Մատչելիության հղումներ

Jazz Fest -2019-ը կբացի աշխարհահռչակ Սթենլի Քլարքի համերգով


Աշխարհահռչակ ջազմեն Սթենլի Քլարքը լրագրողների հետ հանդիպմանը: Երևան, 25-ը հոկտեմբերի, 2019 թ․
Աշխարհահռչակ ջազմեն Սթենլի Քլարքը լրագրողների հետ հանդիպմանը: Երևան, 25-ը հոկտեմբերի, 2019 թ․

Արդեն 5-րդ տարին անընդմեջ այս օրերին Ջազի հայկական ասոցիացիան և Mezzo Production  ընկերությունը կազմակերպում են ջազի միջազգային փառատոն՝ Yerevan Jazz Fest-ը, որի շրջանակներում մեր մայրաքաղաքում ջազի սիրահարները ունկնդրում են տարբեր երկրներից ժամանած լավագույն ջազմեններին:

Բացառություն չէ Jazz Fest -2019-ը, որը մեկնարկում է այս երեկո Մարզահամերգային համալիրում աշխարհահռչակ ամերիկացի ջազմեն, «Գրեմմիի» քառակի դափնեկիր Սթենլի Քլարքի և նրա ջազ բենդի համերգով:

Համերգից առաջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սթենլի Քլարքը հենց սկզբից ասաց, որ շատ գոհ է, որ այստեղ է, շատ է հավանել Հայաստանը և հատկապես հայկական ուտելիքները:

Այս երեկո հատուկ ծրագիր են նախապատրաստել․ - «Ունեմ հազարավոր երգեր, և հաճախ դժվար է ընտրել որը կատարել: Կատարելու ենք այն ամենը, ինչ մենք շատ ենք սիրում կատարել: Դա ներառելու է ավանդական ջազը, լատինամերիկյան ջազը: Շատ թույն երաժշտություն ենք սիրում կատարել, գժոտ գործեր»:

«Ազատության» հարցին, թե ինչ կարծիք ունի հայկական ջազի մասին, աշխարհահռչակ երաժիշտը պատասխանեց, որ թեև ջազը Միացյալ Նահանգներում է ծնունդ առել, բայց այն համընդհանուր լեզու է և չունի ազգություն կամ էթնիկ պատկանելություն․ - «Ջազը սահմանում չունեցող եզրույթ է: Այդուհանդերձ այն ընդհանուր հայտարարը, որ գնում է բոլոր ջազային ոճերի, տարատեսակների միջով, լինի դա հայկական ջազ, աֆրիկյան ջազ, ավանդական թե ճապոնական ջազ լինի, ընդհանուր հայտարարը այս ամենի իմպրովիզացիան է, պահի վրա երաժշտություն ստեղծագործելու կարողությունը: Երբ երաժիշտները, որտեղ էլ որ նրանք լինեն, անկախ իրենց էթնիկ պատկանելությունից, եթե ունեն իմպրովիզ անելու հատկությունը և կարողությունը, եթե ունեն մի փոքր Չարլի Փարքեր իրենց սրտում, ապա այս ամենը հանդիսանում է որպես ընդհանուր հայտարար՝ միավորելու նրանց»:

Այսօր արդեն 68-ամյա աշխարհահռչակ ջազմենը պատմեց, որ 16 տարեկանից է նվիրվել ջազին, համերգներով շրջել է աշխարհով մեկ․ - «Այս իմ երկար տարիների ճամփորդությունների և երաժշտական կարիերայի ընթացքում նկատել եմ, որ այն, ինչը մեզ հետևել է ստվերի պես, բռնությունն է, բռնությունն ու վայրագությունը: Մեր ուղերձը և նպատակը մեկն է՝ սերը»:

Արդյո՞ք ջազը առեղծված է: «Ոչ մի առեղծված», - ասաց Սթենլի Քլարքը՝ շեշտելով, որ իրենք հենց այդպիսի երգ ունեն, որ կոչվում է «Ոչ մի առեղծված:

Հավելենք, որ այս երեկո Jazz Fest -2019-ի մեկնարկը ազդարարող Սթենլի Քլարքի համերգը կազմակերպվել է Հայաստանում Միացյալ նահանգների դեսպանատան աջակցությամբ, առանց որի, ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց փառատոնի հիմնադիր նախագահ Կամո Մովսեսյանը, անհնար կլինել հրավիրել նման հռչակավոր երաժիշտի․ - «Այս փառատոնը պետք է մեր քաղաքին, մեր երկրին, մեր երկրի վարկանշին, մեր հայկական մշակույթի զարգացմանը, նաև զբոսաշրջության զարգացմանը: Այսօր մենք շատ հայտեր ունենք դրսից, մարդկանցից, որոնք ուզում են գալ, մասնակցել փառատոնին, լսել: Մեզ անգամ դիմել է Ավստրալիայից մի խումբ, ցանկություն է հայտնել մասնակցել: Մենք հաշվեցինք, որ դա այնպիսի մեծ ծախսերի հետ է կապված, ներողություն խնդրեցինք՝ ասելով, որ, ցավոք, այս տարի իրենց չենք կարող հրավիրել: Տարեցտարի մեր ցանկույունն ընդլայնվում է, բայց հնարավորությունը՝ դեռ չէ»:

Մովսեսյանը հավելեց․ - «Օգտվելով առիթից, ուզում եմ վարչապետին շնորհակալություն հայտնել: Այսօր իր ֆեյսբուքյան էջում ինքը շատ լայնածավալ անդրադարձել է փառատոնին, և դա մեզ շատ ոգևորում է»:

Մեր հանրահայտ ջազմեն Վահագն Հայրապետյանն ասաց․ - «Ամենակարևորը, որ փառատոնը մեր երկրին ուրիշ հարթության վրա ճանաչում է տալիս: Այնպիսի աստղ, ինչպիսին Սթենլի Քլարքն է, այսօր իր բոլոր ունկնդիրները, բոլոր իրեն սիրողները, բոլորը տեսնում են, թե հիմա ինքը որտեղ է, ինչ մթնոլորտի մեջ է, ու ինչ սիրով ու բաց հոգով է իրեն ընդունում Հայաստանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG