Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահը համատեղ հռչակագիր են ստորագրել


Լուսանկարը՝ Արցախի ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ Արցախի ԱԳՆ լրատվականի

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն համատեղ հռչակագիր են ստորագրել:

Երևանում կայացած հանդիպման արդյունքներով ստորագրված հռչակագրում մասնավորապես նշվում է, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը խոչընդոտում է նրա կողմից իր հիմնարար իրավունքների և ազատությունների իրացումն ու հակասում ազատության, հավասարության և համագործակցության ոգուն, առանց որոնց տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատումն անհնար է, ասված է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության այսօր տարածած հաղորդագրությունում:

Կողմերն ընդգծում են միջազգային համագործակցության կարևորությունը՝ ժողովուրդների միջև խաղաղ հարաբերությունների և բարեկամության զարգացման, լայնախոհության և հանդուրժողականության, ինչպես նաև տնտեսական բարգավաճման խթանման տեսանկյունից։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ հռչակագրում համոզմունք է արտահայտված, որ Արցախի իշխանությունների վերստին ներգրավումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին առավել բարենպաստ պայմաններ կստեղծի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման համար, ասված է հաղորդագրությունում:

Հռչակագրին միացել են նաև Օվերն-Ռոն-Ալպ շրջանի մի շարք քաղաքների քաղաքապետեր։

Հանդիպման ժամանակ Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները՝ մասնավորապես կարևորելով օտարերկրյա պետությունների վարչատարածքային միավորների հետ համագործակցության հաստատումը:

Օվերն-Ռոն-Ալպը Ֆրանսիայի 18 շրջաններից մեկն է, որը գտնվում է երկրի հարավ-արևելյան մասում։ Շրջանն ունի 7,8 միլիոն բնակիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG