Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ տուն ինտերնատի կարիք ունեցող անձանց համար կներդրվի նոր համակարգ․ վկայական կտրամադրվի, որի շրջանակներում էլ շահառուն ինքը կընտրի, թե մրցույթը շահած որ կազմակերպությանը վստահի իրեն ծառայություն մատուցելը:
«Վկայագրերի միջոցով ծառայությունների տրամադրումը ճկուն մեխանիզմ է ստեղծում, որը շահառուին տալիս է համապատասխան ծառայությունն ընտրելու հնարավորություն, ինչպես նաև նպաստում է տվյալ ծառայությունների որակի բարձրացմանը, և ոլորտում այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների համար մրցակցային դաշտ է ձևավորում», - փաստարկեց նախարարը:
Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ նոր մեխանիզմով փորձ է արվում այս ծառայությունների մատուցումը պետությունից փոխանցել մասնավոր հատվածին․ - «Մենք այդ հաստատություններում ծառայությունները մրցույթով արտապատվիրակում ենք, փորձ ենք անում, դեռ չգիտենք կստացվի, թե չի ստացվի, արտապատվիրակում ենք մասնավոր կազմակերպությունների կամ բարեգործական կազմակերպությունների»:
Գյումրիի տուն ինտերնատում, որտեղ 156 տարեցներ են ապրում, լսել էին կառավարության որոշման մասին: 12 տարի տուն ինտերնատում բնակվող Հրաչ Արզաքինյանը մտավախություն ունի․ - «Ով էլ գա, պտի անպայման ասի, որ լավ ա լինելու, ոչ մեկ չի ասելու, որ մենք գալու ենք, ու ձեր համար վատ կլինի: Տեսնել ա պետք, տեսնենք, որ իմանանք, համոզվենք: Բայց մենք արդեն տեսած ենք մերոնց լավը, եթե դրանից լավը․․․ դրանից լավը ես արդեն չեմ պատկերացնում»:
«Բարեփոխում են ուզում, թող տուն ինտերնատի սենյակները վերանորոգեն», - հավելում է տուն ինտերնատի մեկ այլ բնակիչ Աշոտ Գևորգյանը: Նա չի ուզում «փորձած թանն անփորձ մածունի հետ փոխի»․ - «Մենք սովոր ենք էս անձնակազմին: Իսկ նրանց ծանոթ չենք: Ո՛չ լավը կարող եմ ասել, ո՛չ վատը»:
Փոփոխություններին, սակայն, ըստ էության, դեմ չեն ո՛չ տարեցները, ո՛չ էլ տուն ինտերնատի աշխատակիցները: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարուխանյանը նշում է, որ վկայագրի մեխանիզմը իրենց համար նորույթ է, և ըստ էության, լավ մոդել է՝ եթե մրցակցությունն էլ առողջ լինի կազմակերպությունների մեջ:
Սարուխանյանն առաջարկում է նախ նոր մոդելը մեկ հաստատությունում կիրառել, հաջողության դեպքում նոր համատարած դարձնել:
Կառավարությունը ծրագիր է իրականացնում նաև գիշերօթիկների համար՝ «Երեխաների վերադարձ ընտանիք»: Հունվարի 1-ից Գյումրիի 2 խնամքի կենտրոնները կփակվեն: Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց, թե պետությունը ինչ է առաջարկում գիշերօթիկներ հաճախող երեխաների ընտանիքներին․ - «Պլանավորում ենք աջակցություն ընտանիքին, այսինքն՝ կենցաղային պայմանների բարելավում, աշխատանքային հնարավորությունների ստեղծում: Եվ միայն այդ պայմանները ստեղծելու արդյունքում մենք երեխաների վերադարձը կարող ենք ապահովել ընտանիք»:
Արմինեի 3 երեխաները գիշերօթիկ են հաճախում: Տարիներ շարունակ ապրում են փտած ու քայքայված տնակում, որտեղ տարրական պայմաններ չկան՝ ո՛չ ջուր, ո՛չ սանհանգույց: Հարցնում է՝ ինչպե՞ս տանը պահի երեխաներին այս պայմաններում:
34-ամյա կինը 35 հազար դրամ նպաստ է ստանում ու հազիվ ծայրը ծայրին հասցնում: Երազանքն է բնակարան ու աշխատանք ունենալը:
Վարչապետն այսօր նշեց, որ նոր մեխանիզմի ներդրման դեպքում պետք է խիստ վերահսկողություն լինի, որ «կոպեկ փախցնողների համար բոլոր սողանցքներ փակ լինեն»: Կառավարության նիստում, սակայն, չմանրամասնեցին, թե պատկան մարմիններն ինչպես են իրականացնելու այդ վերահսկողությունը: