ռուսական ռազմական բազայի գործունեությունը վերահսկելու և մշտադիտարկում իրականացնելու որևէ մեխանիզմ չունի:

«Չի արձանագրված մեխանիզմ, եթե, չգիտեմ, ինչ-որ պայմանավորվածություններ ունեն և այլն, բայց բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հասկանալի չեն, ընկալելի չեն այդ վերահսկողության մեխանիզմները», - ասաց իրավապաշտպանը:

Այս ուսումնասիրությունն իրականացվել է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի աջակցությամբ, Սաքունցից զատ զեկույցի վրա աշխատել է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանը։

Զեկույցում, մասնավորապես, ներկայացված են Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամանակագրությունը, ռազմաբազայի վերաբերյալ երկու երկրների միջև կնքված բոլոր փաստաթղթերը, բազայի զինծառայողների մասնակցությամբ միջադեպերի նկարագրությունը, օտարերկրյա ռազմական ներկայության ու մարդու իրավունքների միջև փոխհարաբերությունները։

Ըստ ուսումնասիրության, 1992 թվականից սկսած Հայաստանի ու Ռուսաստանի միջև 20 փաստաթուղթ է կնքվել։ Նման մի ուսումնասիրություն էլ կատարվել է նաև Մոլդովայում ու Ուկրաինայում, Արթուր Սաքունցը ռուսական ռազմաբազայի գործունեությունը վերահսկելու մեխանիզմների բացակայության հետևանքների մասին խոսելիս հենց մոլդովական փորձն է ներկայացնում:

«Դա բավական լուրջ մարտահրավեր է հանդիսացել հենց մարդու իրավունքների խախտումների համար Մոլդովայի Մերձդնեստրովյան տարածաշրջանում, և դրա վերաբերյալ կան նաև Եվրոպական դատարանի հայտնի որոշումները, որով, «Իլասկուն ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի», որտեղ ուղղակի ճանաչվել է Մոլդովայի պատասխանատվությունը, որ ինքը չի կարողանում ամբողջությամբ իր ինքնիշխանությունը և իրավական մեխանիզմները իրացնի իր պետության մի հատվածում, իսկ Ռուսաստանի Դաշնությունը ճանաչվել է մեղավոր, որ դե ֆակտո կառավարելով այդ տարածաշրջանը, ինքը նաև պատասխանատու է մարդու իրավունքների խախտման համար», - ասաց իրավապաշտպանը:

Սաքունցի խոսքով, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործունեության մասով նաև սահմանադրականության հետ կապված խնդիր կա. Հայաստանում գործող ցանկացած մարմին, Սահմանադրության համաձայն, պետք է հաշվետու ու թափանցիկ գործի։

«Իր գործունեության համար ունենա և՛ լիազորություն, և՛ պատասխանատվություն, իսկ մենք տեսնում ենք, որ լիազորություններ կան, պատասխանատվության ինստիտուտը չի ամրագրված, իրավական որոշակիության սկզբունքի մասին է խոսքը»,- ասաց նա։

Զեկույցի համահեղինակն ընդգծեց՝ ռուսական ռազմաբազայի գործունեության մասով մի շարք գաղտնիքներ կան, բայց անվտանգության տեսակետից գաղտնիքները չեն կարող ունենալ լայն տարածական իմաստ, որ անվերահսկելի դարձնեն որևէ կառույցի գործունեությունը։

Իրավապաշտպանը հավելեց՝ եթե Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմական ներկայության մասին պայմանագիրը դիտարկվել է որպես ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, ապա «Զվարթնոց» օդանավակայանում ռուսների կողմից սահմանապահ ծառայության իրականացումը պայմանագրով նախատեսված չէ։

Սաքունցը հիշեցրեց՝ ամիսներ առաջ օդանավակայանում ուկրաինական Ռադայի պատգամավոր Մուսթավա Նայեմի՝ Հայաստան մուտք գործելիս ունեցած խնդիրների մասին։ ԱԱԾ-ն պնդում էր, որ նա նախկինում եղել է Հայաստանի համար անցանկալի օտարերկրացիների շարքում, և Ռուսաստանը որևէ ազդեցություն չի ունեցել, Սաքունցն էլ վստահ էր՝ պատգամավորի մուտքը խոչընդոտվել էր հենց Ռուսաստանի միջամտությամբ։

«Սահմանապահ ծառայության կողմից նա համարվում էր անցանկալի անձ՝ ՌԴ պահանջների տեսանկյունից, այսինքն՝ քաղաքացիների ազատ տեղաշարժը կարող է սահմանափակվել օրենքի հիման վրա՝ և՛ հիմնավորված, և՛ կանխատեսելի։ Ունենք ակնհայտ փաստ»,- նկատեց նա։

Ի դեպ, օրեր առաջ ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Դավիթ Տոնոյանի՝ Երևանում կայացած բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ Կրեմլը կրկնապատկում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը՝ արդիականացնելով սպառազինությունը։

XS
SM
MD
LG