Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկում է «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնը


Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի Սալվադոր Սիմոյի «Բոնյուելը կրիաների լաբիրինթոսում» ֆիլմի ցուցադրությունը:

Փառատոնի մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի կազմակերպիչները շեշտեցին, որ այս տարի փառատոնին մասնակցության ավելի քան 350 լիամետրաժ ու կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի հայտ է ներկայացվել աշխարհի ամենատարբեր երկրներից: Դրանցից ընտրվել է ավելի քան 100 ֆիլմ, որոնք էլ փառատոնի հիմնական 5 անվանակարգերում հոկտեմբերի 24-29 ընկած ժամանակահատվածում կցուցադրվեն տարբեր հարթականերում:

Փառատոնի կազմակերպիչները շեշտում են, որ ունիկալ, եզակի ֆիլմեր դիտելու հնարավորություն ունի մեր հանդիսատեսն այս փառատոնի շրջանակներում:

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատումի արվեստի փառատոնի հիմնադիր նախագահ, ծնունդով սիրիահայ Վրեժ Քասունին ասաց․ - «Կրկին լիամետրաժ, կարճամետրաժ, հեռուստատեսային, ավարտական և երաժշտական անիմացիոն ֆիլմեր, որոնց մեջ ընդգրկված են աշխարհի ամենավերջին ֆիլմերը»:

«Ազատության» հարցին, թե այս տարիների ընթացքում ինչ չափով է փառատոնը նպաստել Հայաստանում ոլորտի զարգացմանը, ինչ արդյունքներ են գրանցել այս առումով, Վրեժ Քասունին արձագանքեց․ - «Վիճակը շատ լավ է: ԹՈւՄՈ-ում կա խումբ, որոնք աշխատում են, զարգացնում են, սերունդ կա, որ հզոր, լավ գիծ ունեն, ասելիք ունեն: Եթե, ասենք, տասը տարի առաջ ինչ ունեինք և այսօր՝ 2019-ին ինչ ունենք, հսկայական բանակ ունենք, որոնք արդեն կամաց-կամաց արտադրում են»:

Անդրադառնալով ֆինանսական կողմին՝ Քասունին ասաց․ - «Եթե միշտ նվնվանք, ասենք, որ ֆինանս չկա, ոչ մեկը բան չի անի: Ինչո՞ւ ենք մենք հիմնականում նոր սերունդ ասում: Որովհետև իրենք ներուժ ունեն, ասելիք ունեն՝ նոր, թարմ: Բացի այդ «լոու բըդջեթ» հասկացողությունը կա ամեն ինչի մեջ: Չէ՞ որ ֆինանսը արդյունք է տալիս, որակ է տալիս, բայց առաջնայինը մեր միտքն է և տաղանդն է: Դժգոհում ենք, որ արտադրություն չունենք, բայց շատ կարևոր բանի վրա ենք աշխատել վերջին տասնմեկ տարին՝ զարգացնել տաղանդները և շնորհքները առաջ բերել: Որովհետև պատկերացրեք՝ լիքը փող ունենանք, բայց արտադրող և իրականացնող չլինի»:
Անվանի կինոգործիչներից բաղկացած փառատոնի միջազգային ժյուրին փառատոնի հաղթած ֆիլմերի համար մրցանակներ կհանձնի փառատոնի փակման օրը:

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր, կիրականացվի նաև հյոբելյանական հատուկ ծրագիր՝ նվիրված մեր անվանի, վաստակաշատ ռեժիսորներ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 95 և Արման Մանարյանի ծննդյան 90-րդ տարեդարձներին:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնը համագործակցում է Երևանում գործող մի շարք դեսպանատների, նաև Եվրամիության գրասենյակի հետ, որոնց աջակցությամբ էլ փառատոնի ընթացքում մի շարք ուշագրավ ֆիլմեր կցուցադրվեն: Օրինակ, Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ կցուցադրվի Հյու Վելշմանի հանրահայտ «Վան Գոգի կրքերը» խորագրով ֆիլմը, իսկ Հյու Վելշմանը վարպետության դաս կանցկացնի:

Միացյալ Նահանգների դեսպանության աջակցությամբ այս օրերին Հայաստան կժամանի անվանի նկարիչ, անիմատոր Դեշ Շոուն իր կնոջ՝ անիմատոր Ջեյն Սամբորսկու հետ:

«Երրորդ հյուրը ամերիկյան դեսպանության աջակցությամբ իմ համար շատ կարևոր է, մանավանդ այս օրերին, երբ Սիրիան նորից ռմբակոծվում է: Իմ մանկության ընկերը՝ Գևորգ Մուրադ, գեղանկարիչ նաև՝ ամերիկահայ մեր հայրենակից կինոռեժիսոր, որը անում է աշխարհի մեծագույն նկարիչների հետ փերֆորմանսներ՝ նվագելու ժամանակ զուգահեռ նկարում է: Ինքը, առաջին անգամը լինելով, Գերմանիայի գեղանկարիչ Գևորգ Մուրադը: Ինքը մեկ այլ սիրիացի ռեժիսորի հետ իրականացրեց Սիրիային նվիրված մի ֆիլմ, որը կոչվում է «Սիրիայի չորս եղանակները»: Այդ ֆիլմը ներկայացնելու ենք փառատոնի ժամանակ, և ֆիլմում իր նկարած հսկայական ֆոնային պատկերները ցուցադրվելու են․ ցուցահանդես և կինո միատեղ: Ու սրանից հետո գնալու է տարբեր երկրներ և ցուցադրվելու է նույն ֆորմատով»:

Փառատոնի շրջանակներում շատ ուշագրավ ծրագրեր և վարպետության դասեր կիրականացվեն նաև Ֆրանսիայի դեսպանության և Գյոթե կենտրոնի հետ համագործակցության համագործակցության շնորհիվ:

Այս տարի Կրթության, գիտության,մշակույթի , սպորտի նախարարությունը փառատոնի իրականացման համար կազմակերպիչներին 9 մլն դրամ է հատկացրել: Վրեժ Քասունին շեշտեց, որ նման գումար իրենք երբեք չեն ստացել նախարարությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG