Մատչելիության հղումներ

Առաջարկվում է օրենքով սահմանափակել ջրառը Սևանա լճից


Վարազդատ Կարապետյանը «Ազատության» տաղավարում:
Վարազդատ Կարապետյանը «Ազատության» տաղավարում:

Ազգային ժողովի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը («Իմ քայլը») առաջարկում է օրենքով սահմանափակել Սևանից ջրառը:

Ըստ առաջարկվող նախագծի, տարեկան 170 միլիոն խորանարդ մետրը այն սահմանն է, որը չպետք է գերազանցվի:

Թեև գործող օրենքով առավելագույն ջրառը սահմանված է հենց 170 միլիոն խորանարդ մետր, սակայն կառավարությունը վերջին տարիներին, հատկապես 2012 թվականից սկսած, շատ հաճախ է այս առավելագույն չափաքանակից ավելի ջրառ իրականացրել և առանձին տարիների բաց թողել մինչև 350 միլիոն խորանարդ մետր ջուր:

«Կարծում եմ, որ այդ 350 միլիոն խորանարդ մետրը իրականում մեր ժողովրդի հարստության նկատմամբ ոտնձգություն է եղել, և սա հանցագործություն է ժողովրդի սեփականության նկատմամբ», - ասաց Կարապետյանը:

Այս օրինագիծը, ըստ պատգամավորի, պետք է շատ խիստ սահման դնի կառավարության առջև՝ անկախ եղանակից, 170 միլիոն խորանարդ մետրից ոչ մի կաթիլ ավելի ջուր չվերցնել Սևանից․ - «Մենք չենք կարող Սևանը դիտարկել որպես միայն ջրի պաշար, որտեղից հենց որ նեղվում ենք, հնարավորություն ունենանք ավել ջրառ իրականացնել: Մենք պետք է հիշենք, որ նորմալ ջրառը Սևանից 50-60 միլիոն խորանարդ մետր է: Այսինքն այդ 170 միլիոնն արդեն հաշվի է առնում իր մեջ, որ Արարատյան դաշտում ոռոգման ջրի պահանջ կա, որը պետք է Սևանով բավարարվի»:

Արտակարգ իրավիճակների համար կառավարությունը ամեն դեպքում հավելյալ ջրառ կատարելու համար դիմելու հնարավորություն կունենա, սակայն դրա համար պետք է առանձին օրինագիծ ներկայացնի խորհրդարան:

«Ես կողմ կլինեի, որ մենք ընդհանրապես Սահմանադրությամբ արգելեինք, որ այդ հնարավորությունը կառավարությունը չունենար, բայց այս պահին կառավարությունը կշարունակի ունենալ նման հնարավորություն», - նշեց Վարազդատ Կարապետյանը:

Արդյո՞ք կան հաշվարկներ, թե ինչ հետևանքներ կունանա Սեևանում ջրի մակարդակի բարձրացումը, ինչ ճանապարհներ ու հասարակական օբյեկտներ ջրածածկ կլինեն:

Վարազդատ Կարապետյան․ - «Մարտունի - Վարդենիս հատվածի ճանապարհի մոտավորապես 20 կիլոմետր հատված առաջիկա հինգ տարիների ընթացքում ջրածածկ կլինի: Որպեսզի մենք չսպասենք, մինչև ջուրը գա, մարդկանց կյանքը բարդանա, հետո սկսենք նոր ճանապարհ կառուցել, մենք այդ գործողությունները պետք է անենք հիմա, պլանավորենք հիմա և իրականացնենք 2020 թվականից սկսած»:

Որոշ պատգամավորներ հարց բարձրացրին՝ իսկ ինչպե՞ս լուծել ջրի հարցը գյուղացիների համար, Արարատյան դաշտի բերքը չեն կարող վտանգել:

Շովինար Վարդանյան («Իմ քայլը»)․ - «Հիմա մենք սահմանափակում ենք այս գործիքը՝ առանց հաշվի առնելու այն տնտեսական, աղետ չասեմ, բայց հնարավոր վատ ազդեցությունները»:

Սևանից լրացուցիչ ջրառը, Վարազդատ Կարապետյանի խոսքով, ոռոգման հարցը առանձնապես չի լուծում, վերցված լրացուցիչ ջուրը չի գնացել ոռոգման նպատակների համար․ - «Ինչքան այդ ջուրը շատ է, այդքան այդ հիդրոէլեկտրակայաններն ավելի շատ հոսանք են արտադրում: Եվ ցավոք սրտի, այդ 170-ից մինչև 350 հասցնելը, այս ավել մասը ոչ թե պետք է եղել ոռոգման համար, այլ պետք է եղել այդ հիդրոէլեկտրակայաններին՝ հոսանք արտադրելու համար»:

Բացի այս, բաց թողնվող ջուրը ահռելի կորուստներ է ունենում ճանապարհին: Իրակա՞ն են այդ կորուստները, թե՞ դրանք ձեւակերպվում են որպես կորուստ․ դա էլ, ըստ Կարապետյանի, մեծ հարց է և քննության առարկա։

Նա ասաց, թե ոռոգման ջրի հարցը մշտապես հնարավորություն կա լուծել պոմպերի օգնությամբ․ - «Ջրային տնտեսության պետական կոմիտեն միշտ այդ հնարավորությունը ունի՝ խորքային հորերով լրացուցիչ ջրառի հնարավորությունը կանխել»:

Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանն արձագանքեց, թե պոմպեր միացնելու դեպքում հոսանքի ծախսն է շատանում․ - «Այդ երեք միլիոն խորանարդը, որ մենք հիմա վերցնում ենք ոռոգման սեզոնի այս վերջին փուլի համար, եթե մենք դա մղեինք պոմպերով, ես հնչեցնեմ թիվը՝ դա մոտավոր պետք է լինեն 35 միլիոն դրամի հոսանք: Իսկ այդ 3 միլիոն խորանարդ ջուրը ընդամենը 0,3 սանտիմետր է մակարդակի բարձրացման հետ կապված»:

Վարազդատ Կարապետյանը հակադարձեց․ - «Կորուստների հետ կապված․ հասնում է մինչև 70 տոկոսի տարբեր վայրերում: Դա նշանակում է, որ այդ 3 միլիոն խորանարդը, որ դուք հիմա Սևանից վերցրել եք, դրանից 1 միլիոնն ա հասնելու: Եվ դա համեմատում եք 35 միլիոն դրամի հետ: Դա նշանակում է, որ այդ 1 միլիոնը եթե հենց արտերի կողքից հանվեր, 10 միլիոն կնստեր հոսանքի ծախսը»:

«Իմ քայլը» խմբակցությունից Վիկտոր Ենգիբարյանը պատկերավոր համեմատություն արեց․ - «Սևանը դիտարկել որպես ջրամբար նույնն է, որ մենք անտառների մասին խոսենք միայն փայտահատության կոնտեքստում, կամ սոցիալական խնդիրներ լուծելու համար ասենք՝ ժողովուրդ ջան, գնացեք բանկերը թալանեք, որ սոցիալական խնդիրներ չունենաք: Սա լուծում չի»:

«Կառավարությունը դեմ է արտահայտվել նախագծին», - հայտարարեց Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը՝ հավելելով․ - «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բավարար հիմնավորված չէ այս հիմնավորումներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG