Մատչելիության հղումներ

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող անչափահասի մայրը որդուն դանակահարել է «դաստիարակչական» նպատակով


Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան 38-ամյա Տիգրան Առաքելյանի սպանության, ոստիկանների վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել երկու եղբայրներին ՝ 16-ամյա Հրաչ ու 18-ամյա Սարգիս Գալստյաններին:

Մահացու կրակոցն արձակել է անչափահաս Հրաչ Գալստյանը: Նա հիմա «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է, եղբայրը՝ «Արմավիր»-ում:

Պռոշյան գյուղում եղածը զարմանալի էլ չեն համարում ՝ տղաները աչքի էին ընկել վաղուց:

«Որ լավ մեր եղներ, լավ վերաբերվեր, չէր թողի, որ էսօր էրեխեն խալխին զարգեր, դատվեր», - «Ազատության» ասաց պռոշյանցի մի կին:

Ավելին՝ դեպքից առաջ, դեռ սեպտեմբերին ոստիկանությունը գրություն է ուղարկել համայնք, որպեսզի ընտանիքը ուշադրության կենտրոնում լինի: Այդ ժամանակ էլ Հրաչը դանակով եղբորն էր հարվածել, մայրը՝ մոխրամանով Սարգսի գլխին:

Պռոշյան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Սուսաննա Գաբրիելյանն ասաց․ - «Դեպքից մի քանի օր առաջ մենք ունեինք արտահերթ նիստ, որին հրավիրվեց ամբողջ ընտանիքը: Ոչ մեկը չներկայացավ: Այստեղ քննարկվելու էր նրանց առողջական վիճակի բարելավման հարցը»:

Սրանից էլ առաջ հանձնաժողովը հատուկ ակտով ֆիքսել է՝ նույն Հրաչը և նրա փոքր եղբայրը՝ Նորայրը մուրացկանությամբ են զբաղվում, տունն ու բակը աղբավայր են, երեխաները մատնված են անուշադրության ու վտանգ են ներկայացնում հասարակության համար: Սուսաննա Գաբրիելյանն ասում է, թե Հրաչը նաև հոգեկան խնդիրներ ուներ․ - «Տեղավորեցինք հոգեբուժարան, որտեղից նա փախուստի էր դիմել»:

Երեխաների մորը՝ Ռիտա Գալստյանին, Պռոշյանում բոլորն են ճանաչում, զբաղված է սովխոզի աղբավայրից իրեր հավաքելով: Կալանավայրում է եղել սեփական որդուն, հենց Հրաչին «դաստիարակչական» նպատակով դանակահարելու համար․ - «Երեք տարեկան խփել եմ սրտին: Տարել եմ 15 կվարտալ, իրան բուժել են, դրա համար դատվել եմ: Ասի ծակեմ, վախենա, ուրիշ անգամ չկրկնի էդ ամեն ինչը»:

Այս դեպքից հետո տղաները մանկատուն են գնացել, մայրը՝ կալանավայր, վերադարձել, պահանջել ու դատարանով հետ է վերադարձրել տղաներին: Հետոն արդեն պարզ է՝ տղաները գողություններով, մուրացկանությամբ օր են սպանել՝ մինչև սպանության գիշերը:

Հարցը կարող էր փակված համարվել, եթե Ռիտա Գալստյանը չունենար ևս երկու անչափահաս երեխաներ՝ 12-ամյա Գոհարը և 9-ամյա Նորայրը, երկուսն էլ դպրոցում չէին:

Աղջիկը մի աշխարհ լվացք ուներ:

«Էրեխեն հելնում ա առավոտ շուտ, մաքրում ա, լվում, թափում, ոնց որ մեծ կինը», - ասաց մայրը:

Պաշտոնապես երրորդ դասարանում սովորող Նորայրը խոստովանում է, որ տառերի կեսը չգիտի:

Մայրը պնդում է, թե դասի միայն այսօր չեն գնացել, քանի որ ցանկացել են եղբայրներին տեսնելու գնալ:

Ռիտան պատմում է, որ 48 հազար դրամ նպաստ էր ստանում, հիմա քանի որ երկու տղաները կալանավայրում են, կստանա 25 հազար, բայց ասում է՝ ոչինչ, աղբավայրի գտածոներով կապրեն:

Այսօրվա ուտելիքը հաց ու մակարոնն էր, սա մշտական մենյու է․ - «Իմ էրեխեն կարա սրանով ապրի: Չեմ ուզում ոչ մի տեղ էթան»:

Ռիտան մեկ ուզում, մեկ չի ուզում, որ երեխաները որևէ խնամքի հաստատություն գնան: Դեպի երկրոդ հարկ՝ բնակելի խուց տանող աստիճանները այնքան վտանգավոր են, որ մայրը ներքևում բարձ է դրել՝ եթե փոքրերը վայր ընկնեն, փրկվեն:

Հարևանները տարակուսած են, թե ինչպես են սոցիալական ծառայությունները երկու երեխաներին թողել այստեղ, հատկապես որ երկու ավագների վարքը բոլորի աչքի առաջ է եղել:

Մայրն ըստ հարևանների ՝ հիմնականում աղբավայր է մեկնում խմած, վերադառնում հարբած, հաճախ՝ հենց երեխաների հետ:

Ռիտան ասում է, թե Նորայրն ու Գոհարը մեծերի ճամփով չեն գնա: Միևնույն ժամանակ խոստովանում է, որ աղջիկն արդեն անհանգստություն ունի․ - «Մամ, ասում ա, կարո՞ղ ա ես էլ ամուսնանամ, քո նման ըլնեմ»:

Համայնքապետարանի սոցաշխատողը իրավիճակը նկարագրում է գեղեցիկ բառերով․ - «Ցավ եմ ապրում և չէի ուզենա, որ այս ծնողի կողքին մեծանան երեխաներ, որոնց մտահորիզոնը սահմանափակ է: Որովհետև նրանք ոչ մի երազանք, ոչ մի նպատակ չունեն»:

Սուսաննա Գաբրիելյանն ասում է՝ ամեն ինչ կանեն երեխաներին այդ միջավայրից հանելու համար․ - «Պետք է մենք մարզպետարան ներկայացնենք, և ոստիկանության հետ գանք եզրակացության, նրանք էլ ընդունեն և տան դատարան, որ կարողանանք երեխաներին տեղավորենք որևէ հաստատություն»:

«Երեխաների հեռու լինելը անհարմար կլինի», - համաձայն չէ Ռիտան: - «Պըտի գնամ, տենամ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG