Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական կտա, եթե իրեն այդ պահանջով դիմեն բարձր դատարանի հինգ դատավոր: Այդ մասին նա հայտարարել է 168.am-ին տված հարցազրույցում:
«Որ պահին հինգ դատավոր միասին կմտնեն իմ աշխատասենյակ և կասեն, որ «պարոն Թովմասյան, գիտե՞ք, Ձեզ շատ ենք հարգում, շատ ենք սիրում, Դուք լավ մարդ եք, լավ մասնագետ եք, բայց, գիտե՞ք ինչ, ոնց որ թե Ձեր մոտ չի ստացվում Սահմանադրական դատարանի նախագահ լինել՝ չեք կարողանում կազմակերպել, ես պատրաստ եմ հրաժարական տալ», - ասել է ՍԴ նախագահը:
Հրայր Թովմասյանն ասել է, թե իր համար ավելի բարձր արժեքներ կան, քան զբաղեցրած պաշտոնն է, և միևնույն է, թե մեկ ամիս անց որտեղ կլինի: Եթե բարձր դատարանում իր պաշտոնավարումը համարում են պայքար, ապա դա սեփական խղճի հետ գործարքի չգնալու պայքար է, ասել է ՍԴ նախագահը:
«Եթե, վերջին հաշվով, իմ հրաժարականն է լինելու մեր երկրի զարգացման գրավականը, մեր երկրում առկա խնդիրների լուծումը, ապա Հրայր Թովմասյանի համար, վստահեցնում եմ Ձեզ, երկիր, հայրենիք, անվտանգություն՝ սրանք շատ ու շատ ավելի բարձր արժեքներ են, քան Հրայր Թովմասյանի պաշտոնը: Եվ Հրայր Թովմասյանը որտեղ կլինի մի ամիս հետո՝ մի հասարակական կազմակերպության ղեկավար կլինի, մի ֆոնդի ղեկավար կլինի, Սահմանադրական դատարանի շարքային դատավոր կլինի, Հրայր Թովմասյանի համար դա հինգերորդական, տասերորդական հարց է», - վստահեցրեց ՍԴ նախագահը՝ շարունակելով․ - «Ինձ հարցնում են՝ պայքարել, ես էդ պայքարելը չեմ հասկանում: Պայքարել․․․ ես հասկանում եմ, որ ես գնում եմ աշխատանքի, իմ աշխատանքն եմ անում, գնում եմ տուն, ես չեմ ուզում պայքարել: Եթե դրա անունը դրել ենք պայքար, ապա ընդամենը հետևյալն է՝ դա պայքար է արժանապատիվ ապրելու, դա պայքար է սեփական խղճի հետ գործարքի չգնալու»:
Հրայր Թովմասյանի պայքարը բացառապես անձնական գույքի պաշտպանության նպատակով է, ՍԴ նախագահին հակադարձում է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Ըստ իշխանական պատգամավորի, Թովմասյանը ոչ թե հինգ դատավորի պահանջին է սպասում, այլ բարձր ղեկավարությունից երաշխիքներ է ակնկալում:
«Իրա պատկերացմամբ ինքը անձեռնմխելի սուբյեկտ է և իր պատկերացմամբ անձեռնմխելիությունը դադարեցնելու պայմանում ինքը կարող է ենթարկվել որոշակի պատասխանատվության, իր պաշտոնական ժամանակահատվածում ոչ օրինական գործողությունների համար և ինքն իր անձնական շահի համար է դա անում։ Եթե վերևից ինչ-որ մեկը զանգ տար, ասեր՝ դու խնդիր չունես, ինքը վաղուց հրաժարականը կտար։ Այդ զանգի բացակայությունն է, որ իր մոտ այդպիսի խուճապային իրավիճակ է առաջացրել», - նշեց Բաղդասարյանը։
Հրայր Թովմասյանը խուսափել է գնահատական տալ իշխանության յուրացման հոդվածով հարուցված քրեական գործին, որի շրջանակում կալանավորված է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, կասկածյալ է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, վկայի կարգավիճակում հարցաքննվել է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: Այս քրեական գործը, հիշեցնենք, հարուցվել է պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա: Ըստ պատգամավորի, 2018 թվականին մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը, օրինախախտումներով բռնազավթել են Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը:
«Այնուամենայնիվ, ձեռնպահ մնամ, որովհետև գործնականում չեմ բացառում, որ սա կարող է դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա», - հարցազրույցում ասել է ՍԴ նախագահը:
Բարձր դատարանի նախագահն այս գործում որևէ կարգավիճակ դեռ չունի: Անդրադառնալով իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու հավանականությանը, պնդել է, թե դա հնարավոր է միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Հրայր Թովմասյանը հիմնավորել է, թե ինքը ՍԴ անդամ է ընտրվել մինչև գորոծղ Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելը, ինչը նշանակում է, որ անձնական անձեռնմխելիություն ունի. «Ե՛վ եվրոպական ստանդարտներով, և՛ Սահմանադրական դատարանի վերջին որոշումներով արձանագրված՝ դա Քրեական դատավարության 35-րդ հոդվածին էր վերաբերվում, որ մինչև դա նշանակված դատավորները դրան նախորդող ողջ ժամանակահատվածի համար ունեն ոչ միայն ֆունկցիոնալ, այլ ամբողջական անձեռնմխելիություն»։
Հրայր Թովմասյանն անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նիստերին չմասնակցելուն և պարզաբանել, թե ինչո՞ւ դատավորի դեմ գործընթաց չի սկսում։
«Հաշվի առնելով իմ կարգավիճակը՝ նման պրոցես նախաձեռնելու դեպքում կարող է սուբյեկտիվ ընկալում լինի և անձնավորված, որ տեսենք՝ «Գրիգորյանը նման նախաձեռնությամբ է հանդես եկել, հիմա պարոն Թովմասյանը փորձում է դրան պատասխանել», կարող է շատ իրավական չի իմ ասածը, բայց մարդկային է։ Հուսով եմ հեռուստադիտողները և Դուք կհասկանաք, թե ինչով է պայմանավորված իմ այս ուղղությամբ որևէ քայլ չանելը», - ասել է Թովմասյանը։
Պատգամավորի խոսքով՝ Հրայր Թովմասյանը գործընթաց չի սկսում, քանի որ վախենում է ճշմարտությունից: Ըստ պատգամավորի, անգամ Թովմասյանի հռետորաբանությունն է փոխվել. «Վախի զգացմունք եմ զգացել իր ելույթի մեջ՝ ի տարբերություն նախորդ ելույթի»։