Մատչելիության հղումներ

Պաշտպանը անհիմն և իրավական առումով խոցելի է որակում Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը


Փաստաբան Արամ Վարդևանյանը Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը անհիմն և իրավական առումով խոցելի է որակում:

«Մեղադրանք է առաջադրվել 300-րդ հոդվածով, որը իշխանության յուրացումն է, այսինքն՝ մի հոդված, որը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, ըստ էության, չի կիրառվել։ Նաև տարածաշրջանում էլ, ի դեպ: Այսինքն՝ սա շատ հազվադեպ հանդիպող հոդված է Քրեական օրենսգրքի։ Մյուս հոդվածը 314-րդն է՝ պաշտոնական կեղծիք։ Սրանք են մեղադրանքները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդևանյանը՝ շարունակելով․ - «Երկուսի մասով էլ մեղադրանքը չի ընդունվում։ Մեղադրանք առաջադրելը իրենից ենթադրում է այնպիսի բավարար ապացույցների համակցություն, և խոսքը գնում է 300-րդ հոդվածի մասին Քրեական օրենսգրքի՝ սա այնպիսի մի հոդված չէ, որ հաճախ ես հանդիպում, այս պարագայում գտնում եմ, որ ապացույցների ամբողջականությունը, համակցությունը պետք է շատ ավելի բարձր ստանդարտի համապատասխանի, որը ես չեմ տեսնում»:

Փաստաբանն ընդգծում է՝ Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրելիս հաշվի չի առնվել կարևոր հանգամանք՝ Ազգային ժողովի նախկին նախագահի գործառութային անձեռնմխելիությունը: «Դուք տեղյակ եք, որ մեղադրանքը առաջադրվել է 18 թվականի ժամանակահատվածի համար, երբ Արա Բաբլոյանը եղել է Ազգային ժողովի նախագահ, ով նաև պատգամավոր է: Ազգային ժողովի նախագահի կոնցեպտը նրանում է, որ վերջինս պատգամավոր է, պարզապես՝ առաջինը իրեն հավասար այլ պատգամավորների մեջ: Եվ հետևաբար՝ այստեղ անձեռնմխելիության հարցը առնվազն քննարկման առարկա պետք է դառնար, առնվա՛զն, որը առհասարակ չի եղել: Եվ ես հետևողականորեն այս հարցը բարձրաձայնելու եմ», - հայտարարեց Վարդևանյանը:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ «Արա Բաբլոյանը և՛ կասկածյալի կարգավիճակով, և՛ մեղադրյալի կարգավիճակով դրսևորել է դատավարական պատշաճ վարքագծի ամենահնարավոր բարձր աստիճանը, այսինքն՝ ընդհուպ մինչև չօգտվելով լռելու իրավունքից, և այլն, և այլն: Եվ այս առումով, սա կարծում եմ նաև պետք է հաշվի առնել, երբ խոսվում է անձի պատշաճ վարքագծի մասին: Ի վերջո, խափանման միջոցը, գիտեք, ուղղված է պատշաճ վարքագիծը ապահովելու համար», - նշեց փաստաբանը:

Անցած շաբաթ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա՝ իշխանությունը յուրացնելու հոդվածով։ Պատգամավորը պնդում է, որ 2018-ին հանրապետական պատգամավոր Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։

Եվ այս գործով փաստորեն այժմ երկու մեղադրյալ կա՝ ավելի վաղ պաշտոնեական կեղծքի կատարելու և իշխանության յուրացմանը օժանդակելու հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին, նախկին պաշտոնյան անցած շաբաթվանից կալանքի տակ է։ Հրայր Թովմասյանը գործում որևէ կարգավիճակ չունի:

Հատուկ քննչական ծառայությունը ծավալուն հաղորդագրությունում նշում է՝ 2018-ին նախկին պաշտոնյաներն այնպես են արել, որ ԱԺ նախագահը հայտարարի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին այն ժամանակ, երբ դեռ այդ հրաժարականը չի եղել, ինչից հետո էլ արդեն խորհրդարանը հին՝ 2005 թվականի Սահմանադրությամբ մարտի 21-ին Թովմասյանին նշանակել է Սահմանադրական դատարանի նախագահ: Թովմասյանին հին Սահմանադրությամբ են ընտրել, որպեսզի նա կարողանա պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, նորի դեպքում նա կպաշտոնավարեր միայն վեց տարի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG