Մատչելիության հղումներ

«Հարցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի»․ ՀՔԾ պետը՝ ՍԴ նախագահին առնչվող գործի մասին


Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 30-ը հոկտեմբերի, 2019թ․
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 30-ը հոկտեմբերի, 2019թ․

«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար Սահմանադրական դատարանի թույլտվությունն անհրաժեշտ չէ», - այսօր «Ազատության» հարցին ի պատասխան վստահեցրեց Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը՝ միևնույն ժամանակ խուսափելով ասել, թե արդյոք Թովմասյանին կարող են գործով որպես մեղադրյալ ներգրավել:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում, քրեական գործ է հարուցվել Հրայր Թովմասյանի՝ Արդարադատության նախարար եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ: Ըստ հաղորդման, տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, և հիմնավորվել է, որ Բաղրամյան 1 հասցեում գտնվող տարածքը Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աճուրդով փաստացի ձեռք է բերվել նրա կողմից։ Քննչական կոմիտեն գործը երեկ ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

«Քրեական գործը երեկ ենք ստացել, դեռևս ուսումնասիրում ենք: Այդ գործով ոչ մի մեկնաբանություն այս պահին չեմ անի: Իսկ ինչ վերաբերում է անձին հարցաննելու իրավունքին, հանցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի», - ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ կոնկրետ Հրայր Թովմասյանի դեպքում Սահմանադրական դատարանի թույլտվությունն անհրաժեշտ չէ նրան հարցաքննելու համար:

Իսկ հարցին, թե կարող են Թովմասյանին ներգրավել որպես մեղադրյալ, ՀՔԾ-ի պետն արձագանքեց․ - «Ես հիմա չեմ մեկնաբանի դա: Դա իրավական վեճ է, իրավական խնդիր է, դրա մասին հիմա չեմ խոսի»:

2020-ի բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում խորհրդարան եկած Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործին: Մասնավորապես, անդրադառնալով հարցին, թե ինչու է ՀՔԾ-ն կալանավորված Բաբայանին զրկել նաև ընտանիքի անդամներին տեսակցելու, անգամ հեռախոսային խոսակցության հնարավորությունից, նա ասաց, թե առկա հանգամանքները քննիչն է գնահատում:

Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և իշխանության յուրացմանը օժանդակելու մեջ: Այս գործը առնչվում է Հրայր Թովմասյանի կողմից Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու գործընթացում առերևույթ չարաշահումներին:

«Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննիչ է գնահատում, թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Տվյալ դեպքում գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում, և նաև հենց այդ նկատառումներով արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա», - ասաց Խաչատրյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արգելվել է Բաբայանի շփումը անգամ անչափահաս երեխաների հետ, ՀՔԾ-ի պետն արձագանքեց․ - «Ես նման տեղեկատվություն չունեմ, որ արգելվել է նրա շփումը անչափահաս երեխաների հետ: Եթե նման թյուրիմացություն եղել է, այդ թյուրիմացությունը կշտկվի»:

Մեկ այլ հարցի էլ՝ եթե Հրայր Թովմասյանը հրաժարական տար, Արսեն Բաբայանի դեպքում որևէ գործ կհարուցվե՞ր, Սասուն Խաչատրյանը հակադարձեց․ - «Հրայր Թովմասյանի հրաժարական տալ-չտալը քրեական գործի համար որևէ նշանակություն չունի: Եվ կրկին անգամ ասում եմ, որ Հատուկ քննչական ծառայությունը քաղաքականությամբ չի զբաղվում»:

Ի դեպ, անդրադառնալով հարցին, թե ինչու Արսեն Բաբայանի նկատմամբ համաներում չի տարածվել՝ հաշվի առնելով, որ ի սկզբանե այն մեղադրանքը, որը նրան ներկայացված է, ենթակա է համաներման, Սասուն Խաչատրյանն ասաց, թե Արսեն Բաբայանը նման ցանկություն չի հայտնել․ - «Համաներման կիրառման համար պետք են մի շարք նախապայմաններ: Դրանցից ամենակարևորը անձի համաձայնությունն է: Տվյալ դեպքում Արսեն Բաբայանը նման ցանկություն չի հայտնել»:

Արձագանաքելով ՀՔԾ ղեկավարի այն պնդմանը, որ Արսեն Բաբայանը ձերբակալման ժամանակ համաձայնություն չի տվել համաներման ենթարկվելու համար՝ փաստաբան Երվանդ Վարոսյանը հակադարձեց, թե իր պաշտպանյալը ընդհանրապես չպետք է ձերբակալվեր, ուստի համաձայնության կարիք չի եղել․ - «Երբ առկա է համաներում և համաներման ուժով քրեական հետապնդումը բացառող հանգամանք, ապա, անկախ ամեն ինչից, անձի ազատության հետ կապված որևէ խափանման միջոց կամ որևէ արգելանքի միջոց կիրառել չեն կարող վարույթ իրականացնող մարմինները: Այդ պայմաններում Արսեն Բաբայանը չպետք է ձերբակալվեր, նրա ձերբակալումը եղել է ապօրինի, բայց դա իրականացվել է: Համաձայնությունը պետք է, երբ որ խոսքը գնում է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Բայց երբ որ խոսքը գնում է անձին ազատությունից զրկելու մասին, նրա նկատմամբ անազատության հետ կապված հարկադրանքի միջոց կիրառելու մասին, այստեղ ոչ մի համաձայնություն պետք էլ չի»:

Իսկ Խաչատրյանի հայտարարության վերաբերյալ, թե թյուրիմացություն է տեղի ունեցել, որ Արսեն Բաբայանին թույլ չեն տվել տեսակցել մանկահասակ երեխաների հետ, Վարոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ՀՔԾ ղեկավարի տրամաբանությունը չի հասկանում․ ինչպե՞ս է Սասուն Խաչատրյանը պատկերացնում, որ մանկահասակ երեխաները առանց որևէ մեկի ուղեկցության տեսակցեն իրենց հորը, երբ անգամ արգելանք կա Բաբայանի կնոջ վրա:

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով: Պատգամավորը հաղորդում է ներկայացրել, որ 2018 թվականին մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, օրինախախտումներով բռնազավթել են ՍԴ նախագահի պաշտոնը: Այս գործով մեղադրյալ է նաև ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG