Մատչելիության հղումներ

Բացվել է Կոմիտասի մանկավարժական գործունեությանը նվիրված ցուցահանդես


«Ուսուցիչը»․ այս խորագիրն է կրում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում երեկ երեկոյան բացված անչափ ուշագրավ, տեղեկատվական չափազանց կարևոր հագեցվածությամբ աչքի ընկնող ցուցահանդեսը, որն իրականացվել է Գրականության և արվեստի թանգարանի համատեղ ջանքերով:

Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված այս ցուցահանդեսը հանգամանալիորեն պատկերացում է տալիս Կոմիտասի ծավալած վիթխարի մանկավարժական գործունեության մասին, ներկայացնում նրա սաներին, որոնցից շատերը հետագայում տարբեր երկրներում մեծանուն համբավի տեր դարձան՝ իրենց նպաստը բերելով նաև Կոմիտասի հիմնադրած հայ կոմպոզիտորական դպրոցի զարգացմանն ու շարունակական ընթացքին:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանի խոսքով խիստ արդյունավետ է եղել երկու թանգարանների համատեղ աշխատանքը, որի վկայությունն է «Ուսուցիչը» խորագրով այս ցուցահանդեսը․ - «Մեծ աշխատանք է տարված բոլոր աշխատակիցների կողմից՝ ինչպես Գրականության և արվեստի թանգարանի, այնպես էլ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակիցների կողմից: Եվ իհարկե, ես կարող եմ ասել «բրավո» Մարինե Հարոյանին»:

Գրականության և արվեստի թանգարանի գիտական քարտուղար Մարինե Հարոյանը այս ցուցահանդեսի համադրողն է: Բաժին առ բաժին հանգամանալիորեն ներկայացնելով նորաբաց ցուցադրությունը՝ Հարոյանը շեշտում էր, որ ջանացել են ճշգրտորեն պատկերել ողջ ճեմարանական ժամանակաշրջանը, երբ Կոմիտասն ինքն էր սովորում Գևորգյան ճեմարանում, իսկ հետո՝ դասավանդում այնտեղ:

«Եթե մի նախադասությամբ ընդամենը բնութագրենք մեր ցուցադրությունը, սա ցուցադրություն է Կոմիտաս-ուսուցչի և իր սաների մասին: Ցուցադրության հիմնական կոնցեպտը Կոմիտասի երկու կարևոր ուղերձների վրա է հիմնված: Մի ուղերձը ուղղված է ուսուցիչներին, մյուսը՝ մանուկներին», - նշեց Հարոյանը:

Ցուցադրված կարևոր փաստաթղթերը, ձեռագրերը, շատ հետաքրքիր լուսանկարներն ու անձնական իրերը ուղեկցվում են տեղեկատվական ծավալուն վահանակներով, որոնք ուսուցողական դեր կունենան Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ոչ միայն պատանի այցելուների, այլև ցանկացած մարդու համար:

Մարինե Հարոյան․ - «Երիտասարդ Կոմիտասը հանձն է առնում ուսուցչությունը, ու հետաքրքիր է, որ պահպանվել են իր մի քանի սաների հուշերը, որոնցից մեկը՝ Դերենիկ Դեմիրճյանինը մենք այստեղ ներկայացրել ենք, թե ինչ կարճ ժամանակահատվածում նա կարողանում է իր շուրջը գրավել բոլորին և դառնալ ճեմարանի ամենասիրված ուսուցիչներից մեկը: Կոմիտասի համար ուսուցչությունը դարձավ շատ լուրջ առաքելություն»:

Ի դեպ, Գրականության և արվեստի թանգարանի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համագործակցությունը միայն այս ցուցահանդես չի սահմանափակվում: Ինչպես շեշտում էր Գրականության և արվեստի թանգարանի հանրային կապերի բաժնի վարիչ Արուսյակ Ղազարյանը, կրթական համատեղ ծրագրեր են մշակվել, որոնք նույնպես շատ արդյունավետ կարող են լինել․ - «Քանի որ ցուցադրությունը համատեղ էր, գաղափար ծնվեց համատեղ կրթական ծրագիր անելու: Երկու փուլից բաղկացած կլինի մեր կրթական ծրագիրը․ մեկ դաս անենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, մեկ դաս՝ Գրականության և արվեստի թանգարանում: Երկու թանգարանն էլ իսկապես այս պահին հագեցած են, շնչում են Կոմիտասով: Արդեն շատ մոտ օրերին ընթացքում մենք հանդես կգանք համատեղ կրթական ծրագրով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG