Մատչելիության հղումներ

Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնները քաղաքական դարձնելու գործընթացը հետաձգվում է առնվազն երկու շաբաթով


Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած այդ օրինագծի երկրորդ ընթերցումն էր: Առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծին իշխող «Իմ քայլը» խմբակցությունն այսօր առաջարկեց դեմ քվեարկել, որպեսզի կարողանան առաջարկներ ներկայացնել ու փոփոխություններ կատարել նաև հարակից օրենքներում:

«Մենք վերադառնանք երկրորդ ընթերցման առաջարկների ներկայացման փուլ, սա մեզ կտա ևս լրացուցիչ երկու շաբաթ, որպեսզի մենք կարողանանք համալրենք, հստակեցնենք նախագիծը, և դրանից ելնելով, արդեն Ազգային ժողովի լիագումար նիստին արդեն ներկայացնենք լրամշակած տարբերակ», - հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած օրինագծով առաջարկվում է փոխել գործող կարգը, որի համաձայն ԱԱԾ տնօրենը և ոստիկանապետը պետք է համակարգում աշխատանքի տարիների փորձ ունենան, և այդ պաշտոնների հավակնորդների համար դնել նույն այն պայմանները, ինչ պատգամավորի թեկնածուի համար:

«Բարգավաճ Հայաստանը» գրավոր առաջարկել էր ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի թեկնածուին առաջադրվող պայմաններում ավելացնել նաև աշխատանքային որոշակի ստաժ, սակայն Էդմոն Մարուքյանն ասում է, որ այդ առաջարկը չեն ներառել, քանի որ այն «հակասում է փոփոխությունների ոգուն»: Փոխարենը ընդունել են ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի տեղակալների վերաբերյալ կառավարության առաջարկը, որոնց նշանակման ընթացակարգը ևս առաջարկվում է ազատականացնել՝ պայմանով, որ թեկնածուն ունենա իրավաբանական բարձրագույն կրթություն և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։

Համակարգից լինելու պահանջ տեղակալների վերաբերյալ չի գործելու՝ միայն մեկ բացառությամբ․ - «Բացի Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալի, որը հակահետախուզության գործառույթ պետք է իրականացնի» (Էդմոն Մարուքյան):

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանն իր ելույթում տարակուսեց՝ մի՞թե համակարգում հնարավոր չէ գտնել պրոֆեսիոնալ, ոչ կոռումպացված և խելացի կադրեր․ - «Իսկ ո՞վ է ասել, որ 25 տարեկանը կարող է ազգային անվտանգության համակարգը ղեկավարել: Ինձ որ մնա, ես 30 տարեկանին էլ չեմ վերապահի: Մեր երկիրը բազմաթիվ ներքին, արտաքին մարտահրավերներ ունի ազգային անվտանգության, իրավական անվտանգության ոլորտում: Մենք փոխանակ էդ պրոֆեսիոնալիզմի սկզբունքը խորացնենք, ասում ենք թող դրսից մեկը գա, որովհետև ներսում վստահելի չեն կադրերը: Ասում են՝ էնտեղ կոռումպացված կադրեր կան: Բա լավ, էդ համակարգի մեջ չկոռումպացված պրոֆեսիոնալ մարդ չկա՞: Նման մոտեցման դեպքում, երբ որ մենք համակարգը թույլ ենք տալիս ղեկավարի համակարգում չաշխատած մարդ, մենք սրանով նաև վիրավորում ենք այդ համակարգում իրենց կյանքը մաշած մասնագետ կադրերին»:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծիք հայտնեց, թե այս փոփոխություններով ոստիկանությունն ու ԱԱԾ-ն տարվում են դեպի համակարգերի ավտորիտարացում, և քաղաքական դարձնելով նշանակումները, չի ապահովվում փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմը։

Բաբաջանյանի խոսքով՝ Զինված ուժերում գործող հաջողված մոդել կա, ինչո՞ւ չգնալ իրեն արդարացրած այդ ճանապարհով, կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարել, համապատասխան նախարարություններ ստեղծել, իսկ ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարները լինեն մասնագետներ, համակարգի ներկայացուցիչներ․ - «Կառուցվածքային առումով դա հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, երբ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը ստանան նախարարության կարգավիճակ, դրանց ղեկավարները նշանակվեն իշխող քաղաքական ուժի մեծամասնության կողմից, բայց միևնույն ժամանակ ոստիկանապետն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրենը շարունակեն պաշտոնավարել որպես պրոֆեսիոնալներ»:

Էդմոն մարուքյանը շեշտեց, թե իհարկե լավ կլիներ ավելի գլոբալ փոփոխություններ կատարել, ստեղծել նախարարություններ, կամ Սահմանադրության փոփոխություններով Ազգային անվտանգության կոմիտե, որի ղեկավարին կընտրի խորհրդարանը, ինչպես որ ընտրում են Գլխավոր դատախազին: Սակայն քանի որ նախարարությունների տարբերակը մերժվել է, իսկ սահմանադրական փոփոխությունները երկար կտևեն, ընտրվել է միջանկյալ ժամանակավոր տարբերակ, որը արտացոլված է այս օրենսդրական նախաձեռնությունում:

«Այս լուծումը ժամանակավոր, միջանկյալ լուծում է՝ հիմա ավելի արդյունավետ կոռուպցիայի դեմ պայքար մղելու և համակարգերը բարեփոխելու համար: Այլ տարբերակ, ներսից պաշտոնները նշանակելով բարեփոխելու, տարի ու կեսը ցույց տվեց, որ չի գործելու: Հիմա եկել ենք մի իրավիճակի, որ վաղը քաղաքական մեծամասնությունը պետք է դեմ քվեարկի, որ ետ գնանք առաջինից երկրորդ ընթերցման կարգավիճակ: Մենք պատրաստ ենք դրան: Եվս երկու շաբաթ ստանանք, էլի տվեք գրավոր առաջարկներ, էլի քննարկենք, բայց այս խնդիրը չլուծելու այլընտրանք չունենք հիմա», - ասաց Մարուքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG