Մատչելիության հղումներ

Ինչպես նախկին իշխանությունների օրոք, այնպես էլ հիմա իրավապահ մարմինների կողմից ճնշումների ենք ենթարկվում. «Ժողովուրդ»-ի լրագրող


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը համարում է, որ հետխորհրդային Հայաստանում լրատվամիջոցները երբեք այս աստիճան ազատ չեն եղել իշխանության ճնշումներից կամ միջամտություններից, քան այսօր:

«Այդ հեռախոսային կամ այլ տեսակի ճնշումները, նախազգուշացումները, միջամտությունները խմբագրական քաղաքականությանը դադարել են: Եվ եթե որևէ մի խմբագրություն իսկապես բախվի այդպիսի մի սահմանափակման կան ճնշման, ես կոչ եմ անում բարձրաձայնել դա», - ասաց Մելիքյանը

Մինչդեռ «Ժողովուրդ» թերթի լրագրող Քնար Մանուկյանը բոլորին հրավիրում է իրենց խմբագրություն՝ տեսնելու, թե ինչպես են աշխատում։ Մանուկյանն ասում է, թե ինչպես նախկին իշխանությունների օրոք, այնպես էլ հիմա իրավապահ մարմինների կողմից ճնշումներից են ենթարկվում․ - «Հրապարակումը գնում է, մեկ էլ տեսնում ես, քննական մարմինը գրությունը ուղարկում է կամ զանգահարում է՝ ասեք աղբյուրի բացահայտումը, կամ՝ այսուհետև չհամարձակվեք գրել, թե չէ քրեական գործ կհարուցենք: Նյութը հրապարակվում է, լրագրողը խոսում է, լրագրողը փաստերով ներկայացնում է, հրապարակում է հայտնի գործով, նախաքննությունը ավարտված վիճակում, ցուցմունքներ է հրապարակում, նախաքննական մարմինը մեկ էլ հաջորդ օրը գրությունը գալիս է՝ ասեք ով է լրագրողը, երբ է հրապարակել և ով է տվել տեղեկությունը լրագրողին: Երբ գրությանը պաշտոնապես ասում ես, որ մենք ձեզ պատրաստ ենք գրավոր պատասխանել կամ ձեր էլեկտրոնային տարբերակին պատրաստ ենք գրավոր պատասխանել, ոչ: Նախաքննական մարմինը նախընտրում է ևս մեկ անգամ լրագրողին հարցաքննել, այդ բոլոր հարցերի պատասխանը ստանալ լրագրողից: Այսինքն մեր լրագրողները պետք է բան ու գործը թողեն, ամբողջ օրը քննչական մարմինների համար աղբյուրի բացահայտման հայտնի տողը գրեն՝ մենք չենք պատրաստվում երբեք աղբյուր բացահայտել: Պնդում եմ՝ առանձնապես տարբերություն չեմ տեսնում նախկին և ներկայիս իշխանությունների՝ լրատվամիջոցների գործունեության մասով գործելաոճի մեջ։ Միակ տարբերությունը նրանում է, որ մինչ այժմ մեր լրագրողներից որևէ մեկը բերման չի ենթարկվել: Նախորդ իշխանությունների ժամանակ մենք օրինակ ունեցանք»:

«Առավոտ» թերթի և կայքի գլխավոր խմբագիր, հեռուստամեկնաբան Արամ Աբրահամյանը կարծում է, որ խոսքի ազատության զգալի առաջընթաց կա։ Նրա խոսքով, նախկինում ճնշումները հիմնականում եղել են հեռուստաընկերությունների վրա: Օրինակ, թե ինչպես պետք է լինի լրատվական թողարկման բովանդակությունը, նախագահի ռեպորտաժը պետք է լինի առաջին տեղում և այլն, հակառակ դեպքում՝ հեռուստաընկերությունը խնդիր կունենա։ Այս ամենը, ըստ մեկնաբանի, այսօր չկա։

Միևնույն ժամանակ Աբրահամյանը նկատում է․ - «Սեփականատերերը շարունակում են լինել մեծահարուստ մարդիկ, որոնք, մեծահարուստ լինելով, իհարկե շարունակում են կախված լինել իշխանությունից: Եվ եթե նույնիսկ նրանց ուղղակի չի ասվում փակել այս կամ այն հաղորդումը, ապա նրանք, մտավախություն ունենալով, որ նրանց գլխին կգա հարկայինը կամ ԱԱԾ-ն, որ նրանց կստուգեն և այլն, նրանք իհարկե զգուշանում են բոլոր դեպքերում շատ խիստ քննադատությունը եթեր տալուց: Դա շարունակվում է, պետք է ազնիվ խոստովանել: եվ կարծում եմ, «Հայելու առաջ» հաղորդման փակումը պայմանավորված է հենց այս խնդիրներով»:

XS
SM
MD
LG