Կիրակի լուսադեմին Միացյալ Նահանգները հատուկ գործողություն է իրականացրել Սիրիայում, որի արդյունքում, ինչպես հայտնում են լրատվամիջոցները վկայակոչելով իրենց աղբյուրները, ենթադրվում է, որ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին:
«Ռոյթերզ» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները ԱՄՆ-ի և Իրաքի հատուկ ծառայություններում, ինչպես նաև Սիրիայից ստացվող տեղեկությունները, հայտնում է, որ ԱՄՆ-ի հատուկ ջոկատայինները գործողություններ են իրականացրել Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբում։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի մահվան պաշտոնական հաստատում առայժմ չկա:
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հանդես կգա հատուկ հայտարարությամբ:
Մինչ այդ՝ կիրակի կեսգիշերին, նախագահ Թրամփը Թվիթերում գրել է, թե՝ «Հենց նոր կարևոր բան է տեղի ունեցել»:
Ալ-Բաղդադիի հավանական մահվան մասին բազմիցս հաղորդվել է, սակայն հետագայում հերքվել է: Այս տարվա ապրիլին, հինգ տարվա ընդմիջումից հետո, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդը հանդես է եկել տեսաուղերձով, հայտարարելով, թե «Իսլամական պետություն»-ը վրեժ է լուծելու իր մարտիկների սպանության և ձերբակալության համար, ինչպես նաև վստահեցրել, որ իր գլխավորած ահաբեկչական խմբավորման գործողությունները Արևմուտքի դեմ՝ «երկար ճակատամարտ է»: