Մատչելիության հղումներ

Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակներն ապամոնտաժվում են


Հրդեհի, մետրոյի վթարի, կամ որևէ արտակարգ իրավիճակի ժամանակ, օրինակ, մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող գետնանցումից դուրս գալը, ըստ Արաբկիր վարչական շրջանի պաշտոնյաների, գրեթե անհնար կլինի:

Հենց այս հիմնավորմամբ են քանդվում գետնանցումի աստիճանների վրա կառուցված կրպակները:

Գետնանցումում կա 130-ից ավելի կրպակ, 20-ից ավելին արդեն քանդվել է: Պաշտոնական պնդումներով, դրանք կառուցվել են քաղաքաշինական նորմերի խախտումներով, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը եզրակացրել է, որ անվտանգության ոչ մի նորմ պահպանված չէ:

Այս մասին նաև անցորդներն են խոսում՝ ընդգծելով, որ թափթփված տեսքը պետք է վերացվի:

Մետրոյի այս կայարանը մտնելու համար պետք է անցնել գետնանցումով, բայց, պետք է անպայման գլուխդ կախես, որպեսզի չհարվածես օդափոխման համակարգի խողովակներին, բաց հոսանքալարերին: Իսկ հենց աստիճաններին կառուցված կրպակները կիսով չափ նեղացրել են աստիճանների անցանելի հատվածը:

Կրպակներից մեկի ենթավարձակալը տեսախցիկի առաջ չերևալու պայմանով ասաց, թե ժամանակին իր 3,5 քառակուսի մետրի համար վճարել է 10 հազար 500 դրամ ու աշխատել է: Եվ ոչ ոք չի ասել, որ խախտումներ կան, բայց հիմա, եթե կա խախտում, դեմ չէ, որ քանդեն:

Գետնանցումում առևտրով զբաղվողները հիմնականում խուսափում էին տեսախցիկի առաջ խոսել, բայց ասում էին, թե լուրեր ունեն, որ այդտեղ ամենաշատ կրպակներ ունեցողը Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կամ նրա հետ փոխկապակցված անձն է, որն արտոնյալ կարգավիճակ ունի: Իսկ ՍՊԸ-ն, նրանց փոխանցմամբ, կոչվում է «Բիզնես Պրոգրես»:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային կայքում, սակայն, այս ՍՊԸ-ի դիմաց հասարակությանն անհայտ երեք անձանց անուն էր, ու դրանց շարքում չկար Վաչագան Ղազարյանի անունը:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Կարապետյանն Ազատությանն» ասաց՝ այո, «Բիզնես Պրոգրես» ընկերությունն այդ այդ գետնացումում մոտ 183 քառակուսի մետր տարածք է վարձակալել, ունի 26 կրպակ, որոնցից 16-ն արդեն ապամոտնաժվել է:

Վարչական շրջանի երկարամյա պաշտոնյան վստահեցնում է, որ չգիտի թե ով է այդ ընկերության սեփականատերը․ ինքը գործ ունի փաստաթղթերի հետ, որտեղ վարձակալների անուններն են:

Մետրոյի անցումում 1 քառակուսի մետրի դիմաց վարձակալները վճարել են 3-4 հազար դրամ ու ենթավարձակալության հանձնել ավելի բարձր գներով:

Պաշտոնյան ասում է, որ բոլոր վարձակալները նույն պայմաններով են տարածքներ վարձակալել, և նրանցից որևէ մեկի պայմանագրում ԱԻՆ-ի կարծիքը չի եղել:

Ի դեպ, վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանն «Ազատության» հետ զրույցում նախկինում նշել էր, որ Լամբադա կամուրջի ստորին աստիճանավանդակի հատվածի վարձակալը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանին պատկանող ընկերությունն է: Դանիելյանն ասել էր, որ այդ հատվածի մի փոքր անկյունում տարիներ շարունակ ամսական 67 հազար դրամով գործել է այդ ընկերությանը պատկանող ավտոլվացման կետն ու կուտակել շուրջ 55 մլն դրամի պարտք:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետն ասաց, որ թեև պարտքը մարվել է, բայց արդեն ծանուցել են Սարգսյանին, որ պայամնագիրը դադարեցվելու է․ - «Ժամկետը լրացել է, մենք այլևս չենք ուզում շարունակել: Բացի դրանից, պայմանագրի մեջ կետ կա․ եթե վարձակալը երեք ամիս ուշացնում է վարձավճարի գումարները, Երևան համայնքը իրավունք ունի դիմելու ու լուծելու պայմանագիրը: Այսպես թե այնպես, այդ կետերը խախտված են: Բացի դրանից, խախտված է նաև բարեկարգման հետ կապված կետը»:

«Այնպես չէ, որ միայն քանդում ենք, նաև կառուցում ենք», - ասում է Գեղամ Կարապետյանը՝ մատնանշելով
Հրաչյա Քոչարից մինչև Նաիրի Զարյան և Վրացական խաչմերուկ հասնող հատվածներում 500 մետր երկարությամբ կառուցվող նոր մայթերը:

Նա ասաց, թե 20 տարուց ավելի այդ մայթերը զավթված են եղել ու անանցանելի հետիոտների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG