Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ն հսկայական քայլ է կատարել միջազգային տնտեսական համակարգում իր տեղի ու դերի հաստատման ուղղությամբ. Փաշինյան


Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի վարչապետները: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Ելույթս կսկսեմ Դմիտրի Անատոլիի հասցեին շնորհակալական խոսքերով՝ այսօրվա հանդիպումը կազմակերպելու, հյուրընկալության և ավանդական ջերմ ընդունելության համար: Ես շատ ուրախ եմ կրկին այցելել Մոսկվա և մասնակցել Միջկառավարական խորհրդի նիստին:
Անցնելով օրակարգային հարցերին՝ ցանկանում եմ սկսել անցած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին մեզ տրամադրված տեղեկատվությունից: Կարծում եմ, որ գրեթե չորս տարվա գործունեության ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իսկապես հսկայական աշխատանք է կատարել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժման ազատության սկզբունքների գործնական իրականացման առումով»:

Վարչապետն ասել է, որ շոշափելի արդյունքներ են գրանցվել Եվրասիական տնտեսական միության ինստիտուտների ստեղծման և ամրապնդման տեսանկյունից:

«Մենք կարող ենք հպարտորեն նշել, որ մեր կազմակերպությունը հսկայական քայլ է կատարել միջազգային տնտեսական համակարգում իր տեղի ու դերի հաստատման ուղղությամբ՝ համագործակցության բազմազան փաթեթով», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշելով ձեռք բերված արդյունքները՝ ընդգծել է նորմատիվ իրավական բազայի հետագա կատարելագործման, թերությունների և սահմանափակումների վերացման, տնտեսության հիմնական ճյուղերում քաղաքականությունը համակարգելու և բիզնեսի վրա բյուրոկրատական բեռը թեթևացնելու անհրաժեշտությունը:

«Մեր առջև ծառացած են լայնածավալ խնդիրներ, որոնք ուղղված են մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:
Այս խնդիրներից մեկը ոգելից խմիչքների ընդհանուր շուկայի գործունեության համար իրավական դաշտի ստեղծումն է: «ԵԱՏՄ շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» համաձայնագրի վերջնական համաձայնեցումը, որը հիմնված է խտրականության և մրցակցության սահմանափակման անթույլատվության սկզբունքների վրա, կլինի ևս մեկ քայլ առկա խոչընդոտները վերացնելու համար:
Միության ներքին շուկայում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված արտադրանքի ազատ շրջանառությունն ապահովելու համար պայմանների ստեղծումը նույնպես պատկանում է այդ խնդիրների շարքին», - ընդգծել է Հայաստանի վարչապետը:

Նա նշել է, որ համապատասխան միջազգային պայմանագրի ստորագրումը թույլ կտա ձևավորել փոխշահավետ առևտրատնտեսական մեխանիզմներ, որոնք ուղղված են անդամ պետությունների մրցակցային առավելությունների ստեղծմանը: Պայմանագիրը թույլ կտա վերացնել գոյություն ունեցող սահմանափակումը, որը կապված է դրոշմանշանների փոխադարձ ճանաչման բացակայության հետ, ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որքան մոտենում է 2020 թվականի փետրվարը, այնքան ավելի արդիական են դառնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմի ձևավորման հարցերը:

«Մենք կարծում ենք, որ ռոտացիոն մեխանիզմի ընտրությունը կարող է հիմք դնել գործառույթի արդար վերաբաշխման համար՝ հիմնվելով միմյանց շահերի հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա: Ինչպես ես բազմիցս նշել եմ, 2019 թվականին ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության հիմնական գերակայություններից մեկն արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնումն է:

Այս կապակցությամբ ուզում եմ շնորհավորել բոլորիս ազատ առևտրի մասին հաջորդ համաձայնագրի կապակցությամբ: Հաճույքով կցանկանայի նշել, որ այսօր այն կստորագրվի մեր բարեկամ Սերբիայի հետ: Հայաստանը մտադիր է ամբողջովին օգտվել բոլոր մեխանիզմներից, որոնք մեզ տալիս է այս պայմանագիրը», - ասել է վարչապետը։:

Նիստի ընթացքում քննարկվել են ալկոհոլային արտադրանքի առևտրի ոլորտում ազգային կարգավորումներին, տարբեր, այդ թվում` թանկարժեք մետաղների, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում անդամ-պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի գործող կազմի գործունեության ժամկետի ավարտի կապակցությամբ, որը լրանալու է 2020 թվականի փետրվարի 1-ին, զեկույց է ներկայացվել ԵՏՀ-ի գործունեության հիմնական արդյունքների մասին:

Նիստի շրջանակում ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության զարգացման համատեքստում միության անդամ-պետությունների վարչապետները մի կողմից և Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը ստորագրել են ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր:
ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի` հոկտեմբերի 2019 թվականի հոկտեմբերի 25-ից ուժի մեջ մտնելու կապակցությամբ ընդունվել է ԵԱՏՄ անդամ-պետությունների և ՉԺՀ-ի համատեղ հայտարարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG