Մատչելիության հղումներ

Իոաննիսյանն առաջարկել է ԱՄՆ-ում սառեցնել Հայաստանում կոռուպցիոն հանցանքներին առնչվողների ապօրինի միջոցները


«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան, արխիվ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան, արխիվ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Վաշինգտոնում գործող Հելսինկյան հանձնաժողովում կայացած «Բարեփոխումները Հայաստանում. առաջընթաց և հնարավորություններ» խորագրով լսումների ժամանակ առաջարկել է Հայաստանում կոռուպցիոն հանցանքներին առնչվողների՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցները ԱՄՆ-ում սառեցնել:

Ընդհանուր առմամբ, Իոաննիսյանը լսումները կառուցողական ու բովանդակալից է համարում, նկատում է՝ վերջին անգամ Հայաստանի մասին լսումներ են տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո:

«Աջակցությունը ամերիկյան կարող է արտահայտվել նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ FBI-ի, և այլ իրավապահների փորձի փոխանակմամբ՝ գան և Հայաստանում իրենց փորձը ներկայացնեն, թե ինչպես են իրենք այդ հանցագործությունների դեմ պայքարում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իոաննիսյանը և շարունակեց․ - «Ինչպես գիտեք, Հայաստանում հիմա նաև մշակվում է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերականգնման վերաբերյալ օրենսդրություն, և էս առումով, պետք է ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ երկրների է աջակցել, որ այդ երկրներում կոռուպցիոն ճանապարհներով և այլ հանցավոր ճանապարհներով ապօրինի ձեռք բերված գույքը, որը տարվել է ԱՄՆ, գոնե սառեցվի, իսկ հետո նաև վերադարձվի: Եվ շատ օգտակար կլիներ, որ Ամերիկան նաև այդ աջակցությունը ցույց տար Հայաստանին»:

Հելսինկյան հանձնաժողովն ԱՄՆ կառավարական մարմին է և բաղկացած է 9 սենատորներից, 9 կոնգրեսականներից և գործադիր իշխանության 3 ներկայացուցիչներից։ Հանդիպմանը ներկա են եղել 4 կոնգրեսական, 2-ը՝ դեմոկրատ, 2-ը՝ հանրապետական:

Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում, Իոաննիսյանի փոխանցմամբ, անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարության վիճակին: Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգողն իր ելույթում ընդգծել է, որ նախկին կոռումպացված համակարգի ներկայացուցիչներն ամեն կերպ խոչընդոտում են ժողովրդավարական տրանսֆորմացիային, նա իր մտահոգություններն է բարձրաձայնել նաև Հայաստանի դատական համակարգում առկա խնդիրների մասին:

«Ներկայացրեցի իմ կարծիքը թե՛ վերջին իրադարձությունների հետ կապված, թե՛ Վահե Գրիգորյանի հայտարարության հետ կապված, երբ հայտարարել է, որ գնում է Սահմանադրական դատարան որպես նախագահ», - ասաց Դանիել Իոաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG